«Հայաստանի բնաշխարհը» Ընտանեկան հանրագիտարան․ մատենաշարի վերջին՝ երրորդ գիրքն է: Այն գիտաճանաչողական հանրագիտարան է հայրենի բնաշխարհի, նրա ֆիզիկաաշխարհագրական պայմանների, երկրաբանական կառուցվածքի, մակերևույթի ձևերի, լեռնային համակարգի բաղադրիչների, օգտակար հանածոների, բուսական և կենդանական աշխարհի, էկոլոգիայի, բնօգտագործման ու բնապահպանական խնդիրների մասին: Հայկական լեռնաշխարհը բնական պայմանների յուրօրինակությամբ ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր է: «Ոչ մի տեղ բնությունը չի ստեղծել նման վիթխարի մասշտաբներ, նրա ոչ մի ստեղծագործության մեջ չկա ըմբռնման ավելի մեծ միասնություն, առավել ներդաշնակ պատկեր, առավել վեհապանծ շրջատարածք...» - գրել է անգլիացի ճանապարհորդ ու պետական գործիչ Հենրի Լինչը Արարատ լեռան մասին: Հայկական լեռնաշխարհը հայ ժողովրդի բնօրանն է և ժամանակակից մարդու ծագման ու ձևավորման օջախներից մեկը: Մեր նախնիներն այստեղ հայտնվել են գրեթե 1 մլն տարի առաջ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 10-15 հզ. տարի առաջ նրանք անցել են նստակյաց կյանքի և զբաղվել երկրագործությամբ, անասնապահությամբ, ստեղծել մշտական բնակատեղիներ: Պատմական Հայաստանի սահմանները հաճախ են փոփոխվել, սակայն նրա կենտրոնական հատվածը՝ Հայկական բարձրավանդակը, մինչև Մեծ եղեռնը հիմնականում եղել է հայաբնակ: Վարկածներից մեկի համաձայն՝ աստվածաշնչյան դրախտի տեղադիրքը համապատասխանում է Հայկական բարձրավանդակին, որտեղից սկիզբ են առնում դրախտի 4 գետերը: Աստվածաշնչում սուրբ է համարվում Արարատը՝ Նոյյան տապանի հանգրվանը՝ որպես Համաշխարհային ջրհեղեղից հետո կյանքի վերածննդի խորհրդանիշ: Հայաստանի պատմաաշխարհագրական տեղանունների հիշատակություններ կան V դարի մեր պատմիչների գործերում: Այս բնագավառի համակարգված առաջին գործերից են Աբրահամ Կոստանդնուպոլսեցու «Պատմութիւն անասնոց և գազանաց, չորքոտանեաց...», Ղևոնդ Ալիշանի «Այրարատ», «Սիսւան», «Շիրակ», «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» աշխատությունները: Վերջին ժամանակների գործերից հիշատակելի են Ա. Գ. Տեր-Պողոսյանի «Բիոլոգիական մտքի զարգացումը Հայաստանում (հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարը)» աշխատությունը, Հայաստանի բուսական ու կենդանական աշխարհների մասին ակադեմիական բազմահատորյա հրատարակությունները, հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքերը և այլն: Սակայն «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանը, ըստ էության, բնաշխարհը գիտաճանաչողական առումով ամբողջական ու համակողմանի ներկայացնելու առաջին փորձն է: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների և Հարավկովկասյան ու Միջագետքի հարթավայրերի միջև՝ զբաղեցնելով մոտ 400 հզ. կմ² տարածք: Լեռնաշխարհի ընդամենը մի փոքր մասն են կազմում Հայաստանի Հանրապետությունը (տարածքը՝ 29,743 հզ. կմ²) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (տարածքը՝ 10,1 հզ. կմ²): Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է, ՀՀ-ում՝ 1830 մ: Համեմատաբար հարթ մակերևույթ ունեցող տարածությունները կազմում են հանրապետության տարածքի 20%-ը, իսկ զառիթափ լանջերն ու դարափոսերը՝ ավելի քան 40%-ը: ՀՀ տարածքի ամենաբարձր կետը Արագած լեռն է՝ 4090 մ, ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանում՝ 375 մ, ԼՂՀ-ում՝ համապատասխանաբար՝ 3724 մ և 112 մ:
Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/5
Այս էջը սրբագրված է