Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/51

Այս էջը սրբագրված է

Փամբակի գոգավորությունը և դրանք բաժանող Բազումի լեռնաշղթան, Լալվար (2544 մ), Լեջան (2527 մ) լեռնազանգվածները, Լոռու ձորը՝ Դեբեդի (խոր.՝ մինչև 300 մ) ու Գայլաձորի կիրճերով, և Ձորագետի կանիոնակերպ հովիտը: Լեռնանցքները ավելի քան 2000 մ բարձր, վրա են: Սպիտակի լեռնանցքով (բարձր.՝ 2378 մ) շրջանը կապվում է Արարատյան ֆիզիկաաշխարհագր. շրջանին, Պուշկինի լեռնանցքով (բարձր.՝2038 մ) Լոռու դաշտը՝ Փամբակի գոգավորությանը: Կան բազմամետաղների, պղնձի, կաոլինային ապարների, շինանյութերի, բարիտի, գիպսի, կրաքարի, հանք, և արտեզյան ջրերի (Լոռու արտեզյան ավազան) պաշարներ:

Շրջանին բնորոշ է վերընթաց գոտիականությունը: Կլիման բարեխառն է, չափավոր խոնավ, արևափայլքի տարեկան միջին տևողությունը՝ ավելի քան 2000 ժ (Վանաձոր), անարև օրերի թիվը՝ 43: Նախալեռն, գոտում ձմեռը կարճատև է, մեղմ, բարձրադիր գոտում՝ տևական՝ ցուրտ եղանակների գերակշռությամբ, հաստատուն ձնածածկույթով: Հունվարի միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում -6°C է, բարձրադիրում՝ -12°C (նվազագույնը՝ -42°C), հուլիսինը համապատասխանաբար՝ 23°C (առավելագույնը՝ 40°C) և 10°C: Տարեկան տեղումները 400-800 մմ են, անսառնամանիք օրերի թիվը՝ 130-230: Ջրագր. ցանցը խիտ է: Տարածքում են Դեբեդը՝ Մարց, Շնող, Ախթալա, Փամբակը՝ Ջրաշեն, Չիչխան, Ձորագետը՝ Տաշիր, Լոռիգետ, Ուռուտ և այլ վտակներով: Փամբակի լեռնաշղթայի Թեժելեռան հս. լանջից սկիզբ է առնում Աղստևը: Շրջանում հերթափոխվում են չոր տափաստանային, լեռնաանտառային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային, մերձալպյան և ալպյան վերընթաց լանդշաֆտային գոտիները:

Գերակշռում են անտառային գորշ և դարչնագույն հողերը, Լոռու դաշտում՝ սևահողերը, լեռնամարգագետնատափաստանային, տեղ-տեղ՝ գետահովտաճահճային հողատիպերը: Փամբակի հովտում տիրապետողն անտառն է՝ հաճարենու և կաղնու գերակշռությամբ (հանդիպում են վայրի տանձենի, խնձորենի, ընկուզենի, սալորենի), քարափներին մասրե¬ նու, ցաքու թփուտներ են, Լոռու դաշտում՝ հացազգի տարախոտային և մարդագետնատափաստանային խմբակցությունները, հս-արլ-ում՝ գիհու նոսրանտառներ: Լոռու դաշտում կան ճահճուտներ և տորֆ:


Լեռների բարձրադիր գոտում հերթափոխում են ենթալպյան և ալպյան մարգագետնային խմբակցությունները: Շրջանն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություններ: Տարածքում են Գյուլագարակի, Մարգահովտի, Մրտավարդենու արգելավայրերը (տես Արգելավայր հոդվածում)։


Շիրակի ֆիզիկաաշխարհագրական շրշան, հիմնականում ընդգրկում է ՀՀ Շիրակի մարզի տարածքը՝ Ախուրյանի վերին և միջին հոսանքների ձախափնյա ավազանը: Եզրավորված է Եղնախաղի ու Ջավախքի լեռնաշղթաներով, Բազումի ու Փամբակի լեռնաշղթաների արմ. լանջերով, Շարայի, Արագած լեռնազանգվածներով ու Կարսի սարահարթով: Գտնվում է 1500-4090 մ բարձր-ների վրա (առավելագույնը՝ Արագած լ.)՝ ակտիվ երկրաշարժամետ գոտում: Տարածքը մոտ 2681 կմ2 է: Շրջանի հվ-ը զբաղեցնում է Շիրակի դաշտը, հս-ը՝ Աշոցքի սարահարթը, որոնք իրարից բաժանվում են Շիրակի լեռնաշղթայով։ Հվ-ում տարածվում է Թալինի սարավանդը, հս-արլ-ում՝ Շարայի լեռը: Արլ-ում Ջաջուռի (1952 մ) ու Քարախաչի (2273 մ) լեռնանցքներով շրջանը կապվում է Լոռու ֆիզիկաաշխարհագր. շրջանին: Մակերևույթն անտառազուրկ է, բնորոշ են հրաբխ. կոներն ու լավային հոսքերը: Կան շինանյութերի (տուֆ, բազալտ, պեռլիտ, անդեզիտաբագալտ, հրաբխ. խարամ) հարուստ պաշարներ, պեմզայի, գորշ ածխի, զառիկի, քրոմի, այրվող թեր- թաքարերի, կրաքարի հանքավայրեր, հանք, ու անուշահամ ջրերի պաշարներ: Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1900-ից (հս-ում) 2500 ժ է (Գյումրի): Կլիման ցուրտ լեռնային է, լավ արտահայտված վերընթաց գոտիականությամբ: Հունվարի միջին ջերմաստիճանը հս-ում -12°C է, հվ-ում՝ -6°C, հուլիսինը համապատասխանաբար՝ 12°C և 20°C (առավելագույնը՝ 36°C): Աշոցքի սարահարթում է ՀՀ ամենացուրտ վայրը՝ Պաղակն գ. (նվազագույն ջերմաստիճանը՝ -42°C): Ձմռանը կլիմայի ձևավորման վրա որոշակի է Կարսի անտիցիկլոնի ազդեցությունը: Տարվա ցուրտ ժամանակաշրջանին բնորոշ են կայուն ձնածածկույթը,