է՝ խոտաբույսԵրից: Բնադրում է ժայռերի, պատերի ճեղքերում, բնակելի տարածքներում՝ բետոնե սալերի խոռոչներում: Դնում է 22 մմ տրամագծով, բաց կապույտ 4-7 ձու: Թխսակալում է էգը, արուն պաշտպանում է բույնը և էգին: Ձագերը բնից դուրս գալուց հետո ևս 1 շաբաթ մնում են ծնողների խնամքի տակ՝ մինչև լավ թռչելու ունակություն են ձեռք բերում:
Հուլիսից սեպտեմբեր ձևավորվում են չուի պատրաստ խմբերը (20-25 թռչուն):
Այլ տեսակների համակարգում Ս.ք. որոշակի դեր ունի վնասատու բզեզների և կիսակարծրաթևների ոչնչացման գործում: Աչքի է ընկնում բավական կայուն թվաքանակով:
ՍՊԻՏԱԿ ԱՄՈՒՐ (Ctenopharyngodon idella), ծածանաձկների ընտանիքի ձուկ: Հայաստան ներմուծվել է 1960-ին (սպիտակ հաստաճակատի հետ), հետագայում պարբերաբար բազմացվել արհեստ․ ճանապարհով: Երբեմն հանդիպում է նաև Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Հրազդան գետերում ու նրանց ջրերով սնվող ջրանցքներում, որտեղ պատահականորեն ներթափանցում է ձկնային տնտեսություններից: Բնակվում է դանդաղահոս խոր գետերում ու լճերում: Ջերմասեր է:
Խոշոր ձուկ է: Մարմինն իլիկանման է, երկար.՝ 40-45 (երբեմն՝ մինչև 85) սմ, զանգվածը՝ 16 կգ և ավելի: Որովայնի վրա ողնուցը բացակայում է: Ճակատը լայն է, բերանը՝ կիսաստորին՝ առանց բեղիկների: Թեփուկները համեմատաբար խոշոր են, կողագծում՝ 42-45 հատ: Ալանային ատամները մեծ են, երկշարք՝ կողքերից սեղմված, սղոցաեզր պսակով՝ հարմարված կոշտ բուս․ սնունդը մանրելուն: Պոչային լողակը խոր կտրվածքով է: Մեջքային լողակը և հետնալողակը կարճ են՝ համապատասխանաբար՝ 10 և 11 ճառագայթներով: Մեջքը և գլխի վերին մասը մուգ կանաչից կանաչասև են, կողքերը՝ մոխրականաչավուն՝ ոսկեգույն նրբերանգով: Փորիկը սպիտակավուն է կամ դեղնավուն: Մարմնի թեփուկներից յուրաքանչյուրի արտաքին մասում կա մուգ եզրաշերտ: Լողակները մոխրագույն են: Սեռահասուն է դառնում 4-8 տարեկանում (կախված միջավայրի ջերմաստիճանից): ՀՀ բնական ջրակալներում բազմացում դեռևս չի արձանագրվել: Կարող է բազմանալ միայն ձկնաբուծարաններում՝ հատուկ պայմաններում (հատկապես բարձր ջերմաստիճանի՝ 22-26°C դեպքում): Բեղունությունը հասնում է 100-800 հզ. ձկնկիթի:
Ձկնկիթը պելագիալ է, թափանցիկ: Ձվադրման պահին տրամագիծը 1,2-1,4 մմ է, բեղմնավորվելուց հետո՝ մինչև 4,5-5,3 մմ։ Ձկնկիթի զարգացումը կարճատև է՝ 32-40 ժ։ 7 օրական թրթուրներն անցնում են ակտիվ սննդառության:
Մինչև 6-10 սմ երկարության հասնելը սնվում են պլանկտոնային կենդանիներով, այնուհետև՝ բույսերով (ջրային, մերձջրային ու ցամաքային):
ՀՀ կարպային տնտեսություններում աճեցվող ամենաբազմաքանակ ձկնատեսակներից է: Հիմնականում աճեցվում է Արարատյան դաշտի մի շարք ձկնային տնտեսություններում: Ունի արդ. մեծ նշանակություն: Կարող է օգտագործվել նաև որպես կենսբ. պայքարի միջոց՝ ջրամբարներն ավելորդ բուսակալումից մաքրելու համար, քանի որ 1 կգ քաշաճի համար Ս.ա. օգտագործում է մինչև 30-70 կգ ջրային բույսեր:
ՍՊԻՏԱԿ ԱՐԱԳԻԼ (Ciconia ciconia), արագիլների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:
Մինչև 1970-ական թթ. Ս.ա. բնադրող-չվող էր: Ձկնաբուծ. տնտեսությունների ստեղծմամբ (որպես կերի կայուն բազա) այլևս չվելու կարիք չունի:
Մարմնի երկար. 100-115 սմ է, թևերի բացվածքը՝ 155-165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ: Գլուխը, վիզը և մարմինը սպիտակ են, թափահարողները՝ սև: Կտուցը և ոտքերը կարմիր են: Երիտասարդի ոտքերը, կտուցը մոխրավարդագույն են: Օդում սավառնում է հաճախակի, թռչում է՝ վիզը ձգած, ոտքերը հետ տարածած: Կտուցի կափկափյուններով ավետում է գարնան գալը և բազմացման ժամանակը: Կեր է որոնում ծանծաղուտներում, գետերի, լճերի ափերին, ճահճուտներում: Սնվում է մանր ձկներով, երկկենցաղներով, սողուններով: Բույնը ծավալուն հարթակ է (տրամագիծը՝ 60-200 սմ)՝ ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից, մի շարք տարիներ ծառայած բույնը կարող է կշռել 200-300 կգ: Բնադրում է ծառերին, տանիքներին, էլեկտրասյուների հենակներին, աշտարակներին: Բույնը պատրաստում են արուն և էգը: Բեղմնավորվում և առաջին ձվերը հայտնվում են ապրիլի սկզբին: Դնում է 73 մմ տրամագծով, կավճագույն-սպիտակ 3-7 ձու: Թխսակալում են արուն և էգը՝ 33-34 օր: Ձագերը բնից դուրս են գալիս 55-65-րդ օրը:
Ս.ա. օժտված է վարքի դրսևորման մի շարք առանձնահատկություններով,