Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/521

Այս էջը հաստատված է

Արաքս գետի առափնյա եղեգնուտներում: Ապրում է ջրից ոչ հեռու անտառային գոտու խիտ մացառուտներում, փշոտ թփուտներում, խոնավ ճահճոտ վայրերում:

Մարմնի երկար. մինչև 2 մ է, պոչինը՝ 20-25 սմ, էգերի կենդանի զանգվածը՝ 125 կգ, արուներինը՝ 250-300 կգ: Տարբերվում է մարմնի ամուր կառուցվածքով, ավելի մեծ գլխով, սուր սեպաձև երկար դնչով: Ստորին ծնոտի 2 կողքերից դուրս են ցցված 2 սուր եռանկյունաձև ժանիքներ: Մազածածկը զարգացած է. ունի խոզան ու ենթաբուրդ: Մարմնի վերին մասը դարչնագույն է՝ տարբեր երանգներով, ձագինը՝ բաց գույնի երկայնակի շերտերով: Ամենակեր է. սնվում է անտառային պտուղներով (խնձոր, տանձ, սալոր, կաղին, հաճար, շագանակ), պալարներով, խոտաբույսերով, միջատներով, կրծողներով, սողուններով և այլն:

Ունի լավ հոտառություն ու լսողություն: Կտղուցի շրջանում (նոյեմբեր-հունվար) արուների մարմնի վրա առաջանում է կոշտուկանման ամուր գոյացություն (կալկան), որը սկսվում է պարանոցի հետին մասից և ձգվում մինչև թիակները: Կալկանի հաստ. 2-3 սմ է (պաշտպանում է հակառակորդի ժանիքների հարվածներից): Հղիությունը տևում է 3-4,5 ամիս: Ունենում է 4-8 (հազվադեպ՝ 12-16) ձագ, որոնք 7-10 օր կերակրվում են միայն կաթով, ապա 3 ամիս՝ նաև բուս. կերով: Սեռահասուն է դառնում 2 տարեկանում (և՛ արուն, և՛ էգը): Ակտիվ է գիշերը և մթնշաղին:

Վարակվում է մի շարք մակաբուծ. և վարակիչ հիվանդություններով (ֆինոզ, տրիխինելոզ): Վարակված կենդանու միսն անհրաժեշտ է վնասազերծել:

Ունի համեղ միս և ճարպ:

Համարվում է ընտանի խոզի նախահայրը: ՀՀ-ում որսն արգելված է:

ՎԱՅՐԻ ՀՆԴԿԱՀԱՎ, կասպիական ուլար (T. caspius), փասիանների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: Հանդիպում է միայն ալպյան և ենթալպյան գոտիների սահմաններում: Բնակվում է մերկ ժայռերով, քարքարոտ սարալանջերով ալպիական մարգագետիններում (2400-3900 մ բարձր-ներում):

Մարմնի երկար. 58-62 սմ է, թևերի բացվածքը՝ 95-105 սմ, կենդանի զանգվածը՝ 1,5-2,0 կգ: Կաքավանման հսկա թռչուն է: Ընդհանուր գունավորումը մոխրագույն է, թևի ծածկողները և մարմինը ներքևից՝ կարմիր-դարչնագույն, դեղին-դարչնագույն և սև մանր նախշերով: Կզակն ու կոկորդը սպիտակ են: Այտի շերտը և վզնոցը մոխրագույն են, կրծքի վերին մասը՝ կապտավուն-մոխրագույն՝ դարչնագույն նոսր պտերով: Թռչելիս թևի վրա ակնառու է սպիտակ շերտը: Էգերն ու երիտասարդներն ավելի փոքր են արուներից, գլխի և վզի դեղնավուն-դարչնագույնը՝ ավելի տարածված: Թևերը ձիգ տարածած՝ սրընթաց սահասավառնում է սարն ի վար, ապա վայրէջք կատարում անհարթ ու քարքարոտ տեղանքում (որտեղ աննկատ է), այնուհետև դանդաղ քայլքով կեր որոնելով՝ բարձրանում է սարն ի վեր: Արևի լոգանքներ է ընդունում հսկա գլաքարերի վրա: Ճանաչելի է մոտ 1 կմ հեռավորությունից լսվող բարձր, ականջ ծակող սուլոցներով: Սնվում է բույսերով (սերմեր, արմատներ, սոխուկներ):

Բնադրում է մայիսի սկզբին՝ ժայռաճեղքերում, ճիմաթմբերում: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 30- 25,5 սմ)՝ չոր խոտաբույսերից, ցամքարը՝ փետուրներից: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 10-ից, վերջինները՝ ամսվա վերջին: Դնում է 66 մմ տրամագծով, մոխրագույն-կանաչ՝ ավելի մուգ վրձնախազերով 6-9 ձու: Ձվերի արհեստ․ ինկուբացիան կազմել է 30 օր: Ձագերը բներում հայտնվում են հունիսի ընթացքում, լիարժեք թռիչքին տիրապետում հուլիս-սեպտեմբերին:

Վ.հ. օժտված է պաշտպան․ մի շարք հատկանիշներով, էգը վտանգի պահին արձակում է կլկլոցների նման ձայներ, արուն բնադրատարածքի մասին տեղյակ է պահում ականջ ծակող, տևական, ապա աստիճանաբար մարող սուլոցներով, որոնք նաև անվտանգության ազդակ են այլ կենդանիների համար:

1964-ին ՀՀ Զանգեզուրի, Բարգուշատի, Վարդենիսի, Մեղրու, Գեղամա, Փամբակի լեռնաշղթաներում, Արագածի, հշխանասարի լեռնազանգվածներում գրանցվել է 702 թռչուն:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՀԱՎԱԼՈՒՍՆ (Pelecanus onocrotalus), հավալուսների ընտանիքի թռչուն: Կլոր տարի չվահյուր է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 140-175 սմ է, թևերի բացվածքը՝ 270-260 սմ, կենդանի զանգվածը՝ 5,5-9,7 կգ: Կտուցը հսկա է՝ վառ դեղին կոկորդային պարկով, փետրածածկը հիմնականում աղոտ սպիտակ է, թափահարողները՝ սև: Բնադրման շրջանում կարճ, ցցուն փուփուլով է, դիմային մաշկը՝ վառ նարնջագույն-վարդագույն, վզի հիմքը՝ դեղնավուն հատվածով, ոտքերը՝ նարնջագույն: Երիտասարդը վերևից խամրած մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, ոտքերը՝ վարդագույն երանգով: Վ.հ-երը շրջում են երամներով. երամներն օդում հաճախակի սավառնում և պտույտներ են գործում: Կերակրվում են խմբերով՝ թևերի թափահարումներով ձկներին դեպի ծանծաղուտ քշելով: