չափով տարանջատված գլխով և համեմատաբար կարճ պոչով: Գանգի կմախքն ունի մի շարք առանձնահատկություններ: Պահպանված են կոնքի բոլոր 3 ոսկրերի և հետևի վերջույթների մնացորդները, որոնք արտաքնապես արտահայտվում են հետանցքի կողքերում տեղադրված մանր զույգ ճանկերի տեսքով: Ունեն 2 թոք. աջն ավելի երկար է: Մաշկը ծածկված է հարթ, երբեմն՝ թեթևակի կատարավոր փայլուն թեփուկներով: Որոշ տեսակների գլուխը ծածկված է մանր թեփուկներով, մյուսներինը՝ վահանիկներով: Վերին ծնոտային, ատամնային, քունքային և թևանման ոսկրերի վրա կան ատամներ (թունամուղ ատամներ չունեն): Որովայնային մակերեսը ծածկված է լայնական վահանիկների 1, համեմատաբար նեղ շարքով: Սնվում են հիմնականում տարբեր ողնաշարավորներով: Կան ձվադիր և ձվակենդանածին տեսակներ: Բնակվում են շատ տարբեր կենսավայրերում, կանգուն և հոսող ջրավազաններում, հողում, ծառերի վրա ու անապատներում և այլն:
ՏԱՌԵՂՆԵՐ (Ardeidae), արագիլանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 62, ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ եգիպտական տառեղ, դեղին տառեղ, կվակվա, շիկակարմիր տառեղ, սպիտակ փոքր տառեղ, փոքր ջրցուլ, մեծ ջրցուլ, մոխրագույն տառեղ, սպիտակ մեծ տառեղ (վերջին 2 տեսակի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի): Փետրավորումը սպիտակ է, մոխրագույն, շիկակարմիր, կտուցը երկար է կամ միջին չափի՝ սրածայր, ուղիղ, ոտքերը՝ դեղին կամ մուգ գորշ:
ՏԱՐԳԱԼԱԿՏՈՒՑ (Platalea leucorodia), իրիսների ընտանիքի թռչուն: Բնադրող֊չվող է, հազվագյուտ:
Մարմնի երկար. 80-90 սմ է, թևերի բացվածքը՝ 115-130 սմ, կենդանի զանգվածը՝ 1,7 կգ։ Կտուցը երկար է, գդալաձև: Հասունի փետրածածկը բնադրման շրջանում սպիտակ է, գլուխը՝ գզուգ փուփուլով, վզի հիմքը՝ դեղին օձիքով, կտուցը՝ սև, ծայրը՝ դեղնավուն: Հետբնադրման շրջանում փուփուլը և կրծքի դեղին հատվածը բացակայում են: Երիտասարդը նման է հետբնադրման շրջանի հասունին, սակայն առաջնային փետուրների ծայրերը սև են, ոտքերը՝ մոխրագույն, կտուցը՝ վարդագույն: Կերակրվում է՝ ծանծաղուտում դանդաղ շարժվելով, բաց կտուցով աջից ու ձախից կեր հավաքելով: Թռիչքը դանդաղ է՝ թևերի խորը թափահարումներով հաճախակի սավառնումներով, խմբակային թռիչքը՝ թևերի ներդաշնակ ու համաչափ թևածումով: Բնակվում է լճերում, գետափերին, ձկնաբուծ. լճակներում: Սնվում է միջատներով, խեցգետնակերպներով, մանր ձկներով և Երկկենցաղներով:
Բույնը գաղութային է՝ չոր եղեգի կույտ (տրամագիծը՝ 27-37 սմ, ջրի մակերեսից 80-100 սմ բարձր)՝ եղեգնուտում. մյուս տեսակների բնի համեմատությամբ կատարյալ է, տեղադրված է գաղութի կենտր․ մասում: Բույնը կառուցում ու թխսակալում են էգը և արուն: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ կեսին: Դնում է 67,6 մմ տրամագծով, թույլ շիկամոխրավուն պտերով 3-4 ձու: Ձագերը ձվից դուրս են գալիս 20-25-րդ օրը:
2004-ին Արարատյան դաշտի 7 տեսակի ջրաճահճային թռչունների խոշորագույն գաղութում Տ-ի 3 բների հայտնվելը նորույթ է, քանզի ՀՀ-ում Տ-ի բնադրման մասին վերջին տեղեկությունները վերաբերում են 1920-1930-ական թթ.:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ԱՐԾԻՎ (Aquila nipalensis), ճուռակների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 65-77 սմ է, թևերի բացվածքը՝ 174-200 սմ, կենդանի զանգվածը՝ 3-5 կգ։ Խոշոր գիշատիչ թռչուն է՝ լայն, երկար թևերով, հաճախ՝ թեթևակի սուր պոչով (հատկապես՝ երիտասարդը): Կտուցը մեծ է, կտրվածքի նկատելի դեղին գիծը տարածվում է մինչև աչքի հետնամասը: Հասունի ընդհանուր գունավորումը մուգ է, ծոծրակին և կզակին կան բաց գույնի հատվածներ, պոչի և թափահարողների վրա՝ բազմաթիվ զոլեր, որոնք լավ տեսանելի են թռչելիս: Երիտասարդի թևավերևը սպիտակավուն նեղ զոլով է: Հաճախ նստում է գետնին կամ սյուներին: Բնակվում է լեռնատափաստաններում, գյուղատնտ. հողատարածքներում, պտղատու այգիներում: Սնվում է մանր կաթնասուններով (հիմնականում դաշտամկներ), թռչուններով, միջատներով, լեշերով:
Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ կեսին: Բնադրման շրջանը տևում է մոտ 60 օր: Բնադրում է գետնին, ժայռաբեկորներին, լքված շինություններում, խոտի դեգերի վրա: Բույնը ճյուղերի, ոսկրերի հարթ կույտ է: Դնում է 69 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն պտերով 2 ձու: Թխսակալում է 40-45 օր:
Օգտակար է. ոչնչացնում է կրծողներին: 1995-ից սկսած՝ նկատվում է թվաքանակի զգալի նվազում:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ԱՐՏՈՒՅՏ (Melanocorypha calandra), արտույտների ընտանիքի թռչուն: Բնադրող֊չվող է, տարածված: Մարմնի երկար. 18-19 սմ է, թևերի բացվածքը՝ 34-42 սմ, կենդանի զանգվածը՝ 40-45 գ:
Մարմնի ընդհանուր փետրածածկը մոխրագույն երանգով է: Կտուցը մեծ է, պոչը՝ դարչնագույն, եզրային փետուրները՝ սպիտակ: Թռչելիս թևատակերը սև են՝ սպիտակ հետնեզրով: Հասունի մարմնի փետրածածկը վերևից խայտերով է, կրծքի կողքերին կան խոշոր սև բծեր: Երիտասարդի մարմնի վերևի փետուրների ծայրերը լայն են, աղոտ սպիտակ: Բնակվում է տափաստաններում, կիսանապատներում,