Մարմնի երկար. 7-8 սմ է: Դունչը կլորավուն է կամ թեթևակի սրացած: Դնչի ծայրից աչքի և թմբկաթաղանթի վրայով դեպի հետ՝ գրեթե մինչև ուսը, ձգվում է նեղ, մուգ զոլ: Մարմնի մակերեսը գորշավունից շագանակագույն է, երբեմն՝ ձիթապտղագույն կամ կարմրավուն երանգով և բազմաթիվ մուգ բծերով, որոնք հազվադեպ ձևավորում են երկայնակի զոլեր: Արտաքնապես նման է լճագորտին։ Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր: Արուները ներքին ծնոտի վրա ունեն սպիտակագորշավուն զույգ ռեզոնատորներ: Հետևի վերջույթների լողաթաղանթները լավ են զարգացած: Ներքին կրնկային թմբիկը բարձր է և կլոր: Սնվում է մանր որդերով, փափկամարմիններով և միջատներով: Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը (կախված կլիմ. պայմաններից)՝ թաղվելով ջրամբարների հատակին կամ քարակույտերում և այլ թաքստոցներում: Զուգավորվում և ձվադրում են փետրվարի վերջից մայիսի սկիզբը՝ կախված միջավայրի ջերմաստիճանից: Գորտնկիթները ողկուզանման դասավորված են խոշոր կլորավուն կույտերում: Շերեփուկները մանր են, մուգ գույնի: Սեռահասուն են դառնում հաճախ 3-րդ ձմեռումից հետո՝ մարմնի 50-60 մմ երկարության դեպքում: Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին: Հաճախ խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ: Օգտագործվում է գիտահետազոտ. նպատակներով:
ՓՈՔՐԱՍԻԱԿԱՆ ԾԱՌԱԳՈՐՏ (Hyla savignyi), անպոչ երկկենցաղների կարգի ծառագորտերի ընտանիքի իսկական ծառագորտերի ցեղի գորտ:
ՀՀ-ում տարածված է Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Բնակվում է տաք ու չորային գոտու ջրամերձ վայրերում: Մարմնի երկար. 1,3-4,7 սմ է: Մեջքի գունավորումը կարող է փոխվել՝ կախված միջավայրի ջերմաստիճանից և գորտի ֆիզիոլոգ. վիճակից: Մեջքը կանաչավուն է, բաց կանաչավուն, գորշ դեղին կամ ավելի մուգ: Մարմնի կողքերով անցնող մուգ գիծը հետևի ոտքերից քիչ առաջ ընկած հատվածում կոր չի ձևավորում: Փորիկը սպիտակ է կամ դեղնավուն: Արուների արտաքին ծնոտի տակ կա մուգ գույնի ձայնապարկ: Նրա միջոցով արուներն արձակում են բարձր, սղոցելու նման ձայներ: Վարում է մթնշաղային ու գիշերային կենսակերպ, առավելապես անձրևոտ եղանակին՝ նաև ցերեկային: Սնվում է թռչող միջատներով, նաև՝ մրջյուններով, թրթուրներով: Ձմեռման է անցնում աշնանը՝ թաքնվելով փոսերում, փչակներում, քարակույտերում: Փ. ծ-երը ձմեռումից դուրս են գալիս և ջրամբարների մոտ հավաքվում գարնան կեսերից: Ձվադրությունն սկսվում է ապրիլի վերջին և տևում մոտ 1 ամիս: Էգը ձվադրում է մասնաբաժիններով՝ փոքր կույտերով (270-315 ձու): Գորտնկիթը դնում է ջրամբարի հատակին: Կերպարանափոխությունն ավարտվում է 1-1,5 ամսից: Սեռահասուն են դառնում 3-4 տարում:
Օգտակար է. ոչնչացնում է վնասատու փափկամարմիններին և միջատներին:
Հաճախ խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ:
ՓՈՔՐԱՍԻԱԿԱՆ ՃԱԳԱՐԱՄՈՒԿ (Allactaga euphratica), լեռնային ճագարամուկ, հնգամատ ճագարամկների ընտանիքի կաթնասուն կենդանի: Տարածված է Արարատյան դաշտում, դեպի հս.՝ մինչև Շիրակի սարահարթ, Արագածի լանջերին և Փամբակի հովտում (Սպիտակի և Վանաձորի շրջակայքում): Հանդիպում է Կոտայքում, Սևանի ավազանում, Վայքում և Սյունիքի հս. մասերում (850-2500 մ բարձր-ներում):
Մարմնի երկար. մինչև 150 մմ է, պոչինը՝ մինչև 240 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 115 գ: Մեջքն ու գլուխը գորշաօքրայագույն են, կողքերը՝ ավելի բաց գույնի, կոկորդը, կուրծքն ու փորը՝ սպիտակ: Ցեղի մյուս տեսակներից տարբերվում է համեմատաբար կարճ ականջներով և պոչի սև-սպիտակ վրձնիկի սկզբնամասում օքրայագույն հատվածով: Ամենուրեք քչաքանակ է: Ապրում է կիսաանապատային, լեռնատափաստանային և ենթալպյան բազմազան կենսավայրերում՝ գերադասելով օշինդրային կամ տարազգի բուսականության խմբակցություններով հարուստ տարածքները: Խուսափում է խիտ ու բարձր խոտածածկով տեղանքներից: Սնվում է հիմնականում սերմերով (մինչև նրանց հասունանալը), բույսերի վեր- և ստորգետնյա մասերով: Բնակվում է մինչև 2 մ երկար. և 80 սմ խորությամբ ստորգետնյա բներում: Գործունյա է մթնշաղին և գիշերը: Հոկտեմբերից մինչև մարտ ձմեռային քուն է մտնում:
Բազմանում է տարին 1 անգամ, ունենում 2-8 ձագ: Համաճարակաբան. նշանակություն չունի:
ՓՈՔՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՄՍՏԵՐ (Mesocricetus brandti), համստերանմանների ընտանիքի համստերների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է բոլոր կլիմ. գոտիներում (1200-3000 մ բարձր-ներում)՝ բացի կիսաանապատայինից և անտառայինից: Բնակվում է մինչև 1 մ խոր. և 4 մ երկար. ունեցող ստորգետնյա բարդ կառուցվածքով բներում: Բնանցքն ուղղահայաց իջնում է ցած: Բնուղիներում կան մի քանի լայնացումներ, որոնք ծառայում են որպես կերի պաշարի, հիմն. նստելու տեղի, զուգարանային բաժիններ:
Մարմնի երկար. մինչև 17,7 սմ է, պոչինը՝ մինչև 3,1 սմ, կենդանի զանգվածը՝ 216 գ: Մեջքի մորթու գունավորման մեջ գերակշռում են գորշահարդագույն երանգները: Գավակը շագանակագույն է, գլխի վրա կան հետայտային սև շերտեր և դրանք իրար միացնող այտային ու հետականջային դեղնավուն բծեր: Փորը սպիտակից բաց մոխրագույն է, կրծքին կա եռանկյունաձև սև բիծ: Սնվում է խոտաբույսերի վերին, երբեմն՝ ստորգետնյա մասերով, սերմերով: Ակտիվ է մթնշաղին: Աշնանը կուտակում է կերի մեծ պաշար (մինչև