Գնալով ավելանում է տրանսպորտի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ավելի քան 850 կմ երկաթուղային ու 13 հզ. կմ ավտոմոբիլային ճանապարհներին ամբողջովին ոչնչացվել են բնական կենսահամակարգերը: Ճանապարհային շինարարությունն այսօր սպառնում է նաև հատուկ պահպանվող տարածքներին (Շիկահողի արգելոց ևն): Մյուս կողմից՝ ճանապարհներին մերձակա սանիտարական գոտում կենսաբազմազանությունն աճում է, կատարվում են ծառատնկումներ ու կանաչապատումներ:
Անհամեմատ աճել են ավտոմեքենաների գազային արտանետումները (164,4 հզ. տ 2004-ին)՝ ազոտի օքսիդները (12,82 հզ. տ), ածխածնի մոնօքսիդը (119,8 հզ. տ), ցնդող օրգանական միացությունները (30,97 հզ. տ), մուրը (0,46 հզ. տ), ծծմբի երկօքսիդը (0,36 հզ. տ) և այլն: Վերջին 6 տարում ավտոտրանսպորտից արտանետումների ծավալն աճել է 17 %-ով:
Բնաշխարհին զգալի վնաս են հասցնում նաև անկազմակերպ զբոսաշրջությունը, բուսական պաշարների (դեղաբույսեր, սնկեր և այլն) չկարգավորված հավաքն ու օգտագործումը, որոնց հետևանքով զանգվածաբար ոչնչանում են բուսական ու կենդանական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, շրջակա միջավայրն աղտոտվում է կենցաղային աղբով և այլն: Այս խնդիրների լուծման ամենաարդյունավետ եղանակներից մեկը բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության բարելավումն է, մարդկանց մեջ բնական միջավայրի հանդեպ հոգածու վերաբերմունքի մշակումը:
Հայաստանում և հատկապես Երևանում խորհրդային տարիներին քիմիական արդյունաբերության գերկենտրոնացման և դրա վտանգավոր հետևանքների դեմ համաժողովրդական պայքարի ալիք բարձրացավ 1980-ականների վերջին: Այդ ալիքի ճնշման տակ փակվեցին հանրապետության քիմիական արդյունաբերության գիգանտ «Նաիրիտ» ԳԱՄ-ը (1990), ՀԱԷԿ-ը (1991) և այլ ձեռնարկություններ:
Չնայած հետագայում հարկ եղավ դրանք վերաբացել, բայց նաև հաջողվեց հանրապետությունում առաջին պլան մղել բնապահպանական խնդիրները և խթանել բնապահպանական կազմակերպությունների ստեղծումը:
ՀՀ-ում բնօգտագործման և բնապահպանական հարցերը կարգավորում է պետությունը. ՀՀ ԱԺ, իր ընդունած օրենքներից բացի, վավերացնելով համապատասխան միջազգային համաձայնագրեր, միանում է դրանց և պատասխանատվություն ստանձնում երկրում այդ համաձայնագրերի պահանջների իրականացման համար:
Երկրում բնապահպանական խնդիրները լուծելու, կենսաբազմազանության պահպանության ու կենսապաշարների խելամիտ օգտագործման նպատակով մշակվում է նաև ՀՀ կենսաբազմազանության պահպանության ռազմավարություն: Այն խիստ բազմակողմանի ու ծավալուն փաստաթուղթ է, որը ներառում է ինչպես բնաշխարհի վրա մարդահարույց վնասակար գործոնների նվազեցման, էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների ներդրման, էկոլոգիական կրթության ու գիտության զարգացման, հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնման, այնպես էլ այդ ոլորտի օրենսդրական դաշտի հետագա ամբողջացման ու կատարելագործման հարցեր:
Բնության հատուկ պահպանվող տարածքների և Ռեկրեացիայի ու զբոսաշրջության ռեսուրսների քարտեզները տես գրքի վերջում՝ ներդիրում: