Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/57

Այս էջը հաստատված է

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՀՀ տարածքը գտնվում է Ալպհիմալայան ծալքավոր մարզի Տավրոս-կովկասյան հատվածի ներքին խոշոր տեկտոնական կառույցի՝ Հայկական լեռնաշխարհի հս-արլ. մասում և բնորոշվում է բարդ երկրաբանական առանձնահատկություններով: Վաղ անցյալում Լավրասիա, Գոնդվանա ընդարձակ մայրցամաքների միջև գոյություն է ունեցել Թետիս օվկիանոսը՝ ալպհիմալայան երկրակամարածալքային իջվածքը: Հետագայում, բազմիցս կրկնվող լեռնակազմական շարժընթացների հետևանքով, Գոնդվանայի արաբական ելուստի և Լավրասիայի արևելաեվրոպական սալի միջև ձևավորվել են մարզի ծալքավոր և բեկորային համակարգերը: Երկրակեղևի հաստությունն այստեղ կազմում է 38-40 կմ-ից (իջվածքներում) մինչև 52-53 կմ (բարձրացումներում). հրաբխանստվածքային շերտի հաստությունը 3-8 կմ է, գրանիտային շերտինը՝ 20-30 կմ, բազալտային շերտինը՝20-25 կմ:

Հայկական լեռնաշխարհի հս. թևը կազմում է Փոքր Կովկասի, Կարադաղի, Թալիշի կուլիսաձև զուգորդվող կամարածալքերի շարքը, իսկ հվ. և կենտրոնական թևերը՝ Հայկական Տավրոսի և Զագրոշի լեռնաշղթաները: Սրանք, որպես ծալքավոր համակարգեր, ձևավորվել են մասամբ պալեոզոյում ու մեզոզոյում՝ հիմնականում պալեոգենի լեռնակազմական շարժումների հետևանքով: Հայկական լեռնաշխարհի տարածքը կայնոզոյի վերջում տեկտոնական շարժումների հետևանքով ենթարկվել է տարբերակված խոշոր կամարաձև բարձրացումների: Հայկական լեռնաշխարհով անցնում են Երզնկա-Սևան-Հագարիի, Հանքավան-Զանգեզուրի և մերձերևանյան ուղղությամբ ձգվող խորքային բեկվածքների համակարգերը և դրանց հարող օֆիոլիթային գոտիները: Շատ տեղերում ապարաշերտերը տեկտոնական լարումների ազդեցությամբ խզվել են և երկրակեղևի կոտրվածքների ուղղությամբ առաջացրել ծալքերի ճզմում ու տեղաշարժ, խզումներն ու կոտրվածքները ծալքավոր լեռների մեծ մասը բեկորահատելով առաջացրել են ծալքաբեկորավոր լեռներ: Հայկական լեռնաշխարհի ձևավորման գործում չափազանց կարևոր դեր են խաղացել ալպյան լեռնակազմական շարժումները, որոնց հետ կապված նեոգենյան ու անթրոպոգենյան հրաբխականությունն ընդգրկել է լեռնաշխարհի ողջ կենտրոնական մասը՝ գոյացնելով հրաբխային բարձր լեռներ ու լեռնավահաններ և լավային սարավանդներ:

Երկրաբանական կառուցվածքի առումով Հայկական լեռնաշխարհը մայրցամաքի ամենայուրատիպ տարածքներից է: Այստեղ կան գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների գոյացությունները՝ սկսած մինչքեմբրի հնագույն փոխակերպային համալիրներից մինչև անթրոպոգենի հրաբխային ու լճագետային առաջացումները: Մինչքեմբրի փոխակերպային ապարները ՀՀ տարածքում մերկանում են Ծաղկունյաց, Լոքի, Տավուշի կամարածալքերի միջուկներում: Վերին պալեոզոյան ապարներն առավել տարածում ունեն Մերձարաքսյան տեկտոնական գոտում և Զանգեզուրի հվ-արմ-ում. ներկայացված են ավազաքարերով, քվարցիտներով, կավերով, ավազակավային թերթաքարերով, կրաքարերով, բրածո կենդանիների մնացորդներով: Պերմի կրաքարերը վերին դևոնի և ստորին կարբոնի վրա տեղադրված են աններդաշնակ: Տրիասը Վեդի գետի ավազանում պարունակում է ածուխներ: