Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/572

Այս էջը հաստատված է

կասպիական կրիան, գյուրզան և այլն, թռչուններից՝ քարակաքավը, սպիտակագլուխ անգղը, թխակապույտ աղավնին ևն, կաթնասուններից՝ գորշ արջը, լայնականջ ոզնին, լուսանը, առաջավորասիական ընձառյուծը և այլն:

Շիկահողի Ա. կազմավորվել է 1958-ին՝ Կապանի անտառտնտեսության հիմքի վրա (1961-75-ին՝ Բարթազի արգելավայր, տարածքը՝ 10330 հա), ՀՀ Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռնազանգվածի հվ-արլ. և Մեղրու լեռնաշղթայի հս-արլ. լանջերին՝ ծ.մ. 700-2800 մ բարձր-ներում՝ Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում՝ կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով: Ռելիեֆը խիստ մասնատված է, շատ են լեռն․ գետակները, հանքային աղբյուրները:

Բուս. աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակ, որոնցից 70-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Հարուստ է կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով: Կան բազմաթիվ բնաշխարհիկներ, որոնցից շատերը կոչվում են Զանգեգուր տեղանունով՝ Զանգեգուրի տանձենի, Զանգեգուրի զանգակածաղիկ, Զանգեգուրի շնկոտեմ և այլն: Տարածքի մոտ 94%-ը անտառապատ է: Հիմն. ծառատեսակներն են վրաց. և խոշորառէջ կաղնին, արլ. և սովորական բոխին, հատապտղային կենին, արլ. հաճարենին, արլ. սոսին (Կովկասում միակ սոսու պուրակը), որոնց ուղեկցում են հացենին, լորենին, թխկին, թեղին, ընկուզենին, տանձենին, արլ. խնձորենին, սալորենին, ծառաթփային տեսակներից՝ բթատերև ինկենին, շագանակենին, կովկասյան խուրման, սովորական նռնենին, զկեռենին, թզենին և այլն: Կան 18 տեսակի հազվագյուտ մամուռներ, որոնցից հատկապես հայտնի է բարակ ֆաբրոնիան: Ստորին լեռն․ գոտում տարածված են արաքսյան կաղնու ցածրահասակ ծառուտները և միջերկրածովյան բուսականության հետաքրքիր մի տիպ՝ շիբլյակը: Գերակշռում է շիբլյակին բնորոշ փշոտ ցաքին (ժանտափուշ), որին ուղեկցում են սովորական դրախտածառը, մերկատերև փռշնին, սովորական ծորենին և այլ չորասեր թփեր ու խոտաբույսեր: Անտառային գոտու վերին սահմանում և ենթալպյան գոտում տարածված են տրագականտային գազերի խեժաբեր տեսակները, եղջյուրավոր կորնգանը և ոզնաթուփը: Ենթալպյան գոտու մեծ մասը զբաղեցնում են ղաշտավլուկատարախոտային մարգագետինները:

Կենդ. աշխարհը նույնպես բազմազան է: Սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովոր․ լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը և այլն, թռչուններից՝ վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից՝ գայլը, աղվեսը, անտառային կատուն, այծյամը, գորշ նապաստակը, գորշուկը, լայնականջ ոզնին և այլն: Հանդիպում են նաև բեզոարյան այծը, գորշ արջը, հազվադեպ նաև հովազը: Կենդանիներից շատերը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Էրեբունի Ա. կազմավորվել է 1981-ին (տարածքը՝ 89 հա)՝ ՀՀ Կոտայքի մարզում Երևանից 8-10 կմ հվ-արլ: Գեղադիր գ-ի մոտ՝ կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծ.մ. 1300-1450 մ բարձր-ներում՝ դաշտավլուկագգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով:

Բուս. աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 176 ցեղի և 42 ընտանիքի 278 տեսակ, որոնցից 7-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)՝ ներտեսակային մեծ բազմազանությամբ ( շուրջ 110 տարատեսակ): Վայրի դաշտավլուկազգիներից աճում են նաև վայրի միամյա աշորան (Վավիլովի աշորա), այծակնի և գարու մի քանի տեսակներ, ինչպես նաև շատ հազվագյուտ անքիստ բթաթեփուկը և արլ. արմատագլխիկը: Հանդիպում են բազմաթիվ հազվագյուտ տեսակներ՝ Տուրնֆորի կանգարը, խոշորածածկոց ակտինոլեման և անցողուն հոհենակերիան: Կիսաանապատային բույսերից տարածված է հաստասռնակ բոշխը, հիմն. մասն զբաղեցնում են դաշտավլուկատարախոտային համակեցությունները, որտեղ գերակշռում են վայրի ցորենները: Հանդիպում են լեռնաչորասեր բույսեր՝ գազի մի քանի տեսակների գերակշռությամբ:

Կենդ. աշխարհն ընդգրկում է երկկենցաղներ՝ կանաչ դոդոշ, լճագորտ, փոքրասիական ծառագորտ, սիրիական սխտորագորտ, սողուններ անդրկովկասյան գյուրզա, ոսկեգույն տրախիլեպիս, սահնօձի տարբեր տեսակներ, միջերկրածովյան կրիա և այլն, թռչուններ՝ հիմնականում ճնճղուկագգիներ, կաթնասուններ՝ աղվես, աքիս, կզաքիս, գայլ, գորշուկ, բազմաթիվ կրծողներ և այլն:

ԱՐԵԱԼ (<լատ. area - տարածություն, հրապարակ), բույսերի, կենդանիների առանձին տեսակների, դրանց համակեցությունների տարածման աշխարհագր. որոշակի տարածք: Որոշ կենդանիների և բույսերի տեսակներ ունեն բավական նեղ Ա. (օրինակ՝ բնաշխարհիկների, մյուսները տարածված են նույնիսկ մի քանի մայրցամաքներում: Ա. կարող է