և վերածվում արգելավայրի կամ բնության հուշարձանի:
Ջ.պ. կարգավորվում է ՀՀ ջրային օրենսգրքով (2002):
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ջրաղբյուրներից տարբեր նպատակներով՝ խմելու, կենցաղային, բուժ., արդ., էներգետիկ, գյուղատնտ., տրանսպորտային, ձկնատնտ., ռեկրեացիայի և այլ կարիքների համար ջրային պաշարների օգտագործումը:
Ջ. լինում է ընդհանուր և հատուկ: Ընդհանուր Ջ. իրագործվում է առանց կառուցվածքների կամ տեխ. միջոցների կիրառման, հատուկը՝ նշված միջոցների կիրառմամբ: Ջրային օբյեկտներն շահագործման են հանձնվում առաջին հերթին բնակչության խմելու և կենցաղային կարիքները բավարարելու համար:
ՀՀ-ում Ջ-ման բաշխվածությունն ըստ մարզերի խիստ անհամաչափ է. Արմավիրում՝ մոտ 600 մլն մ³, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց ձորում՝ 5-15 մլն մ³:
Ջ. կարգավորվում է ՀՀ ջրային օրենսգրքով (2002):
ՌԵԿՐԵԱՑԻԱ (լատ. recreatio - հանգիստ, առողջացում), բնության մեջ հանգստի կամ զբոսաշրջային ուղևորություններով (արշավներով) տեսարժան վայրեր (ազգային պարկեր, բնական, ճարտարապետ., պատմ. հուշարձաններ և այլն) այցելելու եղանակով մարդկանց առողջության և աշխատունակության վերականգնում: Ռ-ի բնօգտագործումը մի շարք երկրներում տնտեսության հիմն., իսկ շատ երկրներում կարևոր ճյուղ է: Բնօգտագործման այս ճյուղի զարգացումը պահանջում է շրջակա միջավայրը պահպանելու համար կիրառել բազմաբնույթ միջոցառումներ:
ՀՀ բավականաչափ հարուստ Ռ-ի երկիր է՝ պայմանավորված աշխարհագր. դիրքով և լանդշաֆտային բազմազանությամբ, կլիմայաբուժ. բարենպաստ պայմաններով, կենսբ. ու ջրային պաշարներով (հանքային աղբյուրներ, բարձրլեռն. լճեր և գետեր), բնության և պատմամշակութային հուշարձաններով:
ՀՀ տարածքում ձևավորվել են խիտ կառուցապատված զարգացած ռեկրեացիայի (8)՝ Արարատյան, Արագած-Գեղամա, Շիրակի, Լոռի-Փամբակի, Աղստև-Դեբեդի, Սևանի, Վայքի, Զանգեզուրի և առողջարանային (11) գոտիներ (տես Առողջավայրեր):
Ռեկրեացիա և զբոսաշրջություն քարտեզը տես գրքի վերջում՝ ներդիրում:
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՀՈՍՔ (ՍԹԱ), վնասակար նյութի չափորոշված մեծություն, որը սահմանվում է ջրերի կետային կամ ցրված աղտոտման աղբյուրի համար՝ հաշվի առնելով արտահոսքի տեխնոլոգ. չափաքանակներն ու ջրային պաշարների ֆոնային աղտոտվածությունը բնութագրող մեծությունները:
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ (ՍԹԱ), միավոր ժամանակահատվածում աղտոտման աղբյուրից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակությունը, որը չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտային օդի պահպանության նպատակով սահմանվում են աղտոտման աղբյուրներից վնասակար նյութերի ՍԹԱ-ի սահմանային թույլատրելի չափաքանակներ, որոնք հաստատվում են արտանետումների անշարժ և շարժական յուրաքանչյուր աղբյուրի համար: Մթն. օդն աղտոտող նյութերի ՍԹԱ-ի սահմանային թույլատրելի չափաքանակները հաշվարկվում են այնպես (հաշվի են առնվում տվյալ տարածաշրջանի զարգացման հեռանկարները), որ տվյալ տարածքից ու մյուս բոլոր աղբյուրներից աղտոտող նյութերի արտանետումները չհանգեցնեն մթն. օդում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների սահմանային թույլատրելի չափաքանակների գերազանցմանը: Աղտոտման անշարժ աղբյուրներից մթն. օդն աղտոտող նյութերի արտանետման թույլտվության կարգը սահմանում է ՀՀ Կառավարությունը:
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱ (ՍԹԿ), 1. չափորոշիչ, օդում, ջրում, հողում, սննդամթերքում վնասակար նյութի այն քանակը, որի հետ մշտական կամ որոշակի ժամանակահատվածում շփումը բացասաբար չի ազդում մարդու առողջության վրա:
2. Էկոլոգիական չափորոշիչ, աղտոտող քիմ. նյութի առավելագույն կոնցենտրացիան շրջակա միջավայրում, որի երկարատև ամենօրյա ազդեցությունը բացասաբար չի ազդում մարդու առողջության կամ այլ ընկալիչի և սերունդների վրա: Ըստ աղտոտվող օբյեկտի՝ տարբերում են աղտոտող նյութի առավելագույն կոնցենտրացիա օդում (մթնոլորտում, աշխատանքային տեղամասում), ջրամբարներում (ձկնաբուծ., խմելու, կենցաղային) և հողում (վարելահողերում): ՍԹԿ-ի սահմանային թույլատրելի նորմատիվները միասնական են ՀՀ ամբողջ տարածքում: Անհրաժեշտության դեպքում առանձին