կրճատումը: Փ.տ-ում ամբողջ հումքը վերածվում է արտադրանքի՝ առանց թափոնի կամ արտանետման, որով ապահովվում է շրջակա միջավայրի մաքրությունը: Փ.տ-ի զարգացման հիմն․ ուղղությունը հումքի և թափոնի հոսքի փակ համակարգով արտադր. համալիրի ստեղծումն է, թափոնների վերամշակման կատարելագործված մեթոդների կիրառումը, հոսքային ջրերի մաքրման արդյունավետ միջոցների, առավել ժամանակակից տեխնոլոգիաների մշակումը և ներդրումը:
ՔԱՂԱՔԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ, ուրբանիզացում (<լատ. urbanus-քաղաքային), 1. քաղաքների մեծացումն ու զարգացումը, քաղաքային բնակչության զանգվածային աճը,
2. գյուղ․ բնակավայրերի քաղաքներին բնորոշ հատկանիշների ձեռքբերումը,
3. հասարակության զարգացման գործընթացում քաղաքների դերի բարձրացումը:
Ք. մեծ ազդեցություն է թողնում պետությունների զարգացման վրա. քաղաքների աճի հետ են կապված քաղաքակրթության հիմն․ նվաճումները: Ք., քաղաքների զարգացումը պայմանավորված են նյութ․ ու հոգևոր գործունեության զանազան ձևերի ու տեսակների համակենտրոնացմամբ և ամբողջացմամբ, արտադրության, գիտության ու մշակույթի տարբեր ոլորտների միջև կապերի ուժեղացմումբ: Այս երևույթներն առավել արդյունավետ են ընթանում խոշոր քաղաքներում, որտեղ առավել արգասաբեր է գիտատեխ., սոցիալ-քաղաքական, տնտ. գործոնների, մշակութային ավանդույթների, բնակչության տարբեր խավերի փոխադարձ շփումն ու ներգործությունը: Ք. ունեցել է զարգացման 2 հիմն․ փուլեր: Առաջինում տեղի է ունեցել քաղաքներում բնակչության համակենտրոնացում, ավելի ու ավելի ընդլայնվող մերձքաղաքային գոտիների հետ այդ քաղաքների սերտաճում, դրանց հետ կապված տարաբնակեցման նոր ձևերի և յուրահատուկ կենսակերպի (այսպես կոչված մետրոպոլացում) տարածում: Այդ գործընթացում հատուկ տեղ ունի միլիոնանոց քաղաքների թվի աճը: Երկրորդ փուլում Ք-ման զարգացման հետ «քաղաք» հասկացությունն աստիճանաբար փոխվում է: Գյուղատնտ. աշխատանքի եղանակների արդիականացումը, գյուղի ամբողջ սոցիալ. նկարագրի վերափոխումը խարխլում են (ըստ բնակչության զբաղմունքի բնույթի) քաղաքն ու գյուղը սահմանազատող հիմքը: Գյուղ․ վայրերում մշտապես աճում է արդյունագործությամբ զբաղվող բնակչությունը, դրանով իսկ գյուղ․ բազմաթիվ բնակավայրեր վերածվում են արդ., տրանսպորտային, սպասարկման և մոտակա քաղաքային կենտրոնների բնակելի «մասնաճյուղերի»: Արդ. գործունեության ծավալման հետ քաղաքամերձ գյուղ․ վայրերում բնակավայրերն արտաքնապես քաղաքի տեսք են ընդունում, առաջանում են տրանսպորտային ուղիների երկայնքով ձգվող քաղաքանման գոտիներ, շրջաններ, մի շարք դեպքերում ագլոմերացիաները սերտաճում են. առաջանում են մեգապոլիսներ (գիգանտ-քաղաքներ):
Երկիր մոլորակի քաղաքակենտրոնացված ընդհանուր տարածքը 2001-ին կազմել է աշխարհի ցամաքային տարածքի 2 %-ը, իսկ քաղաքային բնակչությունը՝ մոլորակի բնակչության 47 %-ը, ՀՀ-ում՝ 64,2 % (2005): Ք-ման բնակավայրերին առավել բնորոշ են սթրեսը, աղմուկը: Ք. հզոր էկոլոգ. գործոն է, որն ուղեկցվում է լանդշաֆտի, հողային և ջրային պաշարների փոխակերպմամբ, թափոնների զանգվածային աճով, որոնք թափանցում են մթնոլորտ, ջրային և վերերկրյա էկոհամակարգեր՝ հանգեցնելով երկրի կենսաերկրաքիմ. շրջափուլերի բացասական փոփոխությունների: Բնության վրա առավել բացասական ազդեցություն է ունենում արդ. ձեռնարկությունների տարերային կենտրոնացումը խոշոր քաղաքներում, այդ թվում և «ոչ մաքուր» արտադրությունների ավելացումը: Քաղաքային տրանսպորտն աղտոտում է օդային ավազանը, բարձրացնում աղմուկի ֆոնը և ազդում մարդկանց հոգեվիճակի վրա: Աղմուկի ֆոնը իջեցնելու նպատակով բնակելի շենքերը կառուցում են փողոցի բանուկ մասից հեռու, բարձրացնում են կանաչապատվածության աստիճանը (Երևանում՝ Հվ-արմ. թաղամասում այդպիսի փողոց է կառուցված):
Տես նաև Աղտոտում մթնոլորտի, Կանաչապատում:
ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ, (< լատ. cancer - քաղցկեղ և < հուն, genos), օնկոգեն, բլաստոմոգեն գործոններ, ֆիզ. գործոններ, քիմ. նյութեր և կենսբ. օրգանիզմներ, որոնք, ազդելով կենդանի հյուսվածքների վրա, առաջացնում են չարորակ նորագոյացություններ: Ք.գ. կարող են առաջացնել քաղցկեղ և այլ չարորակ ու բարորակ ուռուցքներ՝ մաշկի վրա, շնչուղիներ ու մարսողական ուղիներ ընկնելիս և միզային համակարգով օրգանիզմից հեռանալիս: Ք.գ. պարունակվում են տարբեր ծխերի մեջ, արդ. թափոններում և ներքին այրման շարժիչների արտանետած գազերում (ավտոտրանսպորտ, ավիացիա և այլն): Որոշ մասնագիտությունևերի բնագավառում աշխատողներ կարող են հիվանդանալ քաղցկեղով, որի պատճառն այս կամ այն քիմ. նյութի հետ երկարատև շփումն է. ծխնելույզ մաքրողները հիվանդանում են մաշկի, իսկ անիլինային ներկերի արտադրությունում աշխատողները՝ միզապարկի քաղցկեղով: Ճառագայթաակտիվ հանքապար արդյունահանողները և ռենտգենյան սարքերը սպասարկող բժշկ. և տեխ. անձնակազմը իոնացնող ճառագայթների ազդեցությամբ կարող են հիվանդանալ չարորակ ուռուցքներով:
Մթն. օդի աղտոտվածության նվազեցման աշխատանքները, ծխելու դեմ պայքարը, արտադր. շարժընթացի հերմետիկացումը և փակ տեխնոլոգիան դադարեցնում են աշխատողների շփումը վնասակար նյութերի հետ, դրանով կանխարգելում թոքերի քաղցկեղը: Ներքին այրման շարժիչների կատարելագործումը, ջեռուցման համակարգերում վառելանյութի այրման ռացիոնալացումը, մետաղաձող., արդ-յան մեջ տեխնոլոգիայի կատարելագործումը նպաստում են Ք.գ-ի թափոնների նվազեցման: Նպատակահարմար քաղաքաշինությունը, փողոցների օդափոխելիությունը և այլն կանխում են տրանսպորտի արտանետած գազերի կուտակումը։