Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/640

Այս էջը հաստատված է

ՕՐԳԱՆԻԶՄ(<ուշ լատ. organizare - կազմակերպել, կանոնավոր տեսք տալ), կենդանի էակ, որն օժտված է որոշակի հատկությունների ամբողջությամբ և դրանով տարբերվում է անկենդան մատերիայից: Այդ հատկություններն են նյութափոխանակությունը, որտեղ առաջատար դեր են կատարում սպիտակուցներն ու նուկլեինաթթուները, որոնք ապահովում են Օ-ի ինքնանորոգումը և ներքին միջավայրի հաստատունությունը, շարժումը, գրգռականությունը, աճը, զարգացումը, բազմացումը, փոփոխականությունն ու ժառագականությունը, գոյության պայմաններին հարմարվողականությունը: Գոյություն ունեն նաև բնորոշ բջջային կորիզ և քրոմոսոմային ապարատ չունեցող Օ-ներ՝ պրոկարիոտներ (բակտերիաներ, կապտականաչ ջրիմուռներ, ռիկետսիաներ և այլն), որոնց հատուկ են պարզ կառուցվածքը և խիստ փոքր չափերը: Կենսավայրի հետ փոխազդեցություններում Օ. հանդես է գալիս որպես մի ամբողջական համակարգ: Օ-ի ձևավորումը պատմ. շարժընթաց է, որն ընթանում է կառուցվածքների (օրգանելներ, բջիջներ, հյուսվածքներ, օրգաններ) և ֆունկցիաների տարբերակմամբ ու ամբողջականացմամբ: Էվոլյուցիայի ընթացքում բազմաբջիջության առաջացումը նպաստել է Օ-ների ձևաբանաֆիզիոլոգ. բարդացմանը, որն անհնար կլիներ առանց բջիջների, հյուսվածքների և օրգանների կառուցվածքային ու ֆունկցիոնալ համակարգման՝ նյարդային և հումորալ ճանապարհներով: Ժամանակակից կենսաբանության (մասնավորապես գենետիկայի) նվաճումները հնարավորություն են տալիս պարզել Օ-ների սերունդների ժառանգ. կապի նյութ. մեխանիզմը, ամբողջական Օ-ի պատմ. և անհատական զարգացման միջև եղած կապերն Օ-ի կազմավորման բոլոր մակարդակներում: