հնաաշխարհագր. և հնակլիմ. պայմանները: Դրանց ուսումնասիրությունն ունի գիտ. և արդ. նշանակություն, քանի որ Բ.բ. մասնակցում են որոշ օգտակար հանածոների (ածուխ, այրվող թերթաքարեր, տորֆ, կրաքար, դիատոմիտ ևն) առաջացմանը: Բ.բ-ի ուսումնասիրությամբ զբաղվում է հնաբուսաբանությունը:
ԲՐԱԾՈ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, անցյալ երկրբ. ժամանակաշրջանների կենդանիներ, որոնց մնացորդները պահպանվել են երկրակեղևի նստվածքային ապարներում: Կենդանիների ամբողջական բրածոներ կամ դրանց առանձին մասեր (ատամներ, ողնաշարի կտորներ, ծնոտներ, գանգեր, վերջույթներ և այլն) պահպանվել են միայն անթրոպոգենի նստվածքներում (բազմամյա սառցույթում կամ բնական ասֆալտանման նյութերում): Հայկ. լեռնաշխարհի Բ.կ-ի վերաբերյալ գիտ. առաջին տեղեկությունները հանդիպում են Հ. Աբիխի «Հայկական լեռնաշխարհի երկրաբանություն» (գերմ., հ. 1, 2, 1899, 1902) աշխատության մեջ: Ուսումնասիրություններով զբաղվել են Բ. Մեֆերտը, Վ. Ռենգարտենը, Ա. Ասլանյանը, Մ. Աբրահամյանը, Ա. Գաբրիելյանը, Ս. Մեժլումյանը և ուր.: ՀՀ տարածքի ամենահին նստվածքները (350 մլն տարի), որոնցում հայտնաբերվել են Բ.կ-ի (բրախիոպոդներ, բուստեր) մնացորդներ, վերաբերում են միջին դևոնի ժամանակաշրջանին: Դրանք մերկանում են Արարատի մարզի Երասխ գ-ի շրջակայքում: Բ.կ-ով (ուսոտանիներ, բուստեր, կոնոդոնտներ, ֆորամինիֆերներ, մամռակերպներ) հարուստ պալեոզոյան (դևոն, կարբոն, պերմ) նստվածքները հիմնականում տարածված են Ուրծի, Վայքի լեռնաշղթաներում, Արգիճի գետի ավազանում ու Զանգեզուրում: Բ.կ-ի հարուստ համալիրներ (փորոտանի, գլխոտանի և երկփեղկանի փափկամորթևեր, ֆորամինիֆերներ, ծովոզնիներ, բելեմնիտներ և այլն) կան մեզոզոյան նստվածքներում, որոնք տարածված են Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում: Միաբջիջ ֆորամինիֆերների ու ջրիմուռների, փափկամորթների ու բուստերի բրածոներ պարունակող վերին կավճի ու պալեոգենի նստվածքներ տարածված են Վեդի, Արածո, Արփա գետերի ավազաններում և հարում են Բազում-Զանգեզուրի ու Մերձարաքսյան տեկտոն. գոտիներին: Այդ նստվածքները Բ.կ-ի շերտատիպային դասական նմուշներ են:
Նեոգենից սկսած՝ ՀՀ տարածքի հնաաշխարհագր. արմատական փոփոխությունների հետ (լեռնակազմ. շարժընթացներ, ծովային ու օվկիանոսային ռեժիմի փոխարինում լճացամաքայինով) փոփոխվել է նաև կենդ. աշխարհը: Նեոգենի ծովային ֆացիային բնորոշ բրածո կենդ, աշխարհով (օստրակոդներ, փափկամորթներ, ձկների մնացորդներ) հայտնի են մերձերևանյան շրջանը, Տավուշի ու Կոտայքի մարզերը: Ողնաշարավոր կենդանիների մնացորդներ (շնաձկների ատամներ) հայտնաբերվել են վերին կավճի և պալեոցենի նստվածքներում (Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գ.):
Բրածո ողնաշարավորների, այդ թվում կաթնասունների մնացորդներ հայտնաբերվել են ավելի երիտասարդ՝ վերին պլիոցենի ու պլեյստոցենի նստվածքներում, որոնք մերկանում են Արարատյան և Շիրակի դաշտերում:
Մամոնտի բրածո մնացորդներ հայտնաբերվել են Գյումրու շրջակայքում (Գյումրու համալիր), վերականգնված բրածո մամոնտի կմախքը գտնվում է Երևանի Երկրաբանական թանգարանում:
Մանր կաթնասունների (կրծողներ, նապաստակակերպներ, չղջիկներ), երկկենցաղների, սողունների, թռչունների բրածոների հարուստ համալիր հայտնաբերվել է Կոտայքի մարզի Նուռնուս գ-ի շրջակայքի պլիոցենի ապարներում: Բ.կ-ի միջոցով որոշում են ապարների հարաբեր, հասակը: Բ.կ-ի ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի երկրաժամանակագր. սանդղակ, երկրբ. քարտեզներ կազմելու և օգտակար հանածոների որոնող, աշխատանքների համար:
Բ.կ-ի ուսումնասիրությամբ զբաղվում է հնակենդանաբանությունը:
ԲՐԵԿՉԻԱ (իտալ.՝ breccia - ջարդել, կոտրատել), հրաբխային փշրաքար, խոշորաբեկոր ապար՝ կազմված տարբեր ապարների անկյունավոր բեկորներից և ցեմենտող նյութից: Առաջանում է արտածին, ներծին գործոնների և տեկտոն. շարժընթացների հետևանքով: Առանձնացվում են նստվածքային, կարստային, քիմ., հրաբխ., տեկտոն. բներ: Բ-ի հանքավայրեր կան ՀՀ Կոտայքի և Լոռու մարզերում, հղկված գլաքարերից ու ցեմենտող նյութից կազմված ապարների երանգավորված