Հողածածկույթի բազմազանությամբ ու բնակլիմայական յուրահատկություններով են պայմանավորված բուսական ու կենդանական աշխարհների առանձնահատկություններն ու բազմազանությունը: Լեռնաշխահն արտակարգ հարուստ ու խայտաբղետ է բույսերի տեսակային կազմով: Հայկական լեռնաշխարհում հաշվվում են ավելի քան 300 տեսակ բնաշխարհիկ, բազմաթիվ մնացուկային բույսեր, հազարավոր ներմուծված տեսակներ: ՀՀ-ում կան շուրջ 3500 տեսակ բարձրակարգ անոթավոր բույսեր, մեծաթիվ են նաև սնկերը, ջրիմուռները, մամուռները, քարաքոսերը: Առաջին անգամ Հայաստանում է նկարագրվել բույսերի 400 տեսակ, որոնցից 106-ը բնաշխարհիկ են: Կան նաև 150-200 մնացուկային և 154 հազվադեպ բուսատեսակներ: Հայաստանը երկրագնդի այն սակավաթիվ անկյուններից է, որտեղ առատ են նաև մշակաբույսերի վայրի ազգակիցները՝ ցորենը, աշորան, գարին, վարսակը, ոլոռը, հատապտղային, կորիզավոր, ընդավոր և այլ բուսատեսակներ: Հարուստ ու բազմազան է նաև Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը, այն պատկանում է պալեոարկտիկական մարզի միջերկրածովային ենթամարզին: Հայաստանի Հանրապետությունում տարածված է ավելի քան 17500 կենդանատեսակ, որից մոտ 15 հզ-ը՝ միջատներ: Ողնաշարավորների խումբը կազմված է ավելի քան 500 տեսակից, այդ թվում՝ թռչուններ՝ 351, կաթնասուններ՝ 86 (վայրի ոչխար, բեզոարյան այծ, գորշ արջ, գայլ, շնագայլ, բորենի, պարսկական սկյուռ և այլն), սողուններ՝ 50 (հայկական իժ, գյուրզա, վիշապ և այլն), ձկներ՝ 39 (3-ը՝ բնաշխարհիկ, այդ թվում՝ Սևանի իշխանը և այլն), երկկենցաղներ՝ 8 (լճագորտ, կանաչ դոդոշ, փոքրասիական գորտ, սովորական ծառագորտ և այլն):
Հայաստանում դեռևս վաղ անցյալից կարևորվել են բնօգտագործման ու բնապահպանության խնդիրները, խստորեն հետևել են անհարկի ծառահատումներին ու որսագողությանը, հատուկ պատիժներ են սահմանվել նաև այդ ոլորտի օրինախախտումների համար: Միաժամանակ արհեստական տնկարկների և կենդանիների բուծման ճանապարհով վերականգնել են բուսական ու կենդանական աշխարհի պաշարները:
Մեր օրերում այս խնդիրները դարձել են շատ ավելի արդիական, որովհետև մի կողմից՝ շարունակվում է բնական պաշարների անխնա շահագործումն ու արդյունաբերական ձեռնարկությունների գերկենտրոնացումը (քիմիական ու մետաղաձուլական ձեռնարկություններ, ԱԷԿ-ներ և այլն), որոնց վթարի հետ կապված աղետները կարող են հասնել հսկայական ծավալների, մյուս կողմից՝ այդ բոլոր գործոնների համատեղ ներգործության հետևանքով տեղի են ունենում այնպիսի համամոլորակային փոփոխություններ (օզոնային շերտի պատռվածք, համընդհանուր տաքացում կամ «ջերմոցային էֆեկտ» և այլն), որոնց կանխումը վեր է մեկ առանձին երկրի հնարավորություններից: Հետևաբար, բնապահպանական խնդիրներն այսօր արդեն ձեռք են բերել համամոլորակային բնույթ և պահանջում են համայն մարդկության ջանքերի միավորում:
Հայաստանում բնապահպանական բացառիկ նշանակության խնդիր է Սևանա լճի պահպանությունը: Էներգետիկ նպատակներով ջրի մակարդակի իջեցման հետևանքով խախտվել են լճի բնական ռեժիմն ու էկոլոգիական հավասարակշռությունը, որոնց բացասական հետևանքների վերացման նպատակով կառուցվել է Որոտան-Արփա-Սևան ջրատարը՝ նախ ջրի մակարդակը կայունացնելու, ապա նաև մինչև 6 մ-ով այն բարձրացնելու համար:
Բնապահպանական կարևոր խնդիրներ են նաև հազվագյուտ և անհետացող բույսերի ու կենդանիների պահպանությունը, հողերի էրոզիայի կանխումը, բնական լանդշաֆտների պահպանությունը և այլն: Այդ նպատակով ստեղծվել ու ընդլայնվում է արգելոցների, արգելավայրերի ու ազգային պարկերի ցանցը:
Այդուհանդերձ, բնապահպանության ամենաարդյունավետ միջոցը խելամիտ բնօգտագործումն է, բնության հետ մարդու և հասարակության ներդաշնակ հարաբերությունների հաստատումը: Շրջակա միջավայրը աղտոտումից պաշտպանելու ամենակարճ ճանապարհը այն չաղտոտելն է,