կավճի ձիթակնային դոլերիտների շերտախմբեր: Մանգանի հանքայնացումը կապված է հրաբխանստվածքային ապարներում առկա սիլիկահողային գոյացումների հետ և ներկայացված է երակներով, ոսպնյակներով, բներով ու ցանային ներփակումներով: Հանքանյութը կազմված է կրիպտոմելան, հոլանդիտ, մանգանիտ միներալներից: Մանգանի միջին պարունակությունը 24-27 % է, հանքամարմինների հաստ.՝ 2-80 սմ, երկար.՝ մինչև 500 մ.
ՍԵՐՊԵՆՏԻՆԻՏ, օձաքար, ներժայթուք ջրաջերմային, փոխակերպային ապար՝ կազմված սերպենտինային միներալներից (քրիզոտիլ, լիզարդիա, անտիգորիա) և կարբոնատի, մագնետիտի, տալկի, քվարցի և այլ խառնուրդներից: Կառուցվածքը թերթաքարային է, հոծ, գույնը՝ կանաչամոխրագույն, կանաչ, երբեմն՝ բծավոր (որոշ Ս-ների գունավորումը հիշեցնում է օձի կաշի, այստեղից՝ անվանումը): ՀՀ-ում տարածված է Սևանի և Վեդու օֆիոլիթային գոտիներում: Առաջացել են պերիդոտիտների, դունիտների փոխակերպումից: Ս-ների հետ են կապված նիկելի, կոբալտի, պղնձի, քրոմի, լեռնավուշի (ասբեստ), պլատինոիդների, մագնեզիտի ու տալկի հանքանյութերը: Ակտինոլիտ-տրեմոլիտային տարբերակներն օգտագործվում են որպես զարդաքար: Հայաստանում Ս-ի ուսումնասիրությամբ զբաղվել է երկրաբան Վ. Մ. Լոդոչնիկովը (Նավավարյան):
ՍԿԱՌՆ (<շվեդ. skarn - բառացի՝ ցեխ, թափոն), միներալատեղակալված ապար՝ կազմված կրամագնեզիումաերկաթախառն սիլիկատներից և ալյումասիլիկատներից: Առաջանում է մագմայական ապարների բարձր ջերմաստիճանային հպատեղային եզրապսակներում՝ կարբոնատային ապարների և մագմայի, ներժայթուք կամ այլ սիլիկատային ապարների քիմ. փոխազդեցության հետևանքով: Շարժընթացին մասնակցում են տաք մագմայածին լուծույթներ: Տարբերում են կրային և մագնեզիումային Ս-եր: Կրային Ս-երը գոյանում են մինչև 10-12 կմ խորություններում, հետմագմայական փուլում՝ կրաքարերի և ալյումասիլիկատային ապարների շփման տեղում, իսկ մագնեզիումայինը՝ դոլոմիտների և ներդրվող մագմայի փոխազդեցության ժամանակ կամ 10-12 կմ և ավելի խորություններում՝ ալյումասիլիկատների շփման տեղում: Ս-երն առաջացնում են ոսպնյակաձև կամ շերտավոր, հազվադեպ՝ խողովակաձև և երականման մարմիններ: Ս-երին հաճախ հարում են հանքանյութերի (երկաթի, պղնձի, կապարի, ցինկի, վոլֆրամի, մոլիբդենի և այլն) խոշոր կուտակումներ, որոնք առաջացնում են սկառնային հանքավայրեր:
ՍՈԹՔԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Գեղարքունիքի մարզում, Արլ. Սևանի լեռնաշղթայի հս-ում: Ջրաջերմային, չափավոր խորության հանքավայր է: Առաջացել է նեոգենում՝ հանքայնացման 5 փուլերով: Հանքայնացված են վերին կավճի ու պալեոգենի հրաբխանստվածքային ապարները (գաբրոներ, գաբրոդիաբազներ) և դրանց հարող նեոգենի գրանիտոիդային ու ռիոլիտային դայքերը: Հանքամարմինները ներկայացված են մի քանի հարյուր մ երկարություն և 0,5-3 մ հաստության քվարցային երակներով ու շտոկվերկային բնույթի երակիկացանավոր հանքայնացմամբ: Հանքադաշտում հայտնաբերվել են նաև ոսկեբեր ցրոններ: Արմատական հանքանյութը բազմամիներալային է, առկա են ավելի քան 200 հանքային և ոչ հանքային միներալներ: Արդ. նշանակություն ունեն ոսկին, արծաթը և ուղեկից այլ տարրեր: Ոսկին գտնվում է բնածին վիճակում՝ տարաչափ հատիկների ձևով և սուլֆիդային միացությունների մեջ՝ ցրված, մանրացված ոսկու և թելուրիդների ձևերով:
Հայտնի է մ.թ.ա. II հազարամյակից և ընդմիջումներով շահագործվել է մինչև IV դ.: 1976-ից շահագործվում է բաց և ստորգետնյա եղանակներով, ներկայումս՝ «Սթեռլայթ Գրուպ» ընկերության կողմից:
ՍՈՂԱՆՔՆԵՐ, ծանրության ուժի ազդեցությամբ լեռնալանջերով կամ թեք տեղանքով ապարների զանգվածային սահաշարժեր, որոնք, լվացման հետևանքով, ապարների հավասարակշռության խախտման արդյունք են: Սողանքային շարժընթացներն ուղղակիորեն կախված են տեղանքի կառուցվածքից, ապարների շերտերի տեղաբաշխումից, ստորերկրյա ջրերի ակտիվությունից, անտառածածկույթի