կամ խոտածածկույթի խտությունից, գերխոնավացումից, ստորերկրյա ցնցումներից, մարդու անզգույշ տնտ. գործունեության, երկրբ. և երկրաձևաբան. պայմանների առանձնահատկությունների անտեսումից, որոնք հանգեցնում են ապարների ամրության նվազմանը և Ս-ի առաջացմանը:
ՀՀ տարածքը բնորոշվում է ուժեղ զարգացած սողանքային շարժընթացներով: ՀՀ տարածքում գոյություն ունեն 2000-ից ավելի խոշոր Ս. (մոտ 500 կմ² տարածք), որոնցից շատերը գտնվում են բնակավայրերի (Դիլիջան, Իջևան, Կապան, Վանաձոր և այլն) սահմաններում, միջին բարձրության լեռն. գոտում՝ Ախուրյանի հովտում (Գյումրուց հս-արմ.), Դեբեդի, Աղստևի, Վեդիի, Գետիկի, Որոտանի ավազաններում, Նուբարաշենի, Ջերմուկի սարավանդներում և այլն: Սողանքային վտանգը սպառնում է նաև տրանսպորտային (շուրջ 8000 կմ ընդհանուր երկարության ուղիներից ավելի քան 1500 կմ-ը սողանքային ազդեցության գոտում է) և էներգետիկ մայրուղիներին, արոտավայրերին և մշակովի հողերին, պատմամշակութային հուշահամալիրներին (Մակարավանք, Գոշավանք, Ջուխտակվանք և այլն): Ս. շատ հաճախ ավերիչ են. օրինակ՝ Մարմաշեն (Շիրակի մարզ), Մարտիրոս (Վայոց ձորի մարզ) գ-երն ավերվել, բնակիչները տեղափոխվել են: Նույն պատկերն է Դիլիջանում: Սողանքային փլվածքները տարածված են հանրապետության շուրջ 125 բնակավայրում:
Քանի որ մակերևութային և ստորերկրյա ջրհոսքերն ակտիվացնում են Ս., սողանքավտանգ տարածքներում չի թույլատրվում ջրագծեր (ջրմուղկոյուղու), առավել ևս բաց ջրանցքներ կառուցել: Ջրագծերից ու ջրանցքներից ներծծվող անխուսափելի կորուստների հետևանքով Ս. ակտիվացել են Գառնի-Հացավան-Ողջաբերդ, Արզնի-Գետամեջ-Պտղնի և այլ տեղամասերում:
ՀՀ-ում առկա են նաև բլոկային տեղաշարժեր (սողանքային բլոկներ), որոնք հիմն. զանգվածից պոկված, բայց իրենց միաձուլությունն ու ներքին կառուցվածքը պահպանած մայր ապարների խոշոր հատվածներ են (Իջևանի լեռնաշղթայում, Որոտանի կիրճում և այլն): Կան նաև քայքայված նյութի նվազագույն տեղաշարժով փլվածքային գոյացություններ՝ փլվածքային Ս., և բավականին յուրահատուկ ձև ունեցող հոսքային Ս., որոնք բնորոշվում են մածուցիկ և պլաստիկ հոսքերով, ամբողջապես քայքայված ներքին կառուցվածքով և սողանքային զանգվածների տեղաշարժման առավելագույն չափերով (Մարտիրոս, Արևիս, Հովք և այլ գ-եր):
ՀՀ տարածքի սողանքային տեղաշարժերի տեսակները շատ հաճախ տարանցման ընթացքում փոխակերպվում են փլվածք-սահք-հոսք սխեմայով (օրինակ՝ Ջերմուկի սողանքային խումբը): Նշված շարժընթացները վտանգավոր ու քայքայիչ են արոտավայրերի և վարելահողերի համար:
Ժամանակակից և անցյալի ակտիվությամբ սողանքային շարժընթացների մեծամասնությունը կապված է ակտիվ խզումնային գոտիների հետ, որոնց միջոցով տեղի են ունենում դանդաղ և երկրաշարժածին տեղաշարժեր:
Երկրաշարժածին սողանքներին բնորոշ է որոշակի գոտիականություն՝ պայմանավորված խզումնային գոտիների սեյսմիկ ռեժիմի տարբերություններով, լանջերի առավելագույն ձևախախտումներով և դրանց կայունության խախտմամբ: Ողջաբերդի (Կոտայքի մարզ), Վեդիի (Արարատի մարզ) սողանքային խմբերը գենետիկորեն կապված են Գառնիի խզումնային երկրաշարժային ակտիվության հետ և ունեն շատ բարձր ակտիվություն, մշտապես վնասում են Երևան-Գառնի ավտոճանապարհը և հարակից գյուղերը:
Ս-ի դեմ պայքարելու համար կառուցվում են գետափերն ամրացնող ու ցամաքուրդային կառույցներ, կատարվում ծառատնկումներ և այլ միջոցառումներ:
ՍՎԱՐԱՆՑԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Սյունիքի մարզի Սվարանց գ-ից 5 կմ հվ.՝ Արամազդ լեռան հս. լանջին: Մագմայական, տիտանամագնետիտային հանքավայր է: Հարուստ է վանադիումով և համարվում է Կաչկանարի (Ուրալ) երկաթի հանքանյութի նմանակը: Երկաթի հանքանյութի կանխատեսված պաշարներով (մոտ՝ 800 մլն տ, հետախուզված՝ 137,7 մլն տ) ամենախոշորն է Կովկասում: Հայտնաբերված ավելի քան 30 ոսպնյակաձև, դայքանման հանքամարմիններից 13-ն ունեն 10-70 մ հաստություն, 260-350 (երբեմն՝ 1200-1400) մ երկարություն: Հանքանյութը կազմված է հիմնականում մագնետիտ, տիտանամագնետիտ, ձիթակն, օձաքար, մասամբ՝ իլմենիտ և շպինել միներալներից: Առանձնացվում են երկաթի պարունակությամբ աղքատ, միջին հարստության և հարուստ հանքանյութեր, որոնցում գլխ. բաղադրամասերի միջին պարունակությունն է՝ 18-25% Fe, 1-3,8 % TiO2 և 0,02-0,65 % V205: Հանքանյութը որակյալ բնական հումք է լեգիրված վանադիումային պողպատ ստանալու համար:
ՍՏԱԼԱԳՄԻՏ (<հուն. stalagma - կաթիլ), պտկաքար, հոսանստվածքային (հաճախ՝ կրաքարային) սյունաձև, կոնաձև գոյացում, որն առաջանում է կարստային քարայրերի հատակին՝ բարձրից կաթող կալցիումի կարբոնատով հագեցած ջրային կաթիլներից գազերի հեռացման և դրանց գոլորշացման հետևանքով