ևն), պղնձի (Ալավերդի, Կապան, Շամլուղ և այլն), ոսկու (Սոթք, Լիճքվազ-Թեյ, Մեղրաձոր, Արմանիս և այլն), բազմամետաղային (Ախթալա, Գլաձոր, Կաքավասար, Մովսեսգեղ, Պրիվոլնոյե), երկաթի (Կապուտան, Հրազդան, Սվարանց և այլն) հանքավայրերը: Կարևոր նշանակություն ունեն մագմայական (նեֆելինային սիենիտ, երկաթ, քրոմիտ) և փոխակերպային (մարմար, տիտան և այլն) հանքավայրերը: ՀՀ մետաղային հանքավայրերը պարունակում են նաև հազվագյուտ, ցրված և ազնիվ տարրեր (արծաթ, ռենիում, սելեն, թելուր, բիսմութ, կադմիում, ցերիում, լանթան և այլն): Համեմատաբար ոչ մեծ հանքավայրեր և հանքերևակումներ են առաջացնում քրոմը (Շորժա), մանգանը (Սևքար-Սարիգյուղ), ծարիրը (Ամասիա), սնդիկը (Խոսրով, Բահար) և այլ մետաղ. տարրեր:
Հայկ. լեռնաշխարհը բացառիկ հարուստ է հրաբխ., նստվածքային և փոխակերպային ծագման ոչ մետաղային Օ.հ-ով:
Հայկ. հրաբխ. բարձրավանդակն առանձնանում է բնական շինանյութերով՝ տուֆ, բազալտ, անդեզիտ, բազալտային անդեզիտ, պեռլիտ, պեմզա, կրաքար, մարմար, տրավերտին, խարամ ևն, լեռնաքիմ. հումքով և բնական սորբենտներով՝ քարաղ բենթոնիտային կավ, ցեոլիթ, բարիտ, պիրիտ, գիպս և այլն, հրակայուն հումքով՝ կավ, քվարցիտ, մագնեզիտ և այլն, ձայնավերմամեկուսիչ, թթվա- և հիմնակայուն հումքով՝ դիատոմիտ, ասբեստ, քվարց, ագաթ ևն:
Հայաստանում կան թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, հանքային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք հիմնականում կապված են երկրակեղևի խախտման գծերի հետ:
Օգտակար հանածոների քարտեզը տես գրքի վերջում՝ Ներդիրում:
ՖԵԼԶԻՏԱՅԻՆ ՏՈՒՖ, հրաբխանստվածքային ապար, տուֆի տարատեսակ: Առաջանում է հրաբխ. մոխրի և ծովային նստվածքների խառնուրդից: Կառուցվածքը մանրահատիկ է, համասեռ, լավ արտահայտված շերտայնությամբ, գույնը՝ բաց կանաչից դեղնավուն, կարմիր: Տարրալուծված երկաթի օքսիդներն ապարում առաջացնում են գեղեցիկ պատկերներ: Տարածված է ՀՀ Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում: Օգտագործվում է շին-յան մեջ: