Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/1

Այս էջը հաստատված է

Հ, հայկական այբուբենի տասնվեցերորդ տառը։ Անունն է հո։ Ունի գրչագիր, երկաթագիր, բոլորգիր, շղագիր, նոտրգիր տառատեսակները։ Նշանագրում է հայ-ի կոկորդային պարզ, շփական, խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Վերջինս գրաբարում հաճախ գրվել է յ տառով (յիսուն), իսկ երբեմն, ըստ գրչի նախասիրության, նույն հնչույթը միևնույն բառում արտահայտվել է և՛ հ, և՛ յ տառերով (հովատակ-յովատակ)։ Արդի գրակ․ արևմտահայ-ը պահել է հ հնչույթի գրության գրաբարյան կանոնները։ Բարբառների մեծ մասում հ փոխարինվում է խ-ով (հաց > խաց)։ Հ նշանակել է 70 և 70-րդ, բյուրի նշանով (Հ) 70 բյուր (700000)։ Այժմ օգտագործվում է միայն որպես դասական թվական։

ՀԱԲԱՆԴ, Ա բ ա ն դ, Խաբանդ, Հանբանդ, Հարբանդ, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։ Հ-ի արմ․ մասը մոտավորապես համապատասխանում է ՀՀ Սյունիքի մարզի մի մասին՝ նախկին Գորիսի շրջանին։ Արլ-ից (Արցախի լեռներով) սահմանակից էր Արցախին, հվ-ից (Բարկուշատ և Ողջի գետերի ջրբաժան լեռներով)՝ Սյունիքի Բաղք, արմ-ից՝ Ծղուկք, հս-ից՝ Աղահեճք գավառներին։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի գրի առած ավանդության՝ Սյունյաց նախարար, տոհմի նահապետ Ձագիկը Հ-ի մի ձորում կառուցել է Ձագեձոր բերդը (կոչվել է նաև Հաբանդա բերդ), որից առաջացել է գավառի երկրորդ՝ Ձագեձոր (ավելի ուշ Զանգեզուր) անունը։

Ըստ Տաթևի վանքի հնագույն հարկացուցակի՝ Հ-ում վերջինիս պատկանել են 59 գյուղ։ Նշանավոր էին Ագարակը (այժմ՝ Հակարի), Բազմածակքը (Մազմազակ), Գորայքը (Գորիս), Գորուն (Ձորաշեն), Թաղթունը, Խնձորեսկը, Խոնածախը (Խնածախ), Խոտը, Հալեն կամ Հալիքը (Հալիձոր), Հուբականխոռը (Ղուբաթլու), Ձագեձորը (Վերիշեն), Շնո հերքը կամ Շնհերը (Շինուհայր), Շոռնոխոն (Շուռնուխ), Վաղատուն (Վաղատուր), Տեղը։ Նշանավոր էր նաև Բղենո բերդն իր անապատով։ Հետագայում Հ-ի արևմտյան մասը (Գորիսի ենթաշրջան) հայտնի էր Զանգեզուր անունով։

Գրկ․ Ս տ ե փ ա ն ո ս Օ ր բ ե լ յ ա ն, Սյունիքի պատմություն, Ե․, 1986։ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Հակոբյան Թ․, Սյունիքի թագավորությունը, Ե․, 1966։

ՀԱԲԱՆԴ, գավառ Աղվանքում։ Հիշատակվում է միայն VII դ․ «Աշխարհացոյց»-ում։ Ճշգրիտ տեղադրությունը հայտնի չէ։ Հավանաբար գտնվել է Ոստանի մարզպանից կամ Չողից (հետագա Դարբանդի մարզը) հվ-արմ․, հվ-արլ-ում սահմանակցել Բաղասական կամ Դաշտի Բազկան նահանգին, հվ-ում՝ Գեղավու, թերևս նաև Շաքե նահանգներին։

ՀԱԲԱՆԴ ՄՅՈՒՍ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում, Կարկառ գետի աջափնյակից մինչև Դիզափայտի լեռները և Քիրսի լեռնաշղթայից մինչև Մուխանք դաշտի արևմտյան եզերքը։ Հ-ի տարածքը մոտավորապես համապատասխանում է ներկայիս ԼՂՀ Մարտունու և Հադրութի շրջաններին։ Հ-ի Ամարաս ավանի եկեղեցին և վանքը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը։ Այնտեղ է ամփոփվել Գրիգորիսի (Գրիգոր Ա Լուսավորչի թոռը) աճյունը, որի վրա V դ․ Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը կառուցել է Ս․ Գրիգորիս մատուռը։ Նշանավոր էր Հ-ի Գտիչ կամ Քթիշ բերդավանը (ներկայիս Հադրութի շրջանում)` համանուն և եպիսկոպոսանիստ վանքով։ Գտիչից ոչ հեռու (ներկայիս Տող և Տումի գ-երի մոտ) գտնվող Գորոզ բերդավանի (հայտնի է VIII-IX դդ․) անունով հայ քերական-մեկնիչները (Համամ Արեվելցի, Վարդան Արևելցի և ուր․) հաճախ կոչել են բովանդակ Հ․, իսկ «Գորոզու բարբառ» ասելով հասկացել առհասարակ Արցախի բարբառ։ Ուշ միջնադարում Հ․ վարչականորեն բաժանվել է Դիզակի (հվ․ մասը) և Վարանդայի (հս․ մասը) գավառների` համանուն մելիքություններով, որով մոռացվել է գավառի հնագույն անվանումը։

ՀԱԳԱՐՈՒ, Ա ք ե ր ա (պատմ․ Աղվան, Աղավնո), գետ Հայկական լեռնաշխարհում, Որոտանի ձախ և ամենամեծ վտակը։ Երկար․ 113 կմ է, ավազանը՝ 2570 կմ ²։ Սկիզբ է առնում Ղարաբաղի բարձրավանդակից, Դալիդաղ լ-զանգվածի հվ․ լանջից։ Հոսում է հս-արմ-ից հվ-արլ․ խոշոր վտակը Հոչազն (Հոչանց) է (63 կմ )։ Սնումը խառն է, հորդացումը` մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 16,2 մ ³/վ է, հոսքը՝ 510 մլն մ³։

ՀԱԳՈՒՍՏ, զ գ ե ս տ, հանդերձ, ագանելիք, մարդու մարմնի արհեստական ծածկոց։ Լայն առումով ընդգրկում է նաև գլխի ծածկոցները, ոտնամանները, ձեռնոցները ևն։

Դեռևս ուշ քարի դարի հուշարձաններից հայտնաբերվել են քարե ամրակներ և ոսկրե ասեղներ, որոնք ծառայել են մորթու մշակմանն ու կարելուն։ Հ-ի համար օգտագործել են նաև տերևներ, խոտեր, ծառի կեղև, ձկան կաշի, փոկի և այլ ծովային կենդանիների աղիներ, թռչնի փետուր։ Նոր քարի դարում, մանածագործության առաջացման հետ, օգտագործվել են վայրի, այնուհետև՝ մշակովի (բամբակ, վուշ ևն) բուսաթելեր և բրդաթել։ Կարված Հ-ի նախատիպերը եղել են նախնադարյան մորթե թիկնոցները, ազդրերի ծածկոցները, տրեխները ևն։ Գլխի ծածկոցները, որոնք դեռևս հնում ծառայել են իբրև սոց․ ծագումն արտահայտող նշաններ (առաջնորդների, քրմերի գլխանոցներ ևն), նախապես ունեցել են