Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/104

Այս էջը սրբագրված է


Հզոր և կենտրոնացված պետության կազմվածքում հայկ․ ցեղերը ձեռք են բերել քաղ․, տնտ․ և հոգևոր-մշակութ․ սերտ կապեր, անխափան փոխհաղորդակցություն և համակեցություն։ Ձևավորվել և արմատավորվել են հայ ժողովրդի ազգ․ բովանդակությունը բնորոշող հատկանիշները՝ ընդհանրական լեզուն ու ինքնանվանումը, մշակույթն ու կրոնը, կենցաղը, սովորույթները, ավանդույթները, հոգեբանության յուրահատուկ գծերը։

Երվանդունիների (Հայկազյան) թագավորությունը (մ․ թ․ ա․ VI_III դ դ․)։ Մ․թ․ա․ VI դ․ 70-ական թթ․ Հայոց թագավորությունը, բախվելով Մերձ․ Արլ-ում ահեղ ուժ դարձած մարա-պարսկ․ տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը՝ այնուամենայնիվ պահպանել է իր պետ․ անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութ․ ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։ Հայաստանի պետ․ սահմանները համընկել են ճիշտ Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին։ Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ․թ․ա․ VI_V դդ․ Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հվ-արլ-ում տարածվել են մինչև Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հվ-ում՝ մինչև Ադիաբենե (Ասորեստան), հս-արմ-ում՝ մինչև Պոնտոս, արմ-ում՝ մինչև Մեծ կամ Բուն Կապադովկիա, իսկ հվ-արմ-ում՝ մինչև Կիլիկիա։ Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում Եփրատից արմ․ ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկ․ արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկ․ աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ Փոքր Հայք) երկրամասին։ Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկ․ լեռնաշխարհը։ Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր Մովսես Խորենացին), մ․թ․ա․ VI_IV դդ․ Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրած Հայկազյան արքայատան ներկայացուցիչները։ Պատմագիտության մեջ այդ արքայատունը հաճախ անվանում են Երվանդունի կամ Երվանդական՝ մ․թ․ա․ 570-ական թթ․ սակավ տարիներ գահակալող Երվանդ Ա Հայկազյանի անունով։ Վերջինիս հաջորդած որդին՝ Տիգրան Հայկազյանը (մ․թ․ա․ մոտ 560_530-ական թթ․), Պարսից Աքեմենյան արքա Կյուրոս Ա Մեծի հետ մ․թ․ա․ 550-ին մասնակցել է Մարաստանի, իսկ 538/537-ին Բաբելոնիայի թագավորությունների կործանմանը։ Հայկազյան-Երվանդունիները շարունակաբար գահակալել են մինչև մ․թ․ա․ III դ․ վերջը։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և մ․թ․ա․ 331-ին Աքեմենյան տիրակալության անկումից հետո, Հայաստանում գահակալող Երվանդ Գ իրեն հռչակել է անկախ թագավոր (մ․թ․ա․ 331 _ մոտ 300) և պայքարել հունա-մակեդոնական նվաճողների դեմ։ Նրա աջակցությամբ մ․թ․ա․ 331-ին Փոքր Հայքի թագավոր է հռչակվել զորավար և նրա թերևս մերձավոր ազգական Միթրաուստեսը (Միհրվահիշտ)։ Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնի և Սելևկոս Նիկատորի ոտնձըգություններին, հաջողությամբ պաշտպանել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև Փոքր Հայքի, Պոնտոսի և Կապադովկիայի թագավորությունները։

Մեծ Հայքի անտրոհելի տիրույթ է կազմել նաև Կոմմագենե «աշխարհը»։ Մ․թ․ա․ III դ․ կեսին Ծոփքի և Կոմմագենեի հայոց կուսակալ Սամոս (Շամ) Երվանդունին հռչակվել է թագավոր։ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղը Մեծ Հայքի սատարմամբ մինչև մ․թ․ա․ III դ․ վերջը պահպանել է իր ինքնուրույնությունը։ Սամոսի անունով հիմնվել են Սամոսատ (Կոմմագենեում) և Սամոկրատ (Ծոփքում) հելլենիստ․ քաղաքները։ Մ․թ․ա․ 240-ական թթ․ Սամոսին հաջորդել է որդին՝ Արսամեսը (Արշամ), որը հիմնել է Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում)։ Մ․թ․ա․ III դ․ վերջին Սելևկյանները նվաճել են Կոմմագենեն և հպատակեցրել Ծոփքը, որի արքա Քսերքսեսը մ․թ․ա․ 201-ին սպանվել է դավադրությամբ, Սելևկյան արքա Անտիոքոս Գ Մեծը Կոմմագենեում կուսակալ է կարգել հույն զորավար Պտղոմեոսին, իսկ Ծոփքում՝ հայազգի Զարիադրեսին (Զարեհ)։

Մ․թ․ա․ III դ․ վերջին քսանամյակին Մեծ Հայքում գահակալել է Երվանդ Դ Վերջինը, որն Ախուրյանի և Երասխի գետախառնման մոտ հիմնադրել է Երվանդաշատ նոր մայրաքաղաքը, որից քիչ հս․՝ Երվանդակերտը և Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին՝ Բագարան ավանը։ Մ․թ․ա․ մոտ 200-ին սելևկյան զորքերի աջակցությամբ հայ զորավար Արտաշեսը տապալել է Երվանդ Դ-ին և կարգվել Մեծ Հայքի կուսակալ։

Հայկազյան-Երվանդյան արքայատան, այդ թվում՝ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները հատել են դրամներ իրենց պատկերներով, խթանել երկրի տնտ․ զարգացումը, խրախուսել հելլենիստ․ մշակույթը։

Արտաշեսյանների թագավորությունը (մ․ թ․ ա․ III_I դ դ․)։ Սելևկյան պետության կարճատև գերիշխանության տարիներին (մ․թ․ա․ 200_ 190) Անտիոքոս Գ, Հայաստանում իր տիրապետությունն ամրապնդելու նպատակով, մի շարք եզերական «աշխարհներ» ու գավառներ անջատել է Մեծ Հայքից և բռնակցել շրջակա այլ երկրների, իսկ որոշներն էլ (Ծոփք, Կոմմագենե, Փոքր Հայք)՝ դարձրել առանձին կուսակալություններ։ Սակայն մ․թ․ա․ 190-ին Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում Սելևկյանների՝