Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/105

Այս էջը սրբագրված է


Հռոմից կրած ծանր պարտությունից հետո, Մեծ Հայքում անկախ թագավոր է հռչակվել Արտաշես Ա, Փոքր Հայքում՝ Միհրդատը, Ծոփքում՝ Զարեհը, իսկ Կոմմագենեում՝ Պտղոմեոսը։ Արտաշես Ա (մ․թ․ա․ մոտ 190_160) գահակալման սկզբին վերամիավորել է Մեծ Հայքից անջատված հողերը։ Սակայն Փոքր Հայքի, Ծոփքի, Կոմմագենեի վերամիավորման՝ Արտաշես Ա-ի փորձերը ձախողվել են Հռոմի միջամտության հետևանքով։ Արտաշես Ա ստեղծել է ազգ․ հզոր զորաբանակ և այն բաժանել չորս սահմանակալ զորաթևերի, կարգավորել կառավարման համակարգը և գործակալությունները, կատարել վարչ․ ու հողային բարեփոխություններ, նպաստել երկրի տնտեսության և հելլենիստ․ մշակույթի զարգացմանը։ Հիմնադրել է Արտաշատ մայրաքաղաքը (Երասխ ու Մեծամոր գետերի միախառնման մոտ), Զարեհավան անվանումով երեք և Զարիշատ անվանումով երկու քաղաք։

Արտաշես Ա-ի հաջորդների՝ Արտավազդ Ա-ի (մ․թ․ա․ մոտ 160_115) և Տիրան-Տիգրան Ա-ի (մ․թ․ա․ մոտ 115_95) գահակալման տարիները հավանաբար անցել են համեմատաբար խաղաղ։ Հռոմեացի պատմագիր Հուստինոսի վկայությամբ, հայտնի է միայն, որ հզորացած Պարթևաստանի դեմ պատերազմում Հայաստանը պարտվել է, և Տիրան-Տիգրան Ա-ի գահաժառանգ որդի Տիգրանը պատանդ է վերցվել։ Մ․թ․ա․ 95-ին՝ հոր մահից հետո, Տիգրան Բ, Պարթևաստանին զիջելով Մեծ Հայքի հվ-արլ․ որոշ հողեր («70 հովիտներ»), ազատվել է պատանդությունից և ժառանգել հայրենի գահը։

Տաղանդավոր դիվանագետ, պետ․ և ռազմ․ գործիչ Տիգրան Բ Մեծի գահակալման 40 տարիները (մ․թ․ա․ 95_55) նշանավորվել են Հայաստանի աննախադեպ ռազմաքաղ․, տնտ․ և մշակութ․ վերելքով, հայկ․ պետության միջազգ․ դերի և հեղինակության բարձրացմամբ։ Հռոմ․ և պարթևական հզոր տերությունների առաջխաղացումները դիմակայելու և Հայաստանի դեմ նրանց սպառնալիքները չեզոքացնելու նպատակով Տիգրան Բ Մեծը ռազմաքաղ․ դաշինք է կնքել Պոնտոսի և Փոքր Հայքի զորեղ թագավոր Միհրդատ VI Եվպատորի հետ, մ․թ․ա․ 94/93-ին՝ վերամիավորել Ծոփքը, մ․թ․ա․ 91-ին՝ Միհրդատ VI-ի աջակցությամբ գրավել Կապադովկիան, ապա իրեն ենթարկել Իբերիան և Աղվանքը։ Մ․թ․ա 87_85-ին Պարթևաստանի դեմ պատերազմում Տիգրան Բ Մեծը նախ ազատագրել է Հայոց Միջագետք և Կորդուք «աշխարհները», ինչպես նաև «70 հովիտները», պարթևներին դուրս մղել Միգդոնիայից, Օսրոյենեից, Ադիաբենեից և Ատրպատականից, որոնք ճանաչվել են Մեծ Հայքի հպատակ ու դաշնակից թագավորություններ, իսկ պարթև Արշակունիները հարկադրված «արքայից արքա» տիտղոսը զիջել են Հայոց թագավորին և նրա գահաժառանգներին։ Այնուհետև Տիգրան Բ իր ուշադրությունը բևեռել է Արլ-ի երկրների ընդհանուր թշնամի Հռոմի վրա և նրա առաջխաղացման գլխ․ ուղիները պատնեշելու, Միջերկրածովքի հելլենիստ․ երկրներին հակահռոմ․ ռազմաքաղ․ խմբավորման մեջ ներգրավելու և իր տերության ազդեցության ոլորտներն ընդլայնելու նպատակով, մ․թ․ա․ 84_83-ին նվաճել է Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը և Նաբատեան։

Իր տերությունը դյուրությամբ կառավարելու համար Տիգրան Բ Մեծը հիմնել է մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ, զբաղվել շին․ աշխատանքներով, հատկապես քաղաքաշինությամբ և ճանապարհաշինությամբ։ Աղձնիքում հիմնադրել և կառուցապատել է տերության մայրաքաղաք Տիգրանակերտը, Արտաշատ_Տիգրանակերտ «արքունի պողոտան», Տիգրանակերտ անվանումներով այլ քաղաքներ Հայաստանի տարբեր շրջաններում, հովանավորել է հելլենիստ․ մշակույթի և տնտեսության, հատկապես՝ արհեստների ու առևտրի զարգացումը, իր պատկերով և հուն․ մակագրությամբ հատել արծաթե ու պղնձե դրամներ։

Տիգրան Բ Մեծին հաջորդած Արտավազդ Բ-ի գահակալման տարիներին (մ․թ․ա․ 55_34) Մեծ Հայքի թագավորությունը, արդեն հայտնվելով պարթևա-հռոմ․ սուր զինաբախումների ոլորտում, պատերազմող տերությունների միջև վարել է խուսանավման քաղաքականություն։ Պարթևաստանի դեմ արշավանքներում մ․թ․ա․ 53-ին ջախջախվել են Կրասոսի, իսկ մ․թ․ա․ 36-ին՝ Անտոնիոսի գլխավորած զորաբանակները։ Վերջինս իր արշավանքի ձախողման գլխ․ պատճառը համարել է հենց Արտավազդ Բ-ի դիրքորոշումը, և նրան դավադրաբար ձերբակալելու մի շարք փորձերի ձախողումից հետո, մ․թ․ա․ 34-ին ներխուժել է Մեծ Հայք, գերեվարել և մ․թ․ա․ 31-ին Ալեքսանդրիայի բանտում գլխատել Արտավազդ Բ-ին։

Արտավազդ Բ-ի գահաժառանգ որդի Արտաշես Բ (մ․թ․ա․ 30_20), գլխավորելով Հռոմի դեմ պայքարը և վերականգնելով դաշինքը Պարթևաց թագավոր Հրահատ IV Արշակունու հետ, մինչև մ․թ․ա․ 31-ը ոչ միայն ազատագրել է Մեծ Հայքը հռոմ․ զավթիչներից, այլև ջախջախել է նրանց համագործակցող Ատրպատականի թագավոր Մար Արտավազդին և նրա տերությունը միացրել Հայոց թագավորությանը։ Իսկ Հռոմը, հաշվի առնելով Կրասոսի և Անտոնիոսի պարտությունների դառը փորձը, շուրջ 10 տարի չի պատերազմել հայ-պարթևական միացյալ ուժերի դեմ և վարել է Մեծ Հայքն իր ավանդ․ դաշնակիցներից մեկուսացնելու, այն թշնամի դրացիներով օղակելու և հայ ավագանուն պառակտելու քաղաքականություն։ Մ․թ․ա․ 20-ին հռոմ․ զորքերը ներխուժել են Մեծ Հայք, և հայ ավագանու որոշ ներկայացուցիչներ հզոր թշնամու դեմ պատերազմից խուսափելու և պետ․ անկախությունն իսպառ չկորցնելու հույսերով դավադրաբար սպանել են Արտաշես Բ-ին, համաձայնել գահը հանձնել