Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/106

Այս էջը սրբագրված է


նրա եղբորը՝ երկար տարիներ Հռոմում պատանդության մեջ ապրած Տիգրան Գ-ին (մ․թ․ա․ 20_8)։ Միաժամանակ Մեծ Հայքից անջատվել է Ատրպատականը, և այնտեղ թագավոր կարգվել Հռոմի կամակատար Արիոբարզանը՝ Մար Արտավազդի որդին։

Տիգրան Գ գահակալման վերջին տարիներին գրեթե ձերբազատվել է Հռոմի միջամտություններից, մերձեցել Պարթևաստանին և սկսել դրամներ հատել պահլավերեն մակագրություններով։ Նրա մահից հետո Հռոմը Հայոց գահին է դրել Տիգրան Գ-ի կրտսեր եղբայր Արտավազդ Գ-ին (մ․թ․ա․ 8_6), որը շուտով տապալվել է, և գահն անցել է Տիգրան Գ-ի որդի Տիգրան Դ-ին (մ․թ․ա․ 6 _ մ․թ․ 1)։ Վերջինիս մահով և նրա տոհմի արական սերնդի ընդհատմամբ վերացել է Արտաշեսյան արքայատոհմը։

Արշակունիների թագավորություն (I_V դդ․)։ Արտաշեսյան արքայատան անկումից հետո Հռոմ․ կայսրությունն իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել է դրածո թագավորների միջոցով։ Մինչդեռ հայ ժողովուրդը ջանացել է ձերբազատվել Հռոմի տիրապետությունից և նրա կամակատար գահակալներից, վերականգնել Մեծ Հայքի թագավորության ինքնուրույնությունը և դրացի Պարթևաստանի հետ ռազմաքաղ․ փոխշահավետ դաշինքը։ Նրա համառ պայքարը, ի վերջո, պսակվել է հաջողությամբ․ Պարթևաց Արշակունի արքա Վաղարշ I-ի գահակալմամբ (51_76) նրա եղբայր Տրդատ Ա (52 _ մոտ 80) հայ ավագանու աջակցությամբ Արտաշատ մայրաքաղաքում օծվել է Հայոց արքա՝ հիմնադրելով Արշակունիների արքայատունը Մեծ Հայքում (52_428)։

Տրդատ Ա-ին տապալելու և Մեծ Հայքում իր ազդեցությունը վերականգնելու համար Հռոմ․ կայսրության վճռական միջամտությունները ձախողվել են հայ-պարթև․ համագործակցության շնորհիվ։ Իսկ 62-ին Ծոփաց աշխարհի Հռանդեա վայրում վճռական ճակատամարտում հռոմ․ զորաբանակի ջախջախիչ պարտությունից հետո Ներոն կայսրը (54_68) հարկադրված հրաժարվել է ռազմ․ միջամտություններից և դիմել խաղաղ բանակցության։ 64-ին Հռանդեայի պայմանագրով Հռոմը և Պարթևաստանը ճանաչել են Մեծ Հայքի անկախությունը։ Պայմանագրի համաձայն, այնուհետև Մեծ Հայքի գահի համար Պարթևաց արքունիքի առաջադրած թեկնածուն, սկսած Տրդատ Ա-ից, պետք է մեկներ Հռոմ և արժանանար կայսրի հաստատմանը։

65-ին Տրդատ Ա մեծ շքախմբով մեկնել է Հռոմ, օծվել Մեծ Հայքի թագավոր, 66-ին՝ վերադարձել հայրենիք, զբաղվել երկրի տնտ․ վերականգնմամբ և շին․ աշխատանքներով։ Հայոց արքային հատկացված խոշոր գումարը (200 մլն սեստերս = 500 մլն ֆրանկ) և նրա հետ Մեծ Հայք ուղարկած հունահռոմ․ բազում արհեստավորները սոսկ կայսրական «պարգև» չէին, այլ ռազմատուգանք՝ հռոմ․ զորքերի պատճառած վնասները փոխհատուցելու համար։ Վերականգնվել են Արտաշատը, Գառնիի ամրոցը, նրան առընթեր կառուցված Միհր աստծու տաճարը ևն։

Սանատրուկ թագավորը (մոտ 80_ 110) շարունակել է նախորդի շին․ գործունեությունը, Արածանիի և Մեղրագետի միախառնման մոտ հիմնել Մծուրն քաղաքը, նպաստել երկրի տնտեսության և մշակույթի բարգավաճմանը։ Սանատրուկին հաջորդել է Աշխադար Արշակունին (110_113), սրան էլ՝ իր եղբայրը՝ Պարթամասիրը (113_114), որին Հռոմի Տրայանոս կայսրը նենգորեն սպանելով, ներխուժել է Մեծ Հայք (այն հայտարարել հռոմ․ նահանգ) և Պարթևաստան։ Սակայն հռոմ․ զորքերը պարտվել են հայ-պարթև․ միացյալ ուժերից։ Պարթևների արքա Խոսրով Բ-ի համաձայնությամբ Մեծ Հայքի գահին է բարձրացել այնտեղ հակահռոմ․ պայքարը գլխավորող Վաղարշ Ա (116_144)։ Հռոմը ճանաչել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը և Վաղարշ Ա-ի գահակալման իրավասությունը։ Վերջինս ծավալել է շին․ գործունեություն, հիմնել Վաղարշապատ նոր արքայանիստը, Վաղարշակերտ (Բագրեվանդ գավառում, այժմ՝ Ալաշկերտ) և Վաղարշավան (Բասեն գավառում) քաղաքները։ Հռոմի կայսր Անտոնիոս Պիոսը 144-ին տապալել է Վաղարշ Ա-ին և Մեծ Հայքի գահին կարգել Կոմմագենեի Երվանդունիների շառավիղ և Ասորիքի Եմեսա քաղաքի թագավոր Սոհեմոսին (140_161 և 164_186), որի գահը պարթևների միջամտությամբ ընդհատվել է Բակուր Արշակունու գահակալմամբ (161_163)։ Սոհեմոսը շարունակել է Վաղարշապատի կառուցապատումը։ Մեծ Հայքում Հռոմ․ կայսրության դեմ պայքարը 186-ին ավարտվել է ազգ․ ուժերի հաղթանակով և Վաղարշ Ա-ի թոռ կամ եղբորորդի Վաղարշ Բ Արշակունու գահակալմամբ (186_211)։ Կովկասյան հրոսակ ցեղերի դեմ կռիվներից մեկում վերջինիս զոհվելուց հետո նրան հաջորդել է որդին՝ Խոսրով Ա Մեծը (211_259), 216-ի գարնանը Հռոմի Կարակալա կայսրը խարդախությամբ ձերբակալել է Խոսրով Ա Մեծին և Մեծ Հայքի թագավոր հռչակել ոմն Տրդատ Բ Արշակունու (216_217)։ Հռոմ․ մի զորաբանակ՝ Թեոկրիտոսի հրամանատարությամբ, ներխուժել է Մեծ Հայք, սակայն պարտվել և նահանջել է։ 217-ին Կարակալայի սպանությունից հետո Մակրինոս կայսրը, պարտվելով հայ-պարթև․ ուժերից, նոր հաշտությամբ պարթևներին է զիջել Միջագետքը և ազատել գերիներին, այդ թվում՝ Խոսրով Ա Մեծին, որը վերստին տիրել է հայրենի գահը։ Վերջինս այնուհետև զինակցել է Արտավան Ե Արշակունուն՝ ընդդեմ Պարսկաստանում գլուխ բարձրացրած Սասանյանների։ 226-ին Արշակունիների պարտությունից և Արտավան Ե-ի զոհվելուց հետո Խոսրով Ա Մեծը տարիներ շարունակ գլխավորել է հակասասանյան