Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/109

Այս էջը սրբագրված է


Վռամշապուհը (389_414), օգտվելով Պարսկաստանի և Հռոմ․ կայսրության միջև ստեղծված քաղ․ հավասարակշռությունից, բարեկամ․ կապեր է հաստատել նրանց հետ, մեծապես նպաստել երկրի բարգավաճմանը, հատկապես ազգ․ կրթության զարգացմանն ու մշակույթի բուռն վերելքին, որոնցով պայմանավորվել է Հայոց «ոսկե դարը»։ Վռամշապուհի հոգատարությամբ Հայոց կաթողիկոս․ աթոռին շուտով վերահաստատվել է Սահակ Ա Պարթևը։ Նա կարգավորել է Հայոց նոր Գահնամակը՝ նախարարությունների տեղերն ու պաշտոնները կառավարման նվիրապետական համակարգում։ Համոզվելով օտարալեզու (հուն․, ասոր․, պարսկ․) դպրոցներով և «մուրացածո» գրերով ազգ․ կրթության, գիտության և մշակույթի զարգացման անհնարինության մեջ, Վռամշապուհը և հազարապետ Առավանը հատուկ ջանասիրությամբ աջակցել են Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և ազգ․ դպրոցների բացման գործում, մեծապես խրախուսել նրանց լուսավորական ձեռնարկումները։

Վռամշապուհի մահից հետո, նրա որդի Արտաշեսի մանկահասակության պատճառով, հայ նախարարների պահանջով 414-ին կրկին թագավորել է բանտարկությունից ազատված Խոսրով Գ, բայց մահացել է նույն տարում։ Օգտվելով պատեհ առիթից՝ Պարսից արքա Հազկերտ I, հայ նախարարների կամքին հակառակ, 416-ին Հայոց գահին է դրել իր որդի Շապուհին, սակայն 419-ին Շապուհի՝ Տիզբոն մեկնելուց և սպանվելուց հետո հայ նախարարները ապստամբել և թոթափել են պարսից տիրապետությունը։ Սասանյան նոր արքա Վահրամ V Գոռը (421_439) Վռամշապուհի որդի Արտաշես Գ-ին հարկադրված ճանաչել է Հայոց թագավոր (422_428), իսկ Համազասպ Մամիկոնյանի որդի Վարդան Մամիկոնյանին՝ սպարապետ (422_451)։ Սակայն Վահրամ V Գոռը պարսկասեր նախարարներին հրահրել է Արտաշեսի դեմ, նրանց պահանջով և կեղծ ամբաստությամբ 428-ին տապալել նրան, Հայաստանը հռչակել պարսից տերության հպատակ վարչամիավոր՝ մարզպանություն։


Հայաստանի քաղաքական կացությունը V_IX դդ․։ Մարզպանական Հայաստանը սկզբնական շրջանում արտոնյալ կարգավիճակով ինքնավար վարչաքաղ․ միավոր էր, որտեղ պահպանվել էին հայ նախարարների և բարձրադաս հոգևորականների ավանդ․ իրավունքներն ու արտոնությունները, պաշտոնակալությունները, հայկ․ զորաբանակը, հարկային համակարգը ևն։ Սակայն Պարսկաստանը երկար չհանդուրժեց Հայաստանի ինքնավար կարգավիճակը, և առաջին մարզպան Վեհմիհրշապուհից (428_443) հետո Հազկերտ II (439_457) չնայած Հայոց մարզպան նշանակեց հայ ազդեցիկ իշխան Վասակ Սյունուն (441_451), այդուհանդերձ 440-ական թթ․ Պարսից արքունիքը որդեգրեց մարզպանական Հայաստանի պետ․ ինքնավարությունը վերացնելու և այն պարսկ․ նահանգի վերածելու քաղաքականություն։ Այդ ծրագիրը դյուրությամբ կենսագործելու համար, 442-ին հայկ․ զորաբանակը սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ուղարկվել է Միջին Ասիա՝ քուշանների դեմ պատերազմելու։ 447-ին, «աշխարհագիր» (մարդահամար և եկամուտների հաշվառում) կատարելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, սահմանափակել հոգևորականների իրավունքները, խարդախ ու բանսարկու միջոցներով պառակտել հայ նախարարների միասնությունը, հայրենասեր նախարարներին զրկել իրենց ժառանգ․ պաշտոններից ու արտոնություններից, խրախուսել չարաշահումներն ու կամայականությունները, ոտնահարել հայ ժողովրդի ազգ․ և կրոն․ զգացումները։ Նման նախապատրաստ․ քայլերից հետո Հազկերտ II 449-ին հատուկ հրովարտակով հայերից պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն։ Արտաշատում գումարված համազգ․ ժողովը մերժել է Պարսից արքունիքի պահանջները, ինչը որակվել է հակապետ․ խռովություն, և Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կանչվել են Տիզբոն՝ պատասխանատվության։ Հաշվեհարդարից խուսափելու համար նրանք դիմել են առերես հավատափոխության և 449-ի աշնանը վերադարձել հայրենիք, որտեղ արդեն տարերայնորեն ծավալվել էր ազատագր․ պայքարը։ Գլխավորելով այն՝ հայ նախարարները խնդիր են դրել վերահաստատել Հայոց թագավորությունը։ Թեև պարսկ․ արքունիքը կեղծ խոստումներով 450-ի ամռանը կարողացել է հրապուրել մարզպան Վասակ Սյունուն և ուրիշ նախարարների, պառակտել հայոց պայքարի ճակատը, սակայն հայկ․ զորաբանակը և ժող․ աշխարհազորը՝ Վարդան Մամիկոնյանի և նրա զինակիցների գլխավորությամբ 451-ի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտով և հետագա համառ մարտերով Հազկերտ II-ին հարկադրել են Հայաստանից հետ կանչել պարսկ․ զորքերի մնացորդներին, հրաժարվել կրոնափոխության ծրագրից, թեթևացնել հարկերը, ճանաչել հայոց մարզպանության ինքնավարությունը և վարել սիրաշահելու քաղաքականություն։

Պարսից արքա Պերոզը 470_480-ական թթ․ դարձյալ ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, բորբոքել կրոն․ նոր հալածանքներ, սաստկացրել բռնությունները հայրենասեր նախարարների դեմ։ Հայաստանում սրված դժգոհությունները հանգեցրել են նոր՝ 482_484-ի ազատագր․ պատերազմին։ 482-ին հայկ․ զորքերը սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախել են պարսկ․ ուժերը, տապալել պարսիկ մարզպան Ատրվշնասպին և Հայոց տանուտեր ընտրել երևելի հայ