Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/113

Այս էջը սրբագրված է

(890-913/914)՝ արաբ․ խալիֆայության ձևական գերիշխանությունը թոթափելու և արաբա-բյուզ․ մրցակից տերությունների միջև իր չեզոքությունը ապահովելու ձգտումը հարուցել է Աբբասյանների դժգոհությունը, որոնք 890-900-ական թթ․ մի քանի անգամ փորձել են Հայաստանում վերականգնել խալիֆայության տիրապետությունը։ Սակայն Սմբատ Ա դիվանագիտ․ քայլերով և ռազմ․ հաղթանակներով խափանել է խալիֆայության միջամտություններն ու հարձակումները։ Վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունուն օծել է Վրաստանի թագավոր, զսպել Եգերաց Կոստանդին թագավորի ոտնձգությունները Վրաստանի դեմ և ապահովել Բագրատունիների տերության հս․ սահմանները։

Ատրպատականի արաբ․ ամիրա Սաջյան Յուսուֆը, օգտվելով Սմբատ Ա-ի դեմ ծագած Վասպուրականի Արծրունիների իշխանության խռովությունից, 908-ին խալիֆայի համաձայնությամբ Գագիկ Արծրունուն հռչակել է թագավոր (908-943) և նրա համագործակցությամբ ներխուժել Հայաստան։ Արյունալի կռիվներից հետո Յուսուֆը 913/914-ին նենգությամբ ձերբակալել և սպանել է Սմբատ Ա-ին։ Սակայն հայ ժողովուրդը, Սմբատ Ա-ի որդիների՝ Աշոտ Բ Երկաթ արքայի (914-929) և Աբաս սպարապետի գլխավորությամբ շարունակել է հերոսական պայքարը զավթիչների դեմ, ազատագրել երկիրը և վերջ դրել խալիֆայության ձևական գերիշխանությանը։ Աշոտ Երկաթն այնուհետև զբաղվել է երկրի վերաշինությամբ, ավերված քաղաքների ու բերդերի վերականգնըման աշխատանքներով։

Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Աբաս Բագրատունին (929-953), որն արքայանիստը Երազգավորսից տեղափոխել է Կարս։ Նրա նախաձեռնությամբ կաթողիկոս․ աթոռն Աղթամարից փոխադրվել է Շիրակ գավառի Արգինա ավանը։

Աբասի որդի Աշոտ Գ Ողորմածը (953-977) գահակալման սկզբին հակահարված է հասցրել Աբխազաց թագավորության նվաճողական փորձերին և ամրապնդել տերության հս․ շրջանները, 959-ին հնազանդեցրել նաև Աղձնիքի արաբ․ ամիրայությանը։ 961-ին Աշոտ Գ մեծ հանդիսավորությամբ գահանիստ քաղաք է օծել արագ զարգացող և վաճառաշահ Անին, հոգացել դրա կառուցապատման աշխատանքները։

Պետ․ կառավարման համակարգը բարելավելու և ճկուն դարձնելու նպատակով Աշոտ Գ տերության մի քանի խոշոր և ռազմավար․ նշանակություն ունեցող մարզերի կառավարումը հանձնարարել է տեղի երևելի իշխաններին, մասնավորապես՝ Բագրատունիների տոհմի ներկայացուցիչներին՝ նրանց օժտելով փոխարքայի լիազորություններով։ 963-ին Վանանդում թագավոր (փոխարքա) է հռչակել կրտսեր եղբորը՝ Մուշեղ Ա Բագրատունուն, որն իր գահանիստը դարձրել է Կարսը, 966-ին Տաշիր-Ձորագետում՝ փոխարքա է օծել իր կրտսեր որդի Գուրգենին (Կյուրիկե), նախ Շամշուլդե, իսկ 1065-ից՝ Լոռե գահանիստ կենտրոններով։ 973-ին թագավոր է հռչակվել նաև Սյունիքի գահերեց իշխան Սմբատը, որն իր գահանիստը դարձրել է Կապան բերդաքաղաքը։

Բյուզ․ կայսրությունը 967-ին խարդախությամբ զավթել է Տարոնի Բագրատունիների իշխանությունը և, այն դարձնելով առանձին բանակաթեմ, 970-ական թթ․ սկսել է սպառնալ նաև Անիի թագավորությանը։ Սակայն Աշոտ Գ հայկ․ 80 հզ-անոց զորաբանակով Հարք գավառում ընդառաջ է եկել բյուզ․ զորքերին, և կայսր Հովհաննես I Չմշկիկը, 974-ին խաղաղության և բարեկամության պայմանագիր ստորագրելով, հեռացել է Բագրատունիների իշխանության սահմաններից։

Աշոտ Գ-ին հաջորդել է որդին՝ Սմբատ Բ Տիեզերակալը (977-989), որը շարունակել է Անի մայրաքաղաքի կառուցապատման աշխատանքները, կերտել քաղաքի երկրորդ՝ «Սմբատյան» կոչվող պարիսպը, հիմնել նոր կաթողիկե եկեղեցի և կաթողիկոս․ աթոռն Արգինայից տեղափոխել Անի։ Նա հակահարված է հասցրել Ատրպատականի ամիրայությունների ոտնձգություններին, Աբխազաց թագավոր հռչակել Բագարատ Գ Բագրատունուն, ամրապնդել տերության սահմանները և կենտր․ իշխանության հեղինակությունը։

Սմբատ Բ-ի կրտսեր եղբայրը և հաջորդը՝ Գագիկ Ա Բագրատունին (989-1020), ժառանգել է տնտեսապես բարգավաճ և հզոր թագավորություն, տեղական բոլոր թագավորություններն ու իշխանություններն անվերապահորեն ենթարկվել են կենտր․ թագավորության գերիշխանությանը։ X դ․ վերջին նրանց միասնական զորաբանակը Հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ հակահարվածներ է հասցրել Ատրպատականի և Գանձակի ամիրաների զորքերին, խափանել նրանց զավթողական նկրտումները և կողոպտչական արշավանքները։ Գագիկ Ա հզորացրել և կատարելագործել է արքունի մշտական զորքը, իսկ ընդհանուր զորաբանակի մարտիկների թիվը հասցրել 100 հզ-ի։ Բյուզ․ կայսրությունը Տայք-Կղարջքի իշխան և կյուրապաղատ Դավիթ Բագրատունու դավադրական մահից (1000) հետո թեև կեղծ կտակով զավթել է նրա տիրույթները, սակայն երկյուղելով Գագիկ Ա-ի հզորությունից, նրա օրոք չի համարձակվել իրագործել իր զավթողական ծրագրերը Հայաստանում։

Գագիկ Ա-ի մահից հետո գահի համար սուր պայքար է ծավալվել նրա որդիներ Հովհաննես Սմբատի և Աշոտի միջև։ Բագրատունիների տերության մեծամեծ իշխանների ու թագավորների միջամտությամբ շուտով կնքվել է համաձայնություն, ըստ որի՝ Հովհաննես-Սմբատն