Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/114

Այս էջը սրբագրված է

ավագության իրավունքով գահակալել է երկրի կենտր․, իսկ Աշոտ Դ՝ եզերական տիրույթներում։

Օգտվելով Բագրատունիների կենտր․ թագավորության ներքին ճգնաժամից՝ Ատրպատականում հաստատված սելջուկյան թուրքերը 1020-ական թթ․ սկզբին հասել են Նիգ գավառը, որտեղ նրանց ջախջախել է Բջնիի իշխան Վասակ Պահլավունին և դուրս շպրտել երկրի սահմաններից։ 1021-ին Բյուզանդիայի կայսր Վասիլ II ծանր պարտության է մատնել վրացա-աբխազ․ զորքերին, դաժան դատաստան տեսել նրանց աջակցող Տայքի և Կղարջքի հայ բնակչության հետ և նախապատրաստվել է ներխուժել Բագրատունիների կենտր․ տիրույթները։ Նույն թվականին կայսրը Արծրունիների Հովհաննես-Սենեքերիմ թագավորին հարկադրել է Վասպուրականը «կտակել» Բյուզանդիային և փոխարենը տիրույթներ ստանալ Սեբաստիայի նահանգում։ Վասիլ II-ի հետ բանակցություններ վարելու և նրա հարձակումը կանխելու նպատակով՝ Հովհաննես Սմբատը 1022-ին Հայոց բյուզանդամետ կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի գլխավորությամբ մի պատվիրակություն է ուղարկել Տրապիզոն։ Սակայն կաթողիկոսը կայսրի պարտադրմամբ կնքել է մի համաձայնագիր-կտակ, որով Հովհաննես Սմբատի մահից հետո նրա տիրույթները՝ Անի մայրաքաղաքով հանդերձ, անցնելու էին Բյուզ․ կայսրությանը։

1041-ին գրեթե միաժամանակ մահացել են (թերևս բյուզ․ արքունիքի կազմակերպած դավով) Աշոտ Դ և Հովհաննես-Սմբատը։ Նույն թվականին Բյուզ․ մեծաքանակ զորքերը ներխուժել են Շիրակ և պաշարել Անին։ Սակայն քաղաքի բնակչությունը և հայկ․ զորքերը Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են զավթիչներին և դուրս շպրտել երկրից։ Հայրենասեր ուժերը Վահրամ Պահլավունու նախաձեռնությամբ 1042-ին Հայոց թագավոր են հռչակել Աշոտ Դ-ի 18-ամյա որդուն՝ Գագիկ Բ-ին, 1044-ին ևս երկու անգամ հաղթել Անին պաշարած բյուզ․ զորաբանակներին և պահպանել թագավորության անկախությունը։ Սակայն կայսր Կոստանդին Մոնոմախը, հաշտության պայմանագիր կնքելու կեղծ խոստումներով ու երդումներով, 1045-ին Գագիկ Բ-ին հրավիրել է Կոստանդնուպոլիս և բանտարկել, իսկ բյուզ․ զորքերը Դվինի մահմեդ․ ամիրայության ուժերի հետ համառ կռիվներով զավթել են Անին և Բագրատունիների թագավորության կենտր․ տիրույթները։ Շուտով Գագիկ Բ ազատվել է բանտարկությունից, տիրույթներ ստացել Կապադովկիայի և Լեռնային Կիլիկիայի սահմանագլխին գտնվող Պիզու և Կալոն Պեղատ բերդերով հանդերձ, որտեղ իշխել է մինչև 1079-ը։

1045-ից հետո Հայաստանի մեծագույն մասն անցել է Բյուզանդիային։ Իր կարճատև տիրապետության տարիներին կայսր․ արքունիքը վարել է հայերի զանգվածային արտագաղթեցման, նրանց քաղ․ և ռազմ․ զորության թուլացման, տնտ․ ճնշման և քաղկեդոն․ եկեղեցու դավանանքի պարտադրման քաղաքականություն։

Հայաստանի քաղաքական կացությունը XI-XIII դդ․։ Սելջուկյան թուրքերի 1047-54-ին և 1063-72-ին ձեռնարկած արշավանքների ընթացքում նվաճվել է Հայաստանը, կողոպտվել և ավերվել են բազմաթիվ բնակավայրեր, գերեվարվել կամ արտագաղթի մղվել հարյուր հազարավոր հայեր։ Կարճ ժամանակամիջոցում թուրք․ անասնապահ և վաչկատուն ցեղերը Հայաստանում հիմնել են մի շարք ամիրայություններ։ 1085-ին սելջուկյան սուլթան Մելիքշահը Հայաստանից, Առանից և Ատրպատականից կազմել է առանձին վարչ․ միավոր։ Հայաստանի ընդհանուր կառավարումը թեև հանձնվել է սելջուկյան թուրքերի ռազմ․ ավագանուն, սակայն տեղերում վարչ․, տնտ․ և կրոն․ իշխանությունը հիմնականում մնացել է հայ աշխարհիկ և հոգևոր բարձր դասի ձեռքում։ Հայ հոգևորականներն ազատվել են հարկերից, իսկ իշխան․ տների կախվածությունը սուլթանից արտահայտվել է հողահարկ վճարելու տեսքով։ XI-XII դդ․ Հայոց թագավոր․ և իշխան․ մի քանի տոհմեր շարունակել են իշխել Գուգարքում, Ուտիքում, Արցախում, Սյունիքում, Վասպուրականում, Տարոն-Սասունում և այլուր։ Այսպես, Բագրատունիների Կյուրիկյան արքայաճյուղն իշխել է Տաշիր-Ձորագետում, որն ընդգրկել է Գուգարքի արլ․ և Ուտիքի արմ․ գավառները։ Դավիթ Անհողինի որդին և հաջորդը՝ Կյուրիկե Ա թագավորը (1048 - մոտ 1089), որը Բագրատունիների կենտր․ թագավորության անկումից հետո հավակնել է գահերեցի իրավասության, թեև հաջողությամբ պայքարել է Գանձակի Շադդադյան ամիրայության և վրացա-աբխազ․ թագավորության ոտնձգությունների դեմ, սակայն 1064-ին՝ հպատակվել է սելջուկյան սուլթան Ալփ Արսլանին։ 1065-ին նա գահանիստը ավերված Շամշուլդեից տեղափոխել է Լոռե։ Կյուրիկե Ա-ին հաջորդել են որդիները՝ Դավիթ Բ և Աբաս Ա, որոնք գահակալել են համատեղ (մոտ 1090-1145)։ Շրջակա մահմեդ․ ամիրայությունների դեմ երկարատև կռիվներից և տարածքային զգալի կորուստներից հետո, 1110-ական թթ․ սկզբին նրանք ամփոփվել են Ուտիքի իրենց տիրույթներում․ Աբաս Ա հաստատվել է Տավուշում, իսկ Դավիթ Բ՝ Մածնաբերդում։ Այնուհետև Դավիթ Բ-ի սերունդները Մածնաբերդում և Տավուշում հաջորդաբար իշխել են մինչև XIII դ․ վերջը։

1064-ին Սյունիքի թագավոր Գրիգոր Ա Աշոտյանը (1044-84) նույնպես ճանաչել է սելջուկյան սուլթանության գերիշխանությունը, որոշ գավառների կորուստների գնով ու սուլթանին տարեկան հողահարկ վճարելու պայմանով պահպանել է իր թագավորությունը։ Գրիգոր Ա-ի հաջորդ Սենեքերիմը (1084-94) Մելիքշահ սուլթանի հովհանավորությամբ Գանձակի Շադդադյան ամիրայությունից ազատագրել է Կով