Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/115

Այս էջը սրբագրված է

սական գավառը և այլ հողեր, գրեթե վերականգնել Սյունյաց թագավորության տարածքային ամբողջականությունը։ Սենեքերիմի որդի Գրիգոր Բ (1094-1166) Գանձակի կուսակալության դեմ տևական կռիվներում կորցրել է տարածքների զգալի մասը և ամփոփվել մի քանի գավառներում։ Գրիգոր Բ-ին փոխարինել է փեսան՝ Խաչենի իշխան Հասան Գեռաքարեցին (1166-70)։ Նրա օրոք էլ սելջուկները նվաճել են Սյունյաց թագավորության վերջին հենակետերը՝ Գրհամը, Գեղին, Կաքավաբերդը և Բաղաբերդը։ Հասան Գեռաքարեցին հարկադրաբար ապաստանել է Արցախում, որով էլ վերջ է տրվել Սյունիքի թագավորությանը։

1021-ին Վասպուրականի թագավոր Սենեքերիմի Սեբաստիա գաղթելուց հետո, Արծրունիների շառավիղներն ամրացել են Տոսպավան և Ամյուկ բերդերում, ինքնավար իշխել Վանա լճի արմ․ և հվ-արմ․ առափնյա գավառների վրա։ 1030-60-ական թթ․ «Վասպուրականի մեծ իշխան» տիտղոսով հաջորդաբար (հորից որդի) իշխել են Խեդենեկը, Թոռնիկ Ա, Թադևոսը և Թոռնիկ Բ (տես Խեդենեկյաններ)։ 1060-ական թթ․ կեսին Թոռնիկ Բ-ի զոհվելուց հետո, իշխել է նրա որդի Աբդլմսեհը, որն ընդլայնել է տիրույթները, կենտրոնացրել իշխանությունը, ծավալել շին․ գործունեություն, հիմնել Աղթամարի կաթողիկոսությունը․ առաջին կաթողիկոս է օծվել նրա անդրանիկ որդի Դավիթը (1113-65)։ Աբդըլմսեհի մահից (1121) հետո մինչև XIII դ․ սկիզբը հաջորդաբար կառավարել են նրա ժառանգները՝ Ստեփանոս-Սլուզը և Խեդենեկ Բ։ Վերջինս արու զավակ չուներ, ուստի նրա ժառանգությունն անցել է փեսային՝ Արծրունիների շառավիղ Սեֆեդին Արքայունուն, որի սերունդները ընդունել են հոգևոր կոչում և մինչև XVI դ․ հերթագայել Աղթամարի կաթողիկոսության աթոռին։

Սելջուկյան տիրապետության ժամանակաշրջանում լիակատար ինքնավար կյանքով է ապրել Սասունի իշխանությունը, որտեղ հաստատված Մամիկոնյան ճյուղերից մեկը չի ենթարկվել Տարոնի Բագրատունիների տիրույթները զավթած բյուզանդացիներին, իսկ XI դ․ կեսին Մուշեղ Մամիկոնյանն իր իշխանությունը տարածել է Տարոնից մինչև Հանձիտ և Նփրկերտ ընկած հայկ․ հողերի վրա, հետ մղել սելջուկյան թուրքերի հարձակումը և պահպանել իր իշխանության սահմանները։ Մուշեղին հաջորդել է որդին՝ Թոռնիկը (1056-72), որն աներոջ՝ Միջագետքի և Հվ․ Հայաստանի կառավարիչ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու աջակցությամբ ամրապնդել է իր իշխանությունը։ 1058-ին Թոռնիկի զորաբանակը գլխովին ջախջախել է Տարոն ներխուժած սելջուկյան թուրքերին և ազատել հայ գերիներին։

1071-ին Մանազկերտի ճակատամարտում սելջուկյան թուրքերի դեմ Բյուզ․ կայսրության պարտությունից հետո հայ զորավար Փիլարտոս Վահրամյանը Կոմմագենեում և հարակից երկրամասերում հիմնել է հայկ․ անկախ իշխանություն, փորձել է տիրել նաև Տարոն-Սասունին և ստեղծել ընդարձակ հայկ․ իշխանապետություն։ Սակայն Խարբերդի դաշտում պարտվել է Թոռնիկից։ Շուտով Թոռնիկը զոհ է դարձել Փիլարտոս Վահրամյանի կազմակերպած դավին, բայց Տարոն-Սասունի իշխանությունը մնացել է աննվաճ։

Զաքարյանների հայկական իշխանապետությունը։ XII դ․ քայքայվող սելջուկյան տիրակալության դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալված հուժկու ազատագր․ պայքարը գլխավորել են վրաց Բագրատունիների շուրջ համախմբված Մամիկոնյանների շառավիղները՝ Օրբեթցիները (Օրբեթ բերդի անվանումով) կամ Օրբելյանները և Զաքարյանները։ Վերջիններիս նախնի համարվող Խոսրով Արծրունին XI դ․ 2-րդ կեսին, խուսափելով սելջուկյան նվաճողների բռնություններից, հաստատվել է Գուգարքում և ծառայության մտել Տաշիր-Ձորագետի Բագրատունիների արքունիքում։ Վասալ․ ծառայության դիմաց Կյուրիկե Ա Բագրատունին Խոսրով Արծրունուն և նրա որդի Զաքարիային շնորհել է Խոժոռնի բերդը և շրջակա հողերը։ Մեծ հեղինակություն ձեռք բերած Զաքարիայի անունով էլ Խոժոռնու Արծրունիների իշխանատունն այնուհետև կոչվել է Զաքարյան։ XI դ․ 2-րդ կեսին Արծրունիների տոհմի մի ուրիշ իշխան՝ Վահրամը, հաստատվել է Գուգարքի Ձորոփոր գավառում և վասալ․ ծառայության դիմաց նույն Կյուրիկե Ա Բագրատունուց ստացել Մահկանաբերդ և Կայան բերդերը՝ շրջակա հողերով հանդերձ։ 1118-ին, երբ Վրաստանին է միացվել Կյուրիկյանների թագավորության տարածքի զգալի մասը և այն վրաց Բագրատունիները շնորհել են Օրբելյաններին, Զաքարյան-Արծրունի իշխանատները դարձել են Օրբելյանների վասալները։ Վրաց թագավոր Դեմետրե I-ի օրոք (1125-56) Վահրամի որդի Վասակ Արծրունին կարգվել է Տփղիս քաղաքի շահապ (քաղաքագլուխ), որին 1170-ական թթ․ հաջորդել է եղբայրը՝ Ամիր Քուրդ Արծրունին։ Վերջինիս քույր Սահակադուխտն ամուսնացել է Զաքարիայի որդի Սարգիս Մեծի (Սարգիս Զաքարյան) հետ։ Նրանց որդիներն էին Զաքարյան տոհմի նշանավոր ներկայացուցիչներ Զաքարե Բ ու Իվանե Ա։

1177-78-ին Գեորգի III թագավորի դեմ ծավալված գահակալ․ կռիվների ժամանակ հայ-վրաց․ զորքերի ամիրսպասալար Իվանե Օրբելյանը պաշտպանել է իր փեսային՝ գահի հավակնորդ Դեմետրեին։ Սակայն հայկ․ զորքերի հրամանատար Սարգիս Մեծ Զաքարյանի աջակցությամբ հաղթանակը շահել է Գեորգի III։ Պարտված Օրբելյանների տոհմը սրատվել է, իսկ