Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/118

Այս էջը սրբագրված չէ

է Լվով քաղաքում։ Նրա սկսած գործը շարունակել է հաջորդ կաթողիկոսը՝ Միքայել Ա Սեբաստացին։ 1562-ին նա Սեբաստիա քաղաքում հրավիրել է երկրորդ գաղտնի ժողովը, որը որոշել է նոր պատվիրակություն ուղարկել Եվրոպա։ Պատվիրակությունը գլխավորել է Աբգար դպիր Եվդոկացին (Թոխաթեցի)։ Վերջինս 1562_64-ին բանակցություններ է վարել Վենետիկի Հանրապետության և Հռոմի պապի հետ, սակայն արդյունքի չհասնելով առժամանակ հաստատվել է Կոստանդնուպոլսում, որտեղ 1567-ին հիմնել է տպարան և Սուլթանշահ որդու հետ հրատարակել մի շարք գրքեր։ 1575-ին Սսի կաթողիկոս Խաչատուր Բ Զեյթունցին, իսկ 1584-ին նրա հաջորդ Ազարիա Ա Ջուղայեցին կաթոլիկ աշխարհի ռազմ․ օգնության ակնկալիքով նոր բանակցություններ են վարել Հռոմի պապի հետ, սակայն նրանց ջանքերը նույնպես ավարտվել են անարդյունք։

Թուրքիայի դեմ դաշնակիցներ որոնելու նպատակով Ռուսաստանի, Գերմանիայի, Տոսկանայի կառավարությունների և Հռոմի պապի հետ իր հերթին բանակցություններ է վարել նաև Իրանի շահ Աբբաս I-ը։ Օգտվելով XVI դ․ վերջին և XVII դ․ սկզբին եվրոպ․ երկրներում սուլթան․ զորքերի կրած նոր պարտությունների, Թուրքիայում բռնկված զինվ․ խռովությունների, Փոքր Ասիայի և Հայաստանի տարածքներում ծավալված ջալալիների ավերիչ ասպատակությունների հետևանքով սուլթանությունում տիրող ճգնաժամի պատեհ իրավիճակից, Աբբաս I-ը Անգլիայի օգնությամբ վերակառուցել և վերազինել է իր բանակը, 1603-ին պարտության մատնել թուրք․ զորքերին, գրավել Թավրիզը, իսկ 1604-ի մայիսին՝ Երևանը։ Միաժամանակ պարսկ․ այլ զորամասեր ասպատակել, ավերել և կողոպտել են Բասենի, Խնուսի, Կարնո, Մանազկերտի, Արճեշի, Արծկեի, Բերկրիի, Վանի և այլ գավառներ, բռնությամբ տեղահանել և Իրանի խորքերն են քշել շուրջ 60 հզ․ հայ։ 1604-ին թուրք․ 200 հզ-անոց զորաբանակը մեծ վեզիր Սինան փաշայի հրամանատարությամբ ներխուժել է Հայաստան։ Պարսկ․ զորքերը, խուսափելով թուրք․ գերակշիռ ուժերի դեմ մարտերից, նահանջել են դեպի Իրան՝ ճանապարհին ավերելով հայկ․ բնակավայրերը։ Պարսկ․ զորքերի հսկողությամբ ավելի քան 300 հզ․ հայեր քշվել են Իրան, շատերը զոհվել են բռնագաղթի ճանապարհին և Երասխի գետանցման ժամանակ։ Բռնագաղթված հայերի զգալի մասին բնակեցրել են Իրանի հեռավոր նահանգներում, իսկ մի մասին (մասնավորապես Երևանից, Ագուլիսից, Ջուղայից տեղահանվածներին)՝ Սպահանի մերձակայքում, որտեղ հիմնվել է Նոր Ջուղա գաղթավայրը։ Իսկ փոփոխակի հաջողություններով ընթացող թուրք-պարսկ․ պատերազմը, ի վերջո 1639-ին ավարտվել է նոր՝ Կասր-ի Շիրինի հաշտության պայմանագրով, որով Արլ․ Հայաստանն անցել է Իրանին, իսկ Արմ-ը՝ օսմ․ սուլթանությանը։

Իրանի տիրապետությանն են անցել Հայաստանի Սյունիք, Արցախ, Ուտիք, Փայտակարան և Պարսկահայք նահանգները, ինչպես նաև Այրարատ, Գուգարք և Վասպուրական նահանգների արլ․ գավառները։ Արլ․ Հայաստանը բաժանվել է պարսկ․ նոր վարչամիավորումների՝ Ատըրպատականի (Ազերբայջան), Չուխուր-Սա՛դի, Ղարաբաղի կամ Գանձակի բեկլարբեկությունների և Քարթլի-Կախեթի վալիության միջև։ Վերջինս ընդգրկել է Արլ․ Վրաստանը և Գուգարքի արլ․ գավառները։ Չուխուր-Սա’դի բեկլարբեկության կազմում էին Արարատյան դաշտը, Վարաժնունիք, Նիգ, Մազազ, Ուրծ, Մասյացոտն, Ճակատք, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք և Սոդք գավառները։ Նախիջևանի օլքան (տիրույթ), որն ընդգրկում էր Նախիջևան, Ճահուկ, Երնջակ, Գողթն, Վայոց ձոր և Ծղուկ գավառները, նախ մտցվել է Ատրպատականի, իսկ XVII դարից՝ Չուխուր-Սա’դի բեկլարբեկության կազմի մեջ։ Ատրպատականի կազմում Արլ․ Հայաստանի հողերից ընդգրկվել են Պարսկահայք նահանգը, Վասպուրականի Արտազ, Ճվաշռոտ, Մարանդ և Պարսպատունիք գավառները, Սյունիքի (Կապանի օլքայի) Արևիք, Կովսական, Բազունիք, Ձորք, Հաբանդ, Աղահեճք գավառները։ Ղարաբաղի կամ Գանձակի բեկլարբեկությունն ընդգրկել է Կուր և Երասխ գետերի միջև տարածվող Ուտիք և Արցախ նահանգները, որոնցում մեծամասնություն էր կազմում հայ բնակչությունը, իսկ Դիզակի, Վարանդայի, Խաչենի, Ջրաբերդի և Գյուլիստանի գավառներում ինքնավար և ժառանգ․ իրավունքներով կառավարում էին հայ մելիքները։

Օսմ․ տիրապետության ներքո մնացել են Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Կոմմագենե, Միջագետք Հայոց, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք նահանգները, Գուգարք, Այրարատ և Վասպուրական նահանգների արմ․ գավառները, Փոքր Հայքը և Կիլիկիան։ XVII դ․ Արմ․ Հայաստանը բաժանվել է Էրզրումի, Վանի, Կարսի, Չըլդրի, Սեբաստիայի, Դիարբեքիրի, Մարաշի և Ադանայի նահանգների (էլայեթների կամ վիլայեթների) միջև։


Հայաստանը XVII_XVIII դդ․։ XVII_XVIII դդ․ ևս շարունակվել է հայ ազգ-ազատագր․ շարժման գործիչների դիմումները Արմ․ քրիստոնյա պետություններին և Հռոմի պապին՝ Հայաստանի ազատագրությանն օգնելու խնդրանքով։ 1662-ին Կիլիկիայի հայոց կաթողիկոս Խաչատուր Գ Գաղատացին օգնության խնդրանքով դիմել է Ֆրանսիայի և Վենետիկի կառավարություններին։ Կանդիայի պատերազմում Վենետիկի Հանրապետության և ֆրանս․ միապետության պարտությունից հետո հակաթուրք․ նոր ռազմ․ խմբավորումը (Գերմանիա, Ավստրիա, Լեհաստան, Վենետիկ) գլխավորել է Հաբսբուրգյան կայսրությունը։ Ուստի Հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին 1670-ական թթ․ նամակներ է հղել Լեոպոլդ I կայսրին՝ հավաստիացնելով, որ հայերն իրենց ազատագրության հույսը կապում են Հաբսբուրգների և Հռոմի պապի օգնության հետ։ Կաթողիկոսի նախաձեռնությամբ 1677-ին Էջմիածնում գումարված գաղտնի ժողովը