Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/128

Այս էջը սրբագրված չէ

հանդերձ որոշեցին պատվիրակություն ուղարկել Բեռլին, վեհաժողովին ներկայացնելու Թուրքիայի կազմում Արմ․ Հայաստանին ազգ․ ինքնավարություն տրամադրելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր։ Ազգ․ պատվիրակությունը գլխավորեց հաս․ և եկեղեց․ գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Մկրտիչ Ա Վանեցի)։ Վեհաժողովի նախօրեին պատվիրակության անդամները այցելեցին Իտալիա, Ֆրանսիա և Անգլիա, բանակցեցին նրանց կառավարությունների հետ, փորձելով ապահովել այդ պետությունների աջակցությունը վեհաժողովում՝ Հայկական հարցի վերաբերյալ բարենպաստ որոշում ընդունելու համար։ Սակայն բանակցությունները շոշափելի արդյունքներ չտվեցին։ Պատվիրակության մյուս անդամները մեկնեցին Պետերբուրգ և Ռուսաստանի կառավարող շրջաններից ստացան վեհաժողովում հայերի շահերը պաշտպանելու երաշխիքներ։

Բեռլինում Ռուսաստանը դիվանագիտորեն մեկուսացվեց։ Ընդունված դաշնագրի 61-րդ հոդվածը պարտավորեցրեց Թուրքիային իրականացնել «հայերով բնակեցված մարզերում բարեփոխումներ և բարելավումներ»։ Սակայն հոդվածում ոչինչ չէր ասվել դրանց երաշխիքի՝ Արմ․ Հայաստանում ռուս․ զորքերի ներկայության մասին։ Բարեփոխումների անցկացումը դրվել էր միջազգ․ վերահսկողության տակ, որը եվրոպ․ պետությունների միջև եղած հակասությունների պայմաններում իրական լինել չէր կարող։ Դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ Թուրքիայի կառավարող շրջանները ոչ միայն չեն կատարել 61-րդ հոդվածի պահանջները, այլև մշակել և ձեռնարկել են Հայկ․ հարցի «լուծման» իրենց ծրագրի կենսագործումը՝ արևմտահայության բնաջնջումը։

Բեռլինի վեհաժողովից հետո սկսել է հայ ազգ-ազատագր․ պայքարի նոր փուլ։ Եվրոպայի հանդեպ տածած հույսերի փլուզումը սթափեցրել է ազգ․ շատ գաղափարախոսների, դրդել ավելի իրատեսորեն գնահատել միջազգ․ իրադրությունը և Հայկ․ հարցի լուծման հեռանկարները։ Գերակշռող է դարձել ազգ․ հիմնախնդիրները սեփական ուժերով լուծելու համոզմունքը։ Ազատագր․ գաղափարների քարոզչությամբ հանդես են եկել հաս․ գործիչներ և գրողներ՝ Րաֆֆին, Ռ․ Պատկանյանը, Գ․ Արծրունին և ուր․։ Հայ ժողովրդի փրկության ծրագրերով ասպարեզ են եկել զանազան կազմակերպություններ, ընկերություններ և խմբակներ (Հայրենասերների միություն, «Պաշտպան հայրենյաց», «Փոքր Հայքի կազմակերպություն» ևն), որոնք հող են նախապատրաստել հայ քաղ․ կուսակցությունների ստեղծման համար։


Հայ քաղ․ կուսակցությունների կազմավորումը պայմանավորված էր թուրք․ բռնապետության դեմ հայերի ազգ-ազատագր․ պայքարի հետագա ուժեղացմամբ։ Պատահական չէ, որ հայ քաղ․ կուսակցությունների ծրագրում գլխ․ տեղը գրավել են արևմտահայության ազատագրության, Հայկ․ հարցի լուծման հիմնախնդիրները։


Հայ իրականության մեջ առաջին քաղ․ կուսակցությունը Արմենական կազմակերպությունն էր․ հիմնվել է 1885-ին։ Կուս-յան ծրագիրը նախատեսել է հասնել հայ ժողովրդի ազատագրմանը՝ հետագայում անկախ պետություն ստեղծելու հեռանկարով։ Արմենականները գործել են գլխավորապես Վան-Վասպուրականում, նաև Կ․ Պոլսում, Բալկաններում, Ֆրանսիայում, Իրանում, Կովկասում։

1887-ին Շվեյցարիայում սովորող մի խումբ հայ ուսանողներ Ժնևում հիմնել են սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, որն իր գլխ․ խնդիրը համարել է Արմ․ Հայաստանի համար ազգ․ անկախության նվաճումը։

1890-ին Թիֆլիսում կազմավորվել է հայ հեղափոխական դաշնակցություն կուս-ը, որը կազմակերպություններ է ստեղծել Արմ․ Հայաստանում։ Կուս-ը աշխատանք է կատարել նաև եվրոպ․ երկրներում՝ ջանալով միջազգ․ հասարակայնության ուշադրությունը հրավիրել արևմտահայության վիճակի վրա։ Արևմտահայության վիճակը Բեռլինի վեհաժողովից հետո շարունակել է վատթարանալ։ Հաճախացել են թուրք․ իշխանությունների կամայականությունները, արյունալի ջարդերը։ Նման պայմաններում արևմտահայերը հարկադրված անցել են ինքնապաշտպանության, ստեղծել ֆիդայական խմբեր․ XIX դ․ 80-ական թթ․ կեսին սկզբնավորվել է ֆիդայական շարժումը։ Այն լայն թափ է ստացել հատկապես Սասունի, Վանի, Մուշի, Տարոնի, Շապին Գարահիսարի շրջաններում, Կիլիկիայում և այլ վայրերում։

Պաշտպանելով հայ խաղաղ բնակչությանը՝ ֆիդայիները ստացել են ժողովրդի աջակցությունը, համալրել իրենց շարքերը։ Նրանց գործողություններն աչքի են ընկել հանդգնությամբ, ինքնազոհությամբ։ Առաջին ֆիդայիներից մեծ համբավ են ունեցել Արաբոն, Չելլոն, Մինաս Օղլուն, Ռուբեն Շիշմանյանը և ուր․։


Հայ քաղ․ կուս-ները ձգտել են ֆիդայական շարժմանը տալ կազմակերպված բնույթ։ 1890-ական թթ․ 2-րդ կեսից ֆիդայական շարժումը հաջողությամբ ղեկավարել է դաշնակցությունը։ Առաջ է եկել ֆիդայիների մի նոր փաղանգ, որը ներկայացրել են Աղբյուր Սերոբը, Անդրանիկը, Գևորգ Չավուշը, Նիկոլ Դումանը, Հրայրը և ուր․։ Համարձակ գործողություններով աչքի են ընկել «Կայծակ», «Շանթ», «Մրրիկ» և այլ ֆիդայական խմբեր։ Լայն արձագանք են գտել ֆիդայիների որոշ գործողություններ, մասնավորապես «Բանկ Օտոմանի» միջադեպը (1896), Խանասորի արշավանքը (1897), Առաքելոց վանքի կռիվը (1901)։

Ֆիդայական շարժումը (XIX դ․ վերջ _ XX դ․ սկիզբ), պայմանավորված մի շարք