Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/131

Այս էջը սրբագրված չէ

գարիա, Թուրքիա, Բուլղարիա), որն էլ սանձազերծել է պատերազմը, և Անտանտը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան)։ Առաջին աշխարհամարտի մեջ մտնելով՝ Թուրքիան հետապնդել է հեռահար նպատակներ, հույս ունենալով իրագործել դրանք Գերմանիայի օգնությամբ։ Երիտթուրքերն առաջ են քաշել Թուրքիայի իշխանության ներքո բոլոր թուրքալեզու ժողովուրդներին մեկ միասնական պետության՝ «Մեծ Թուրանի» մեջ միավորելու գաղափարը։ «Մեծ Թուրանը» պետք է իր մեջ ներառեր Անդրկովկասը, Հս․ Կովկասը, Ղրիմը, Պովոլժիեն, Միջին Ասիան։ Համաթուրքականության սայրը ուղղված էր Թուրքիայի հիմն․ թշնամի Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում սկսվել են Բաթումի մարզ թուրք․ զորքերի ներխուժումով։ Ապա թուրքերին հաջողվել է նեղել ռուսներին ռազմաճակատի կենտր․ մասում՝ Կարսի մարզում։ Շուտով ռուս․ զորքերն ամբողջ ճակատով անցել են հակահարձակման։ Սարիղամիշի օպերացիայի (1914-ի դեկտ․ _ 1915-ի հունվ․) և ապա Էրզրումի օպերացիայի (1916-ի սկիզբ) ընթացքում ռուս․ զորքերը պարտության են մատնել թուրքերին և գրավել գրեթե ամբողջ Արմ․ Հայաստանը։


Հայերը Հայկ․ հարցի լուծման, արևմտահայության ազատագրման հույսը կապելով Ռուսաստանի և նրա դաշնակիցների հաղթանակի հետ, պատերազմի առաջին օրերից Անդրկովկասում ծավալել են հայկական կամավորական շարժում։ Կազմավորվել է կամավոր․ յոթ ջոկատ։ Շուրջ 10 հզ․ հայ կամավորներ ռուս․ զորքերի կազմում մարտնչել են ռազմաճակատի տարբեր հատվածներում՝ ցուցաբերելով խիզախություն և անձնազոհություն։ Նրանք հատկապես աչքի են ընկել Վանի, Դիլմանի, Բիթլիսի, Մուշի, Էրզրումի համար մղված մարտերում։ 1915-ի վերջին _ 1916-ի սկզբին ռուս․ հրամանատարությունը կազմացրել է հայկ․ կամավոր․ ջոկատները, նրանց փոխարեն ռուս․ զորամասերի կազմում ստեղծել հրաձգ․ գումարտակներ։ Հայ կամավորներ են եղել նաև Անտանտի երկրների բանակներում․ գերազանցապես հայերից կազմված Արևելյան լեգեոնը մասնակցել է թուրք․ զորքերի դեմ մարտերին Սիրիայում և Պաղեստինում, ապա և Կիլիկիայում։

Սակայն առաջին աշխարհամարտը հայ ժողովրդին բերել է սոսկալի աղետ․ օգտվելով պատերազմ․ իրավիճակից՝ երիտթուրք․ կառավարությունը իրագործել է Թուրքիայի հայ բնակչության ոչնչացման վաղուց ծրագրված մտադրությունը։ Թուրքիայի կառավարող շրջանների կարծիքով, կայսրության ներսում հայ բնակչության վերացումը Հայկ․ հարցի «լուծման» և, հետևաբար, դրսից Թուրքիայի ներքին գործերին միջամտությունը կանխելու հուսալի եղանակ էր։ Երիտթուրքերի հակահայկ․ քաղաքականության սնուցող գործոն էր նաև Ռուսաստանի նկատմամբ արևմտահայերի վերաբերմունքը։ Հաճախակի տեղի ունեցող ռուս-թուրք․ պատերազմների ժամանակ Արմ․ Հայաստանի հայ բնակչությունը չէր թաքցրել իր ռուսամետ տրամադրվածությունը, չնայած սկզբնապես չէր առաջադրել Թուրքիայից անջատվելու կամ նույնիսկ Թուրքիայի կազմում ազգ-մշակութ․ ինքնավարություն ձեռք բերելու պահանջ։ Բայցևայնպես արևմտահայերի ռուսամետ կողմնորոշումը լիովին օգտագործել են թուրք․ իշխանությունները՝ նրանց նկատմամբ ատելության մթնոլորտ սերմանելու և ցեղասպանություն իրագործելու համար։


Հայերի բնաջնջման ծրագրերը երիտթուրքերը մշակել և մասնակիորեն իրագործել են դեռևս մինչև առաջին աշխարհամարտը։ 1912_13-ի Բալկանյան պատերազմների ժամանակաշրջանում Թուրքիայում սրվել է հայերի նկատմամբ անվստահության և ատելության մթնոլորտը։ 1914-ի հոկտ․ կայացած գաղտնի խորհըրդակցության ժամանակ կազմավորվել է հատուկ մարմին՝ երեքի գործադիր կոմիտե, որի վրա է դրվել զանգվածային ջարդերի կազմակերպումը։

Պատերազմը սկսվելուն պես Թուրքիայում կտրուկ աճել է հակահայկ․ քարոզչությունը, որն ուժեղացել է Կովկասյան ռազմաճակատում թուրքերի կրած առաջին պարտություններից հետո։

Պատերազմի սկզբին թուրք․ բանակ է զորակոչվել 18_45 տարեկան ավելի քան 60 հզ․ հայ տղամարդ, որոնք հավաքագրվել են աշխատանքային գումարտակներում և 1915-ի փետր․ բնաջնջվել՝ զինվորական նախարար Էնվերի կարգադրությամբ։ 1915-ի ապրիլի 24-ին և հաջորդ մի քանի օրերի ընթացքում Կ․ Պոլսում և Արմ․ Հայաստանի քաղաքներում ձերբակալվել և Անատոլիայի խորքերն են աքսորվել արևմտահայ մտավորականության ականավոր ներկայացուցիչները՝ ավելի քան 800 մարդ (գրողներ, բանաստեղծներ, հրապարակախոսներ Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, Նազարեթ Թագվորյանը, Թլկատինցին, Սմբատ Բյուրատը, Երուխանը, նկարիչ Հրանտ Աստվածատրյանը և ուր․)։ Կ․ Պոլսի հայ մտավորականության ստվար խմբից կենդանի են մնացել հատուկենտ մարդիկ։ Ձերբակալվել է նաև երգահան Կոմիտասը, որը տեսնելով իր ժողովրդի ողբերգությունը, կորցրել է բանականությունը։

1915-ի մայիսին սկսվել է Արմ․ Հայաստանի, Կիլիկիայի, Արմ․ Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության զանգվածային տեղահանությունը դեպի Միջագետքի անապատներ։ Հայ կանանց, ծերերի ու երեխաների խառնիճաղանջ կարավանները նոսրացել են ճանապարհին՝ զոհ դառնալով քրդ․ և թուրք․ հրոսակախմբերին, ինչպես նաև քաղցին, հիվանդություններին և անհամար զրկանքներին։ Բռնագաղթը փաստորեն նենգամտորեն քողարկված մահվան դատավճիռ էր մի ամբողջ ազգի նկատմամբ։ Երիտթուրքերի իրագործած ցեղասպանության հետևանքով սպանվել է 1,5 մլն մարդ, մոտ 800 հզ․ հայեր դարձել են փախստականներ՝ ապաստան