Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/136

Այս էջը սրբագրված չէ

ներ է սկսել Հայաստանի դեմ։ Ուժերի զգալի գերակշռությամբ թուրք․ զորքերը սեպտ․ 29-ին գրավել են Սարիղամիշը։ Հայաստանը հայտնվել է ծանրագույն վիճակում։ Բանակը, գերազանցապես բոլշևիկների քարոզչությամբ, բարոյալքվել էր, դասալքությունը ընդունել էր տագնապալի չափեր։ Հայաստանի կառավարությունը սեպտ․ 28-ին օգնություն է խնդրել Անտանտի պետություններից, իսկ հոկտ․ 8-ին՝ դիմել ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը։ Սակայն դրանք մնացել են անարձագանք, որն էլ ավելի է ուժեղացրել անկումային տրամադրությունները բանակում և բնակչության շրջանում։ Հոկտ․ 30-ին թուրքերը գրավել են Կարսը և շարունակել առաջխաղացումը։ Ապարդյուն էին հաշտության բանակցություններ սկսելու՝ Հայաստանի կառավարության փորձերը։ Պատերազմի ելքը վճռված էր։ Կառավարությունը ստիպված ընդունել է թուրքերի պայմանները, և Ալեքսանդրապոլում նոյեմբ․ 18-ին կնքվել է զինադադար։ Նոյեմբ․ 25-ին Ալեքսանդրապոլում սկսված բանակցություններն ավարտվել են դեկտ․ 2-ին՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հաշտության պայմանագրի ստորագրմամբ (տես Ալեքսանդրապոլի պայմանագիր 1920)։ Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը և Սուրմալու գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրը և Շահթախտին՝ Թուրքիայի հովանավորության ներքո՝ այս տարածքներում հետագայում հանրաքվե անցկացնելու պայմանով։ Հայաստանը զրկվել է բանակ ունենալու իրավունքից և հարկադրաբար հրաժարվել Սևրի պայմանագրից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը փաստորեն եղել է ՀՀ-ի կապիտուլյացիայի ակտը։

Թուրքիայի դեմ պատերազմում Հայաստանի պարտությունը քաղ․ նոր ճգնաժամ է առաջացրել երկրում։ Հ․ Օհանջանյանի կառավարությունը հրաժարական է տվել, նրան փոխարինել է ձախ դաշնակցականներից և էսեռներից կազմված ՀՀ վերջին կառավարությունը, որը վարչապետ Ս․ Վրացյանի գլխավորությամբ գոյատևել է դրամատիկ իրադարձություններով հագեցած մի քանի օր։

Դեռևս շարունակվում էին Թուրքիայի հետ բանակցություններն Ալեքսանդրապոլում, երբ 1920-ի նոյեմբ․ 29-ին հայ-ադրբ․ սահմանն է անցել Խորհրդ․ Ադրբեջանում ձևավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն Ս․ Կասյանի գլխավորությամբ։ Հեղկոմի հետ միասին Հայաստան են մտել Ադրբեջանում տեղավորված 11-րդ կարմիր բանակի զորամասերը։ Հեղկոմը 1920-ի նոյեմբ․ 29-ին հռչակել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության՝ ՀԽՍՀ ստեղծումը։ Հայտնվելով անելանելի վիճակում՝ Հայաստանի խորհրդարանը և կառավարությունը որոշում են ընդունել հրաժարվել իշխանությունից։ 1920-ի դեկտ․ 2-ին Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով Հայաստանը հռչակվել է խորհրդային հանրապետություն։ Իշխանությունը ժամանակավորապես, մինչև հեղկոմի ժամանումը Երևան, հանձնվել է զինվորական հրամանատարությանը Դ․ Կանայանի (Դրո) գլխավորությամբ (տես նաև Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։


ՀՀ գոյություն է ունեցել երկու և կես տարի։ Հայտնվելով միջազգ․ հակասությունների բարդ հանգույցում, պարտվելով Թուրքիայի դեմ պատերազմում, մշտապես ենթարկվելով Խորհրդ․ Ռուսաստանի ճնշմանը, լքված արմ․ տերությունների կողմից, Հայաստանի առաջին հանրապետությունը դարձավ պատմություն։

Խորհրդ․ իշխանությունը Հայաստանում հաստատվեց խաղաղ ձևով։ Հասնելով Երևան՝ հեղկոմը չի ընդունել իր կազմում ձախ դաշնակցականներ ընդգրկելու վերաբերյալ Հայաստանի և ՌԽՖՍՀ միջև կնքված համաձայնագրի պայմանները։ Այն, Ս․ Կասյանի նախագահությամբ, ամբողջությամբ բաղկացած էր բոլշևիկներից։ Շուտով հեղկոմներ են ձևավորվել նաև տեղերում՝ գավառներում, շրջաններում և գյուղերում։ Դրանց նշանակել է օրենսդիր և գործադիր իշխանություն իրագործող Հայաստանի հեղկոմը։ Սակայն փաստացի իշխանությունը գտնվել է Հայաստանի կոմկուսի ձեռքում, որը կատարել է ոչ միայն գաղափարախոսական, այլև կազմակերպ․ աշխատանք, նախօրոք հաստատել բոլոր պետ․ միջոցառումները, մշակել տնտեսության բնագավառում իրականացվող քաղաքականությունը ևն։ Մնացած կուս-ներն արգելվել են։ Կոմկուսը և հեղկոմը Խորհրդ․ Ռուսաստանի օրինակով ազգայնացրել են հողը, ջուրը, անտառները, ընդերքը, խոշոր ձեռնարկությունները, բանկերը։ Վերացվել է մասնավոր սեփականությունը։ Լուծարվել են հին դատարանները, փոխարենը ստեղծվել «ժողովրդական» դատարաններ և հեղ․ տրիբունալներ։ Եկեղեցին անջատվել է պետությունից, դպրոցը՝ եկեղեցուց։ Բացահայտ պայքար է սկսվել հայ եկեղեցու դեմ։ Ռուսաստանյան փորձի անխոհեմ կրկնությունը դրսեվորվել է նաև ընդհանուր սոց-տնտ․ քաղաքականության բնագավառում։ Հեղկոմը դիմել է այսպես կոչված «ռազմական կոմունիզմի» քաղաքականության իրագործմանը, որը մերժել է շուկայական հարաբերությունները, ազատ առևտուրը։ Ռազմ․ կոմունիզմի քաղաքականությամբ իրագործվող հացի բռնագրավումները հայ գյուղացիությանը դրել են դաժան դիկտատուրայի ճնշման տակ։ Դա առաջ է բերել դժգոհություններ, և խորհրդ․ իշխանության հաստատումից երկու ամիս անց սկսվել են գյուղացիության տարերային ելույթները, որոնք շուտով վերածվել են համաժող․ ապստամբության։

Այն սկսվել է 1921-ի փետր․ կեսին, Բաշ Գառնիում, Կոտայքում, Ապարանում, Դարալագյազում։ Ապստամբել է գյուղացիությունը և ծանր վիճակում գտնվող արևմտահայ գաղթականների զգալի մասը՝ ՀՀԴ