Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/137

Այս էջը սրբագրված չէ

կուս-յան գլխավորությամբ։ Փետր․ 18-ին ապստամբները գրավել են Երևանը։ Այստեղ ձևավորվել է Հայրենիքի փրկության կոմիտե՝ ՀՀ վերջին վարչապետ Ս․ Վրացյանի ղեկավարությամբ։ Խորհրդ․ իշխանությունը պահպանվել է Հայաստանի հս․, ինչպես նաև Ղամարլուի և Վեդու շրջաններում, ուր նահանջել էին Հայաստանի կառավարությունը և նրան հավատարիմ զորամասերը։ Սակայն ապստամբների հաջողությունները եղել են կարճատև։ Ապստամբությունը ճնշելու համար Հայաստան է ուղարկվել կարմիր բանակի երկու դիվիզիա, որոնք 1921-ի ապրիլի 2-ին գրավել են Երևանը և վերականգնել խորհրդ․ իշխանությունը։ Ապստամբ․ ուժերի մնացորդները նահանջել են Զանգեզուր։

Ապստամբությունը ճնշելուց հետո Հայաստանի հեղկոմը վերակազմվել է ժողովրդական կոմիսարների խորհրդի (ԺԿԽ)։ Նրա նախագահ և ռազմ․ գործերի ժողկոմ է նշանակվել Մոսկվայից Հայաստան եկած Ա․ Մյասնիկյանը։ Փետըրվարյան ապստամբությամբ սկսված քացաքաց․ պատերազմն ավարտվել է Զանգեզուրում խորհրդ․ իշխանության հաստատումով։

1918_20-ին մուսավաթական Ադրբեջանը բազմիցս Զանգեզուրը գրավելու անհաջող փորձեր է կատարել։ 1918-ի նոյեմբերից ազգ-ազատագր․ շարժման հայտնի գործիչ Գ․ Նժդեհը կազմակերպել է երկրամասի ամուր պաշտպանությունը։ Երբ 1920-ի ապրիլին Ադրբեջանում հաստատվել է խորհրդ․ իշխանություն, Զանգեզուրի դրությունը բարդացել է, քանի որ Ադրբեջանն իր ոտնձգությունները իրականացնելու համար արդեն հենվում էր Խորհրդ․ Ռուսաստանի օգնության վրա։ Սակայն այդ պայմաններում ևս Զանգեզուրը մնացել է անառիկ։

1920-ի դեկտ․ Զանգեզուրը հռչակվել է Ինքնավար Սյունիքի Հանրապետություն, որի կառավարությունը գլխավորել է Գ․ Նժդեհը։ 1921-ի ապրիլին ինքնավար Սյունիքը վերանվանվել է Լեռնահայաստանի Հանրապետություն։ Նրա կառավարությունը փետր․ ապստամբության պարտությունից հետո գլխավորել է Ս․ Վրացյանը, իսկ սպարապետ նշանակվել է Գ․ Նժդեհը։ Երկյուղելով, որ Հայաստանի խորհրդ․ ղեկավարությունը ստիպված Զանգեզուրը կզիջի Ադրբեջանին, զանգեզուրցիները չեն ընդունել Խորհրդ․ Հայաստանի կառավարության առաջարկությունները խաղաղ բանակցությունների վերաբերյալ՝ միաժամանակ կասեցնելով խորհրդ․ զինված ուժերի առաջխաղացումը։ Միայն 1921-ի հունիսին, երբ Խորհրդ․ Հայաստանի կառավարությունը հավաստել է զանգեզուրցիների պահանջներն ընդունելու պատրաստակամությունը՝ պայքարին վերջ է տրվել։ Զանգեզուրում հաստատվել է խորհրդ․ իշխանություն, վերացվել երկրամասն Ադրբեջանի կողմից գրավվելու վտանգը։

Խորհրդ․ իշխանության առաջին ամիսներին Հայաստանն ունեցել է զգալի տարածքային կորուստներ։ Չնայած Խորհրդ․ Հայաստանի կառավարությունը չեղյալ է հայտարարել 1920-ի դեկտ․ 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, սակայն Կարսի մարզը և Սուրմալու գավառը վերադարձնել չի հաջողվել։ 1921-ի մարտին Մոսկվայում կնքված խորհըրդա-թուրք․ պայմանագրով նշված տարածքները անցել են Թուրքիային։ Հայաստանից անջատվել և ինքնավար տարածքի կարգավիճակով Խորհրդ․ Ադրբեջանի իշխանության տակ են անցել Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մասը (տես Մոսկվայի պայմանագիր 1921)։ ՌԽՖՍՀ կառավարությունը, կոպտորեն ոտնահարելով հայ ժողովրդի իրավունքները և անտեսելով նրա կենսական շահերը, զրկել է Հայաստանն իր տարածքի համարյա կեսից՝ սիրաշահելով քեմալ․ Թուրքիային և Խորհրդ․ Ադրբեջանին։ Կարսի պայմանագիրը, որը ստորագրվել է 1921-ի հոկտ․ 13-ին Թուրքիայի և Անդրկովկասի խորհրդ․ հանրապետությունների միջև, փաստորեն վավերացրել է Մոսկվայի պայմանագրի դրույթները։

1921-ին Ադրբեջանին է անցել նաև Լեռնային Ղարաբաղը՝ նրա բնակչության ճնշող մեծամասնությունը կազմող հայերի կամքին հակառակ։ Այդ մասին որոշումն Ադրբեջանի ճնշմամբ ընդունել է Ռուսաստանի կոմկուսի ղեկավարությունը։

1921-ի դեկտ․ Հայաստանում տեղի են ունեցել բանվորների և գյուղացիների պատգամավորների խորհուրդների ընտրություններ, որոնք փոխարինել են հեղկոմներին։ 1922-ի փետր․ ընդունվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին սահմանդրությունը։ Նույն թվականին Հայաստանը մտել է նորաստեղծ Անդրկովկասյան Խորհրդային Դաշնակցային Սոցիալիստական Հանրապետության և նրա կազմում՝ 1922-ի դեկտեմբերին՝ Խորհրդային Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) մեջ։


Հասարակական-քաղաքական կյանքը ՀԽՍՀ-ում 1920_ 1930-ական թթ․։ Արդեն 1920-ական թթ․ ընթացքում ՀԽՍՀ-ում, ինչպես և ամբողջ ԽՍՀՄ-ում, հաստատվել է վարչահրամայական համակարգ։ Իրագործելով կառավարման բոլոր ֆունկցիաները և փոխարինելով պետ․ և տնտ․ կառավարման համապատասխան մարմիններին՝ կոմկուսը վերածվել է պետ․ կառուցվածքի և իրեն ենթարկել հաս․ կյանքի բոլոր ոլորտները։ Արդյունքում վերացել է սահմանադրության հռչակած ժողովրդավարությունը, բոլոր մակարդակների խորհուրդների ընտրությունները դարձել են ձևական։

Կոմկուսը օգտագործել է բոլոր միջոցները՝ մամուլը, դպրոցը, մշակույթը ևն, կոմ․ գաղափարախոսությունը որպես «միակ ճշմարիտ և ամենահաղթ» տեսություն տարածելու և հաստատելու համար։ Կոմկուսի գլխ․ գծից ցանկացած շեղում խիստ պատժվել է։ 1920_30-ական թթ․ Հայաստանի կոմկուսի կազմակերպություններում, կրկնելով կենտրոնում մշակված գործելակերպը, պայքար է մղվել տրոցկիզմի, տարատեսակ «թեքումների» դեմ, իրագործվել կուս․ շարքերի զտում։ Կոմկուսին ենթարկվել են արհեստակցական միությունները, կո