Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/139

Այս էջը սրբագրված չէ

տային համակարգը։ Արդ-յան զարգացման հետևանքով ավելացել է քաղաքային բնակչության թիվը, ստեղծվել են նոր քաղաքներ և ավաններ։ 1939-ի մարդահամարի տվյալներով, ՀԽՍՀ քաղաքային բնակչության հաշվեկշիռը կազմել է 28,6 % (1913-ին՝ 10,4 %)։ Քաղաքային բնակչության աճի միտումը պահպանվել է և հաջորդ տասնամյակներում։


ՀԽՍՀ երկրորդ համաշխարհային պատերազմի եվ հետպատերազմյան տարիներին։ 1939-ի սեպտ․ Լեհաստանի վրա ֆաշիստ․ Գերմանիայի հարձակումով սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմը (1939_45)։ Գրավելով գրեթե ամբողջ Եվրոպան՝ ֆաշիստ․ Գերմանիան 1941-ի հունիսին հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա։ Սկսվել է ԽՍՀՄ հայրենական մեծ պատերազմը։ Պատերազմի տարիներին խորհրդ․ զինված շարքեր են զորակոչվել շուրջ 250 հզ․ մարդ Հայաստանից․ բացի դրանից մինչև 200 հզ․ հայ զորակոչվել են Ղարաբաղից, Վրաստանից, Ռուսաստանից, ԽՍՀՄ հայաբնակ այլ վայրերից։

1941-ի վերջին ԽՍՀՄ կառավարությունը որոշում է ընդունել կարմիր բանակի կազմում ազգ․ միավորումների ստեղծման մասին։ Հանրապետությունում կազմավորվել և համալրվել է 6 դիվիզիա (տես Հայկական դիվիզիաներ ԽՍՀՄ հայրենական մեծ պատերազմում)։

Տասնյակ հազարավոր հայեր մասնակցել են պատերազմի առաջին շրջանի պաշտպան․ մարտերին (տես Բրեստի ամրոց), Մոսկվայի (տես Մոսկվայի ճակատամարտ 1941_1942), Լենինգրադի (տես Լենինգրադի ճակատամարտ), Կիևի, Կովկասի (տես Կովկասի ճակատամարտ 1942_ 1943) պաշտպանությանը, Ստալինգրադի (տես Ստալինգրադի ճակատամարտ 1942_1943), Կուրսկի (տես Կուրսկի ճակատամարտ 1943) ճակատամարտերին, Ուկրաինայի, Բելառուսի, մերձբալթյան երկրների, Լեհաստանի, Բուլղարիայի ազատագրմանը, Գերմանիայի տարածքում ավարտական ռազմ․ գործողություններին (տես Բեռլինի օպերացիա 1945)։

Պատերազմի ընթացքում աչքի են ընկել տաղանդավոր զորավարներ, գեներալ (հետագայում՝ Խորհրդ․ Միության մարշալ) Հ․ Բաղրամյանը, ծովակալ (հետագայում՝ Խորհրդ․ Միության նավատորմիղի ծովակալ) Ի․ Իսակովը, ավիացիայի մարշալ Ս․ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), գեներալներ Ս․ Մարտիրոսյանը, Մ․ Պարսեղովը, Ա․ Կարապետյանը, Հ․ Մարտիրոսյանը, Ն․ Սաֆարյանը, գնդապետ (հետագայում՝ զրահատանկային զորքերի գլխ․ մարշալ) Հ․ Բաբաջանյանը և ուր․։ Խորհրդ․ Միության հերոսի կոչման են արժանացել 100-ից ավելի հայեր, 27-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետներ։ Բազմաթիվ հայեր մասնակցել են թշնամու գրաված տարածքում ծավալված պարտիզան․ և եվրոպ․ երկրներում Դիմադրության շարժմանը։

Պատերազմի տարիներին Խորհրդ․ Հայաստանը պատերազմող երկրի թիկունքի մի մասն էր։ Հիմնականում տեղական հումք օգտագործող արդ-ը տվել է արտադրանքի նոր տեսակներ՝ զենք և զինամթերք։ Ավելացել է սինթետիկ կաուչուկի, պղնձի, կարբիդի արտադրությունը։ Պատերազմի տարիներին Հայաստանում կառուցվել է շուրջ 30 արդ․ նոր ձեռնարկություն (ավտոդողերի, ժամացույցի, էլեկտրաշարժիչների, կոմպրեսորների, էլեկտրամեքենաշին․ և այլ գործարաններ)։ Գյուղացիությունն ապահովել է գյուղատնտ․ մթերքների արտադրության պետ․ առաջադրանքների կատարումը։

Պատերազմի տարիներին որոշ չափով թուլացել է խորհրդ․ ամբողջատիր․ համակարգի գաղ․ աքցանը։ Պաշտոնական քարոզչությունը իր նպատակների համար սկսել է օգտագործել ժողովրդի հայրենասիրական, ազգ․ զգացումները։ Մամուլի էջերում տպագրվել են հոդվածներ՝ նվիրված Հայկ․ հարցին, հայերի ցեղասպանությանը, Գերմանիայի մեղսակցությանը արևմտահայերի կոտորածներին։ Ավելացել է լրատվությունը հայ սփյուռքի, Խորհրդ․ Հայաստանի հանդեպ սփյուռքահայության վերաբերմունքի մասին ևն։ Փոխվել է իշխանության վերաբերմունքը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։

Մեծ զոհերի գնով ֆաշիզմի նկատմամբ հաղթանակ տարած խորհրդ․ ժողովուրդը իրավամբ հույսեր է տածել պատերազմից հետո կենսական պայմանների բարելավման ուղղությամբ։ Սակայն դրանք ի դերև են եղել։ Հիտլերյան համակենտրոնացման ճամբարներից նոր ազատագրված խորհրդ․ տասնյակ հազարավոր ռազմագերիներ հայտնվել են ազատազրկման մեջ։ 1949-ի ամռանը ՀԽՍՀ-ից Ալթայի երկրամաս են արտաքսվել «անբարեհույս» ճանաչված շուրջ 2700 անմեղ ընտանիքներ։ Բազմաթիվ հայեր արտաքսվել են նաև Վրաստանից, Ադրբեջանից և այլ հանրապետություններից։

1946_48-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ մի շարք որոշումներ է ընդունել գրակ-յան, երաժըշտության, թատրոնի վերաբերյալ։ Որպես հետևանք «բացահայտվել» են հայ գրակ-յան և արվեստի ասպարեզներում եղած «թերությունները»։ Հայաստանի կոմկուսի նախաձեռնությամբ հանրապետությունում բանավեճեր են ծավալվել լեզվաբանության, կենսաբանության, ֆիզիոլոգիայի, փիլ-յան, քաղաքատնտեսության խընդիրների շուրջ։ Խիստ քննադատության են ենթարկվել մի խումբ գիտնականներ (ֆիզիոլոգ Լ․ Օրբելի, բուսաբան Ա․ Թախտաջյան, լեզվաբաններ Հ․ Աճառյան, Գ․ Ղափանցյան և ուր․), որոնց մի մասը զրկվել է գիտ․ և դասախոսական գործունեությունը շարունակելու հնարավորությունից։

1940-ական թթ․ 2-րդ կեսին ՀԽՍՀ կյանքում եղել են նաև դրական իրադարձություններ։ 1945-ին, յոթ տարվա դադարից հետո, իշխանություններն արտոնել են կաթողիկոսական ընտրությունները։ Ս․ Էջմիածնում կայացած եկեղեց․ ժողովն Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրել Գևորգ Զ Չորեքչյանին։

1946_49-ին տեղի է ունեցել սփյուռքահայերի զանգվածային հայրենադարձությունը։ Աշխարհի տարբեր երկրներից հայրենիք են եկել 89,7 հզ․ հայեր։ Ծանր տնտ․ վիճակում գտնվող հանրապետությունը իրագործել է մի շարք միջոցառումներ հայրենադարձներին ընդունելու, նրանց աշխատանքով, բնակարաններով ապահովելու համար։

Ստալինի մահից (1953) հետո ինչ