Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/14

Այս էջը սրբագրված է

են, ոտանավոր վարքեր, եղբոր՝ Ղազարի հիշատակին նվիրված մի ողբ, ինչպես նաև վարդի ու սոխակի այլաբան․ սերը, բնության զարթոնքն արտահայտող երգեր։ Հ․Ն․ իր բանաստեղծություններում օգտագործել է ակրոստիքոս ձևը։

Գրկ․ Ակինյան Ն․, Հակոբ Նետրարենց եպ․ Արծկեի, տես նրա Մատենագրական հետազոտություններ, հ․ 4, Վնն․, 1938։


ՀԱԿՈԲ ՋՈՒՂԱՅԵՑԻ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XVI դարի կեսի XVII դարի սկզբի մանրանկարիչ։ Ծնվել է Ջուղայում, սովորել Զաքարիա Գնունեցու մոտ, Վանա լճի Լիմ կղզու վանքում։ 1605-ին Ջուղայի բնակիչների հետ բռնագաղթվել է Սպահան։ 1595-1610-ին պատկերազարդած նրա ութ ձեռագրերից չորսը գտնվում են Երևանի Մատենադարանում։ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ավանդույթները Հ․ Ջ-ու արվ-ում ձեռք են բերել նոր որակ։ Նկարչի ոճի էվոլյուցիան անցել է մի քանի փուլով և զարգացել կոմպոզիցիայի կառուցման, ամբողջականության, ռիթմի առավել լարվածության, գունահագեցվածության և ուրվագծերի շոշափելիության ուղղությամբ։ Հ․ Ջ-ու արվ-ը առանձնանում է ուրախ, տոնական տրամադրությամբ, կանոնների հանդեպ առավել ազատ վերաբերմունքով, մոնումենտալությամբ, դեկորատիվությամբ, էքսպրեսիայով, կոմպոզիցիոն տարրերի հարստությամբ, վառ, մաքուր գույներով, զարդաձևերի առատությամբ։ Հ․ Ջ․ գրամանրանկարչության հայ վերջին ականավոր ներկայացուցիչն է։

Գրկ․ Հայկական մանրանկարչություն (ալբոմ), կազմ․ և առաջաբ․ Լ․Ա․ Դուռնովո, Ե․, 1967։ Դրամբյան Ի․, Հակոբ Ջուղայեցու մանրանկարների պատկերագրությունը, ԲՄ, 1971, № 10։ Свирин А.Н., Миниатюры древней Армении, М․-Л․, 1939, с․ 103; Дрампян И․, Новые материалы по биографии Акопа Джугаеци, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս․ գիտ․», 1969, № 10․


ՀԱԿՈԲ ՍԱՆԱՀՆԵՑԻ, Հակոբոս Քարափնեցի (ծ․ թ․ անհտ․ - 1085, Ուռհա), եկեղեցական գործիչ, ժամանակագիր։ Սանահնի վանահայր, ապա՝ կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի հակաթոռ (1037-38) Դիոսկորոսի աշակերտը և մերձավոր գործակիցը։ 1065-ին Կոստանդնուպոլսում մասնակցել է հույն բարձրաստիճան կղերականների հետ դավանաբան․ բանավեճին, բյուզ․ կայսր Կոստանդին Դուկասի ճնշմամբ կազմել և ստորագրել է հայ և հույն եկեղեցիների միության գիր, որը կայսրի ներկայությամբ պատռել է Հայոց նախկին արքա Գագիկ Բ Բագրատունին։

Երևանի Մատենադարանի № 9832 ձեռագրում պահպանվել են արժեքավոր հատվածներ՝ քաղված «Ի ժամանակագրութենէ Յակոբայ քահանայի», հավանաբար, Հ․Ս-ու՝ կորած պատմ․ երկից։ Մատթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրությունը» կազմելիս օգտագործել է Հ․Ս-ու երկը (1085-ին նախորդած դեպքերի նկարագրությունը), այնտեղից փոխառել բազմաթիվ փաստաթղթերի ու պաշտոն․ նամակների (Հովհաննես Չմշկիկ կայսրի՝ Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածին, Ղևոնդ վարդապետին, Վասիլ II կայսրի՝ Հովհաննես Սմբատ թագավորին և Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցուն առաքած) կրկնօրինակները։

Գրկ․ Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Ե․, 1973։ Խաչիկյան Լ․, Հակոբ Սանահնեցի՝ ժամանակագիր XI դարի, ԲԵՀ, 1971, № 1։


ՀԱԿՈԲ ՔՌՆԵՑԻ, Հակոբ Թարգման (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XIV դարի 1-ին կեսի թարգմանիչ, ունիթորական շարժման գործիչ (տես Ունիթորություն)։ Քռնայի հայ-դոմինիկյան միաբանության անդամ։ Հովհաննես Քռնեցու աջակցությամբ 1330-40-ական թթ․ գրակ․ բեղմնավոր գործունեություն է ծավալել Քռնայի դպրոցում, հայ․ է թարգմանել Ժիլբեր Պոռետացու, Ալբերտ Մեծի, Թովմա Աքվինացու և ուր․ աշխատությունները։ Հ․Ք-ու օգնությամբ Քռնայի վանքում գործել են Բարդուղիմեոս Բոլոնիացին, Պետրոս Արագոնացին և Հովհան Անգլիացին, որոնց աշխատությունները Հ․Ք-ու (և այլոց) թարգմանությունների շնորհիվ փրկվել են կորստից։ Արդեն XIV դ․ կեսից Հ․Ք-ու թարգմանությունները տարածվել են հայ կրթ․ կենտրոններում, նպաստել կաթոլիկ․ եկեղեցու գաղափարախոսության դեմ մղած պայքարի հաջողությանը։ Հ․Ք-ու գործունեությունը խորացրել է հայ-արևմտաեվրոպ․ գրակ․ և գիտ․ կապերը, նպաստել հայ ընթերցողների ծանոթությանը եվրոպ․ փիլ․ մտքի հիմն․ ուղղություններին։ Հ․Ք-ու թարգմանությունների բազմաթիվ գրչագրեր պահպանվում են Երևանի Մատենադարանում և արտասահմ․ ձե