Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/144

Այս էջը սրբագրված չէ

ուշ նորոգված ծրագրով վերստեղծել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Ձևավորվել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Ինքնորոշում միավորումը (ԻՄ), Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՀՔԴՄ), Սահմանադրական իրավունք միությունը (ՍԻՄ), Ազգ․ ժողովրդավար․ միությունը (ԱԺՄ) ևն։ Կարճ ժամկետում հանրապետությունում գրանցվել են մի քանի տասնյակ կուս-ներ և հաս-քաղ․ կազմակերպություններ, որոնք ներկայացրել են քաղ․ հայացքների լայն տարապատկեր՝ կոմունիստներից մինչև միապետության կողմնակիցներ։ Որոշակի փոփոխություններ է կրել ՀՀՇ․ եթե 1988_90-ին այդ շարժումը լիակատար իշխել է հանրապետության քաղ․ կյանքում, ապա իշխանության անցնելուց հետո դրությունը փոխվել է։ Բնակչության նյութ․ դրության վատթարացումը, գործազրկության աճը ևն խարխլել են ՀՀՇ-ի և նրա ղեկավարների վարկը։ ՀՀՇ-ի ղեկավար կորիզը պառակտվել է․ շարժման որոշ գործիչներ (Վ․ Մանուկյանը, Ա․ Մանուչարյանը, Դ․ Վարդանյանը և ուր․) դուրս են եկել ՀՀՇ-ից, աստիճանաբար ձևավորվել է քաղ․ ընդդիմություն։ Քաղ․ ուժերի դասավորությունը հանրապետությունում հստակեցվել է սահմանադրության քննարկման և ԱԺ-ի ընտրությունների ընթացքում։ 1994-ի վերջին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանում ժամանակավորապես դադարեցվել է ՀՀԴ կուս-յան գործունեությունը, որը մեղադրվել է հաս-քաղ․ կազմակերպությունների մասին հանրապետությունում գործող օրենքի խախտման մեջ։ 1995-ի ԱԺ ընտրությունների նախօրյակին ձևավորվել է «Հանրապետություն» միավորումը, որի միջուկն էր ՀՀՇ-ն։ Միավորման մեջ են մտել աջ քաղ․ ուժերը՝ հանրապետական կուս-ը, հնչակյանը, ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուս-ը, «Մտավորական Հայաստան» միությունը, Քրիստոնեա-դեմոկրատական միությունը։ Միավորումը պաշտպանել է և՛ սահմանադրության նախագիծը, և՛ կառավարության քաղաքականությունը։

1995-ի հուլիսին կայացած ԱԺ ընտրություններն ավարտվել են «Հանրապետություն» միավորման հաղթանակով։ ԱԺ-ում տեղեր են ստացել նաև «Շամիրամ» կազմակերպությունը, կոմկուսը, ԱԺՄ, ԻՄ։ ԱԺ նախագահ է ընտրվել Բ․ Արարքցյանը, ՀՀ նախագահի հաստատած կառավարության նոր կազմը գլխավորել է Հ․ Բագրատյանը։

1996-ի սեպտ․ ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ տեղի են ունեցել նոր նախագահական ընտրություններ։ Պաշտոն․ տվյալների համաձայն, Լ․ Տեր-Պետրոսյանն ստացել է ընտրողների ձայների 50,4 %-ը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Վ․ Մանուկյանը՝ 40 %-ը։ Նախագահական ընտրությունների ժամանակ կտրուկ սրվել է երկրի ներքին քաղ․ վիճակը։ Ընդդիմությունը իշխանություններին մեղադրել է ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։ 1996-ի սեպտ․ Երևանի բնակչության մի մասը բողոքի ելույթով դուրս եկավ իշխանության դեմ։ Կառավարությունը կարողացավ խուսափել ծայրահեղ միջոցներից, վերականգնել կարգուկանոնը։ Այդ դեպքերը քաղ․ լուրջ ճգնաժամի սկիզբ հանդիսացան։ Ժողովուրդը դժգոհ էր իր սոց․ վիճակից, հանրապետությունում ձևավորված հանցագործ խմբակցությունների անպատիժ գործողություններից։ Խախտվեց հանրապետության ներքին կայունությունը։ Ձգտելով վերականգնել երկրում քաղ․ հավասարակշռությունը՝ նախագահը վարչապետ նշանակեց Արմեն Սարգսյանին։ Վարչապետը շուտով ներկայացրեց կառավարության գործունեության ծրագիրը, արտահայտվեց հանրապետության քաղ․ ուժերի համախմբման, սփյուռքի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու օգտին։ Սակայն Ա․ Սարգսյանը, հիվանդության պատճառով, 1997-ի փետր․ հրաժարական տվեց։ ՀՀ նոր վարչապետ նշանակվեց ԼՂՀ նախագահ Ռ․ Քոչարյանը։

Ներքին գործոնների հետևանքով առաջացած ճգնաժամն է՛լ ավելի բարդացավ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հանդեպ երևան եկած տարաձայնությունների պատճառով։ Տարաձայնություններ առաջացան ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ղեկավարության միջև, այլև ՀՀ ղեկավարության ներսում։ Հարցի քննարկման ընթացքում ՀՀ նախագահի և նրա կողմնակիցների տեսակետը չընդունվեց։ Այդ ժամանակ նախագահ Լ․ Տեր-Պետրոսյանը և նրա հենարանը հանդիսացող ՀՀՇ արդեն չունեին մեծամասնություն ԱԺ-ում։ Նման պայմաններում ՀՀ առաջին նախագահ Լ․ Տեր-Պետրոսյանը 1998-ի փետր․ 4-ին հրաժարական տվեց։ Մարտին կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահ ընտրվեց Ռ․ Քոչարյանը։

Անկախ Հայաստանի գոյության առաջին տարիները եղան նոր պե