Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/149

Այս էջը սրբագրված չէ

աճը հետ է մնացել գերսղաճի տեմպից, պետ․ բյուջեի եկամուտների անկումը հանգեցրել է սոցիալ․ բնույթի ծախսերի և կենս․ նշանակության սպասարկման ծառայությունների կտրուկ կրճատման, աճել է գործազրկությունը։ Չեն ձևավորվել արտադր․ ներուժի լիարժեք օգտագործման և արտադրության արդյունավետ վարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, չեն լուծվել հումքի մատակարարման և արտաքին շուկա դուրս գալու խնդիրները։ Տնտեսության համակարգային փոփոխությունները, երկրաշարժը, ավանդական շուկաների կորուստը ևն հանգեցրել են շատ ձեռնարկությունների չաշխատելուն, մյուսները գործում են արտադր․ հզորությունների նվազագույն կարողությամբ։ Արտադրանքի ծավալի նվազում հատկապես նկատելի էր մեքենաշինության և մետաղամշակման, թղթի-թաղանթանյութի, փայտամշակման, շինանյութերի, թեթև և արդ-յան այլ ճյուղերում։ Անցման փուլում տնտեսության քանակական ցուցանիշների բացասական միտումները հանգեցրել են որակական ձևախեղումների։ Եթե 1987-ին համախառն ներքին արդյունքում արդյունաբերության բաժինը 45 % էր, գյուղատնտեսությանը՝ 14 %, ապա 1994-ին դրանք համապատասխանաբար եղել են 25,9 % և 48 %։ 1998-ին արդյունաբերության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում նվազել է մինչև 24 %, գյուղատնտեսության բաժինը կազմել է 34,2, ծառայությունների ոլորտինը՝ 32,3 %։

1994-ից արդյունաբերության առանձին ճյուղերում (էներգետիկա, տրանսպորտ, սննդի ու վերամշակող ևն) նկատվում են արտադրության անկումային գործընթացների կասեցում և մասնակի աճի միտումներ։ Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին գործարկվել են 12715,1 մլն դրամի հիմն․ ֆոնդեր (1999)։ Կապիտալ ներդրումների ֆինանսավորման աղբյուրների մեջ զգալի է օտարերկրյա ֆինանս․ կազմակերպությունների բաժինը (46,4 %)։ ՀՀ առևտրատնտ․ կապեր ունի 33 պետությունների (այդ թվում՝ ԱՊՀ 9 երկիր) հետ։ 1999-ին ԱՊՀ երկրների բաժինն ապրանքների արտահանման ծավալի մեջ կազմել է 24,3 %, ներմուծման մեջ՝ 23,9 %, այլ երկրներինը համապատասխանաբար՝ 75,7 % և 76,1 %։


Հանրապետության տնտեսությունում ծառացել է բարեփոխումները որակապես նոր մակարդակով շարունակելու և խորացնելու խնդիրների առաջնահերթ լուծումը։ Առաջիկա ռազմավարության հիմնախնդիրներն են՝ ապահովել արդ․ ավանդական ճյուղերի, մասնավորապես՝ նորագույն տեխնոլոգիական, գիտատար, սակավ նյութատար ու էներգատար արտադրությունների զարգացումը, նպատակային օգտագործել հանրապետության գիտ․, ինժեներատեխ․ ու բանվոր․ ներուժը, ձեռնարկությունների սեփական նյութական ու ֆինանս․ միջոցները, ֆինանսավորման աղբյուրների, արտասահմանյան ներդրումների հնարավորությունները։ Տնտեսության զարգացման համար կարևոր է փոքր ու միջին, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։ Տնտեսության արդյունավետության բարձրացմանն է ուղղված ՀՀ կառավարության բարեփոխումների համալիր միջոցառումների առաջիկա տարիների ծրագրերի մշակումը և դրանց իրականացումը։

1998-ին ՀՀ էներգետիկան ներառել է հիդրոէներգետիկան (Երեվանի, Սևանի, Աթարբեկյանի, Արզնու, Գյումրու, Ձորագետի, Տաթևի, Քանաքեռի և այլ հէկեր), ջերմաէներգետիկան (Հրազդանի պշէկ, Երևանի, Վանաձորի ջէկեր), միջուկային էներգետիկան (ՀԱԷԿ)։ 1998-ին արտադրված էլեկտրաէներգիայի ամբողջ քանակի 11 %-ը բաժին է ընկել հէկերին, 89 %-ը՝ ՀԱԷԿ-ին ու ջէկերին։

Մինչև ԽՍՀՄ փլուզումը քիմիական արդյունաբերության տես․ կշիռն արդ․ արտադրանքի ընդհանուր ծավալում կազմել է 6_7 % (1990)։ Արտադրվել են կալցիումի կարբիդ, կաուչուկ, արհեստական խեժեր, ազոտ․ պարարտանյութ, արհեստական մանրաթել, վիտամիններ, ավտոդողեր, լայն սպառման առարկաներ ևն։ Պատկերը խիստ փոխվել է ՀՀ անկախացումից հետո։ Այդ մասին տես Քիմիական արդյունաբերություն հոդվածը։


ՀՀ-ում մեքենաշինությունը ձևավորվել է 1929_40-ին, իսկ հետպատերազմյան տարիներին զարգացումն ուղեկցվել է որակական տեղաշարժերով։ Ճյուղը ներառում է էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը ևն։

Գունավոր մետաղաձուլության զարգացման հիմքը պղնձի, պղինձ-մոլիբդենի, բազմամետաղային, ոսկի-բազմամետաղային ու ոսկու արդյունահանումն է։ Դրանց հանքանյութերը պարունակում են նաև հազվագյուտ և ազնիվ մետաղներ։ Ճյուղը ներառում է պղնձամոլիբդենային, բազմամետաղային ու ոսկու արդ-ները։ 1999-ին մասնակիորեն գործել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Ալավերդու լեռնամետալուրգ․ կոմբինատները, Կապանի հանքահարստացուցիչ ֆաբրիկան, «Հայոսկի» ՓԲԸ։ Ճյուղը թողարկում է մոլիբդենի, պղնձի խտանյութ, պղնձի գլանվածք, փայլաթիթեղ ևն։

Տես նաև Ալյումինի արդյունաբերություն, Պղնձամոլիբդենային արդյունաբերություն, Ոսկու արդյունաբերություն հոդվածները։

Շինանյութերի արդյունաբերության զարգացման հիմքը հրաբխ․ ապարների՝ տուֆի (արդյունահանումը՝ հիմնականում Շիրակի ու Արագածոտնի մարզերում), պեռլիտի (Արագածի պեռլիտի