Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/170

Այս էջը սրբագրված չէ

կանանց, հեծյալների ևն)։ Ըստ մատենագրության, հին Հայաստանի դիցարանի բազմաթիվ աստվածությունների՝ քարից, փայտից, պղնձից և այլ նյութերից պատրաստված արձաններ կամ կուռքեր են դրվել մեհյաններում, որոնք հափշտակվել են նվաճողների կողմից կամ ոչնչացվել քրիստոնեության ընդունումից հետո։ Տեղում ստեղծված արձաններում հաճախ առկա է հունականի համադրումը տեղական ավանդույթների և ազգագր․ առանձնահատկությունների հետ։ Դրա ակնառու նմուշներից են Կոմմագենեի Նեմրութ լ․ վրա մ․թ․ա․ I դ․ Երվանդունիների դրած մոնումենտալ քանդակները։ Քարի գեղ․ քանդակի օրինակներ են նաև Երևանի, Գյումրու մերձակայքում գտնված տղամարդու և կնոջ արձանների գլուխները (մ․թ․ III դ․), Գառնու հեթանոս․ տաճարի (77 թ․) ճոխ ու շքեղ զարդերը։ Նման քանդակազարդ շենքեր եղել են նաև Արտաշատում, Տիգրանակերտում, Վաղարշապատում և այլուր։ Այս ժամանակաշրջանում հայկ․ կերպարվեստը զարգացել է հելլենիստական մշակույթի ոլորտում՝ երկու հիմն․ ուղղություններով՝ տեղական ավանդ․ ժող․ և արմ․՝ «հելլենական», որոնք խաչավորվել և փոխհարստացրել են միմյանց։

Միջին դարերում (IV_XVII դդ․) Հայաստանի կերպարվեստը ձևավորվել և առաջընթաց է ապրել քրիստ․ դավանանքի գերիշխանության պայմաններում։ Արվեստի տարբեր բնագավառներում իրենց մարմնավորումն են գտել կրոն․ թեմաներն ու սյուժեները։ IV դարից հայկ․ եկեղեցիները հարդարվել են որմնանկարներով, քանդակներով։ V դարից հայտնի են որմնանկարի բեկորներ Երևանի Ս․ Պողոս-Պետրոս եկեղեցուց և Քասաղի բազիլիկից։ Հատվածաբար որմնանկարներ են հայտնաբերվել Լմբատավանքում (VI դ․), Թալինի Կաթողիկե եկեղեցում, Արուճի, Կոշի VII դ․ եկեղեցիներում։ Նույն դարում էլ կազմավորվել են հայկ․ որմնանկարչության պատկերագր․ և գեղ․ բնորոշ առանձնահատկությունները, մշակվել ինքնատիպ տեխնիկան (հղկված քարի վրա նրբաշերտ հիմնաներկով)։ Որմնանկարչության զարգացման հաջորդ փուլերին են պատկանում X դ․՝ Աղթամարի Սուրբ Խաչ (921), Տաթևի վանքի Ս․ Պողոս-Պետրոս (930) եկեղեցիների, Գնդեվանքի (930-ական թթ․), XIII_XIV դդ․՝ Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու, Բախտաղեկի եկեղեցու, Քոբայրի վանքի, Դադիվանքի, Ախթալայի, Հաղպատի վանքի որմնանկարները։


Հայկ․ ձեռագրերի (մագաղաթե, թղթե, ավելի քան 25․000՝ աշխարհի տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում, որից շուրջ 14․000-ը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում) զգալի մասը պատկերազարդ է, հիմնականում՝ Ավետարան, սակավ՝ Աստվածաշունչ, Տոնական, Ճաշոց ևն։ Մեզ հասած հնագույն չորս թեմատիկ մանրանկար (VI_VII դդ․) կցված են «Էջմիածնի Ավետարան□-ին (989, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N 2374) և գեղ․ արժանիքներով, ինքնուրույն պատկերային մտածողությամբ հիշեցնում են Լմբատի և Արուճի VI_VII դդ․ որմնանկարներն ու պատկերացում են տալիս վաղ քրիստ․ պատկերարվեստի մասին։ Լրիվ պատկերազարդ մատյաններ պահպանվել են IX դարից։ Հնագույն և փայլուն նմուշը «Մլքե թագուհու Ավետարանն» է (862, Վենետիկի Մխիթարյանների մատենադարան, ձեռ N 1144/86), որը, ինչպես և «Կարսի Ավետարանը», «Տրապիզոնի Ավետարանը», «Մողնու Ավետարանը» մանրանկարազարդվել է Արծրունիների և Բագրատունիների թագավորությունների շրջանում, IX_XI դդ․։ Հայկ․ մանրանկարչությունը հարուստ է ոճերի և տեղական դպրոցների, մատյանների ձևավորման մեջ խորանների, գլխազարդերի, լուսանցազարդերի, սկզբնաթերթերի, տերունական պատկերների կիրառման ու կերպավորման, գույնի և ռիթմի զգացողության բազմազանությամբ։ XII դ․ մանրանկարչությունը, գրքարվեստն առավել ծաղկման են հասել Կիլիկիայի մանրանկարչության դպրոցում, որն ունեցել է նշանավոր կենտրոններ Դրազարկում, Սկևռայում, Հռոմկլայում, Գռներում, Բարձրբերդում, Ակներում, որտեղ գործել են ականավոր մանրանկարիչներ Գրիգոր Մլիճեցին, Կիրակոսը, Կոստանդինը, Հովհաննեսը, Հովասափը, Հովհաննես Արքաեղբայրը, Սարգիս Պիծակը, Թորոս Փիլիսոփան և ուր․, ինչպես և անանուն վարպետներ՝ ստեղծելով հայ մանրանկարչության, գրքարվեստի գլուխգործոցներ (դրանց թվում՝ «Հեթում Բ թագավորի Ճաշոցը», «Ութ մանրանկարիչների Ավետարանը», «Կեռան թագուհու Ավետարանը» ևն), շարունակելով ու զարգացնելով այդ դպրոցի պսակը հանդիսացող Թորոս Ռոսլինի արվեստը։ Նրանց հովանավորել են Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսն ու Կիլիկյան Հայաստանի արքայական տան պատվիրատու անդամները։ Թորոս Ռոսլինը կերպավորել է ավետարան․ թեմաների իր պատկերագր․ համակարգը, դասականորեն վսեմ ու կոթողային հորինվածքներ, որոնք աչքի են ընկնում գույների աննախադեպ նրբերանգներով։ Բուն Հայաստանի որոշ շրջաններում, համեմատաբար կայուն քաղ․ վիճակում մանրանկարչությունը ծաղկում է ապրել XIII դ․ _ XIV դ․ 1-ին կեսին․ գործել են մինչ այդ կազմավորված Անիի մանրանկարչության դպրոցը, ապա՝ Գլաձորի մանրանկարչության դպրոցը, որի ավանդույթները շարունակվել են Տաթևի մանրանկարչության դպրոցում մինչև XV դ․ վերջը․ ծաղկվել են հայկ․ մանրանկարչության առաջընթացի նոր էջեր բացող ինքնատիպ, բարձրարվեստ մատյաններ՝ «Թարգմանչաց Ավետարանը», «Հաղպատի Ավետարանը», 1318-ի «Եսայի Նչե