Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/177

Այս էջը սրբագրված չէ

յան, Ս․ Համալբաշյան, Գ․ Մանուկյան, Կ․ Նիգարյան, Ա․ Սարգսյան և շատ ուր․։ Աշխարհի տարբեր երկրներում հաճախակի կազմակերպվում են հայ արվեստի անհատ․, թեմատիկ և խմբակային բազմաբնույթ ցուցահանդեսներ։

Սփյուռքահայ կերպարվեստի մասին տես Սփյուռք հոդվածում։

21․ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ


Հայկ․ մասնագիտացված երաժշտարվեստի արմատները հասնում են հազարամյակների խորքը։ Հայկ․ լեռնաշխարհի ժայռապատկերներում կերպավորված են ծիսական պարային տեսարաններ։ Մ․թ․ա․ II հազարամյակի կեսից Հայաստանի տարածքում կազմավորված երկրներում (Նաիրի ևն) պաշտամունք․ ծիսակատարություններում իր տեղն է ունեցել երգ-երաժշտությունը։ Նոր վերելք է ապրել մշակույթը, ներառյալ երաժշտարվեստը, հատկապես մ․թ․ա․ I հազարամյակում։ Սևանի ավազանում հայտնաբերված եղջերափողը (մ․թ․ա․ I հազարամյակի սկիզբ), Կարմիր բլուրում՝ զույգ բրոնզե ծնծղաները (մ․թ․ա․ VII դ․) ենթադրել են տալիս, որ այդ ժամանակներում ապրող ժողովուրդը ծանոթ է եղել նաև մերձարլ․ երաժշտ․ մյուս նվագարաններին։ Նավասարդյան խաղերն ուղեկցվել են ճոխ տոնախմբություններով։ Հայկ․ դիցարանի աստվածների հեթանոս․ տաճարներում հատուկ կրթություն ստացած քրմական դասերի ջանքերով կազմվել է Մաշտոցը, զարգացել պաշտամունք․ երգ-երաժշտությունը, աշխարհիկը՝ գուսանների, վարձակների շնորհիվ։ Կենցաղավարել են նաև աշխատանք․ երգերը։ Այս ձեռքբերումներն ամրապնդվել են Երվանդունիների օրոք։ Ողբասացների միջոցով մշակվել, մասնագիտացվել է ողբը։

Մ․թ․ա․ III դ․ գտածո է Գառնիում հայտնաբերված 5 ձայնանցքանի ոսկրե սրինգը։ Այդ շրջանում Մեծ Հայքի միացյալ թագավորությունում զարգացել է հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան հարստության տիրապետության օրոք երաժշտության բնագավառում վերելք են ապրել հայոց ռազմ․ և ծիսական, մասնավորապես՝ հարսանեկան երգերը, «Վեպ», «Վիպասանք», «Երգք վիպասանց», «Թուելեացն երգք» (թվելյաց երգեր) վիպերգերը։

Երաժշտությունը կարևոր տեղ է գրավել վաղ քրիստ․ Հայաստանում․ շարունակել է կենցաղավարել հեթանոս․ շրջանի ժող․ և գուսան․ արվեստը (գողթան երգեր, գողթան երգիչներ ևն), ձևավորվել է նորաստեղծ հայ եկեղեցու երգեցողությունը։ Ըստ Ագաթանգեղոսի՝ դեռևս նախագրային շրջանում մեծ տարածում են ունեցել սաղմոսները։ Այբուբենի ստեղծումից և եռանդուն թարգման․ գործունեությունից բացի Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևն անմիջական մասնակցություն են բերել մինչ այդ հուն․ և ասոր․ տարվող պաշտոներգության կարգավորմանը և հայացմանը։ Նրանց ջանքերով՝ ավանդ․ չորս ձայնեղանակների հիման վրա ստեղծվել է հայկ․ ութձայն համակարգը։ Նրանց է ավանդաբար վերագրվում նաև կցուրդների հորինումը, որով և դրվել է ազգ․ հիմներգության սկիզբը։ Թարգմանվել և աստիճանաբար ազգ․ տեսք են ստացել հիմն․ երաժշտածիս․ մատյանները՝ «Պատարագամատույցը», Ժամագիրքը և Մաշտոցը։ VII_VIII դդ․ նկատելի քայլ է կատարել հայ շարականերգությունը (տես Շարական)։ VII դ․ առաջին անգամ կարգավորվել և ի մի են բերվել հոգևոր երգերը։ Այդ ժող․ հիմք է ծառայել ապագա Շարակնոցի համար և կոչվել «Ճոնընտիր» իր կազմողի՝ Բարսեղ Ճոնի անունով։ Հայկ․ ձայնեղանակների համակարգը դասակարգել է VIII դ․ երաժիշտ-տեսաբան Ստեփանոս Սյունեցին (Երկրորդ)։ Նրա ջանքերով էլ հայ հոգևոր երաժշտության մեջ մուտք է գործել 8_9 երգերից բաղկացած բյուզ․ կանոնի ժանրը։ Սահակդուխտի և Խոսրովիդուխտի ստեղծագործություններում արդեն ակնհայտ է անցումը նախորդ դարերի խստաշունչ, փոքրածավալ, սաղմոսատիպ երգասացություններից դեպի ծավալուն, երկարաշունչ, զարդհնչյունային (մելիզմատիկ) ոճի շարականներն ու երգերը։

VIII_IX դարերից է սերում նաև հայկ․ երգչական նշանների՝ խազերի նախնական համակցությունը։ IX դ․ հեղինակներից հիշատակելի են Համամ Արևելցին, Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսը։ IX_X դդ․ ձևավորվել է «Սասնա ծռեր» էպոսը, որի անքակտելի մասն են կազմում երգվող կտորները։ X_XIV դդ․ հայ