Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/180

Այս էջը սրբագրված չէ

Ավետիսյանը, Ա․ Աթաբեկյանը և ուր․։ Լայն տարածում են գտել գուսաններ Շերամի, Հավասու, Շահենի, Աշոտի և այլոց երգերը։

Որակապես նոր աստիճանի է բարձրացել կատարող․ արվեստը․ սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարել են Մ․ Մալունցյանը, Օ․ Դուրյանը, Դ․ Խանջյանը, և ուր․, օպերային թատրոնի բեմադրությունները՝ դիրիժորներ Գ․ Բուդաղյանը, Մ․ Թավրիզյանը, Ս․ Չարեքյանը, Ա․ Քաթանյանը, Հ․ Ոսկանյանը, Յու․ Դավթյանը և ուր․, Հայաստանի պետական երգչախումբը (կապելլա)՝ Կոմիտասի, Մ․ Եկմալյանի, Ք․ Կարա-Մուրզայի խմբերգերի անկրկնելի մեկնաբանությամբ՝ Ա․ Տեր-Հովհաննիսյանը, 1961-ից՝ աննախադեպ բարձունքի հասցրել՝ Հ․ Չեքիջյանը։ Նույն ժամանակում ստեղծվել են նոր կոլեկտիվներ՝ հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (1966, գեղ․ ղեկ․ Օ․ Դուրյան, քիչ ուշ՝ նաև Ռ․ Մանգասարյան), Հայաստանի երգչախմբային ընկերության Ա․ Տեր-Հովհաննիսյանի անվ․ երգչախումբը (1966, 1969_96-ին՝ գեղ․ ղեկ․ Է․ Ծատուրյան), Հայֆիլհարմոնիայի կամերային անսամբլը (1964, գեղ․ ղեկ․ Զ․ Սահակյանց, 1989-ից՝ Ռ․ Ահարոնյան), Երևանի կամերային նվագախումբը (1979, գեղ․ ղեկ․ Զ․ Վարդանյան), հեռուստատեսության և ռադիոյի ջութակահարների անսամբլը (1970, գեղ․ ղեկ․ Գ․ Աճեմյան)։ Առանձնակի նշանակություն է ունեցել Հայաստանի պարի անսամբլի գործունեությունը։


Հայաստանի անկախացումից հետո օպերայի և բալետի թատրոնը Տ․ Լևոնյանի ղեկավարությամբ, ի թիվս այլ ներկայացումների՝ բեմադրեց Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան, մեկնեց արտասահմանյան մի քանի հյուրախաղերի։ ՀՀ-ում նոր ծավալ է ստացել երաժշտ․ կյանքը։ Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում չընդհատվող, բազմազան, ծրագրային համերգաշարերով հանդես է գալիս Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը Լ․ Ճգնավորյանի ղեկավարությամբ։ 1988-ի երկրաշարժից հետո Գյումրիում, Վանաձորում վերակենդանանում է ավանդական երաժշտ․ առօրյան։ Նշանակալից հաջողությունների են հասել հին, ինչպես և նոր ստեղծված երաժշտ․ կոլեկտիվները (դրանց թվում՝ 1997-ին վերակազմավորված Հայաստանի կամերային նվագախումբը Ա․ Ղարաբեկյանի ղեկավարությամբ)։ Հաճախակի են դարձել մենակատարների, համույթների, նվագախմբերի արտասահմանյան հյուրախաղերը, հայ կոմպոզիտորները ստեղծել են տարբեր ժանրերի նոր գործեր։ 1991-ին հաստատվել է ՀՀ նոր հիմնը։ Տես նաև Երաժըշտություն, Երաժշտագիտություն հոդվածները, սփյուռքահայ երաժշտության մասին՝ Սփյուռք հոդվածում։

Պարարվեստը։ Հայկ․ ժող․ պարերը (աշխատանքային, կենցաղային և ծիսային բնույթի) հնագույն ծագում ունեն, ուղեկցվել են երգերով, երաժշտ․ գործիքների (հատկապես հարվածային) նվագակցությամբ․ ըստ բովանդակության, կատարողների թվի, սեռի, տարիքի, նպատակադրման, մշակույթում ունեցած դերի ու նշանակության ունեն համապատասխան իմաստներ, խմբվում են որոշակի պարատեսակներում՝ իրենց պարաձևերով։ Հայտնի են գովնդ, շորոր, վերվերի, ետ ու առաջ, ծափ պար, օձաձև, ոտք զարկելով ու թռիչքներով, քոչարի և այլ պարաձևեր, որոնք ըստ բովանդակության դասակարգվում են էպիկական, քնարական, կատակային, կենցաղային, աշխատանքային, որսորդական, սգո, թաղման, հարսանեկան, ռազմական, ճանապարհի, մանկական, ծիսական ու պաշտամունքի հետ կապված հմայական պարատեսակների։ Յուրաքանչյուր պարատեսակ ունի պարեղանակ, կատարողների կազմ, սեռ, տարիք, կատարման ձև, երգվող տեքստ։ Բազմաթիվ պարաձևեր և պարատեսակներ ունեն ոգեպաշտական և տոտեմական ծագում («Խնկի ծառ», «Ծիրանի ծառ», «Ղազ-ղազ» ևն)։ Հարսանիքի և տարբեր արարողությունների ժամանակ կատարվել են պարեր՝ կենդանիների ու երևակայական կերպարների դիմակներով։

Բալետը։ Հայ բեմական պարի և բալետի ասպարեզում առաջին քայլերն արվել են XIX դ․ կեսին։ Առաջին կայուն բալետային խումբը գործել է Արամյան թատրոնում։ Հայկ․ օպերետային թատրոնի ձևավորումը նպաստել է բեմ․ պարի առաջընթացին։ Կ․ Պոլսի օպերետային ներկայացումներում պարերի կատարումներով աչքի են ընկել Հ․ Վարդովյանի և Ս․ Պենկլյանի թատերախմբերի դերասանուհիները։ Պարերը բեմադրել է Երանոս Չափրաստը, հիմնադրել նաև պարի դպրոցներ Կ․ Պոլսում (1868), ապա՝ Զմյուռնիայում և Ադանայում։ Պարեր են ստեղծել հաս․ գործիչ Գ․ Կոստանդյանը, դերասաններ Գ․ Ռշտունին, Ս․ Պենկլյանը, կոմպոզիտոր Տ․ Չուխաճյանն իր օպերետներում, բալետային ինտերմեդիաներ՝ «Արշակ Բ», «Զեմիրե» օպերաներում։ XIX դ․ 70-ական թթ․ արևելահայ թատրոնի ներկայացումներում տեղ են գտել հայկ․ և ասիական պարեր։ Ս․ Պենկլյանի, Ամիրագոյի (Պ․ Ամիրաղյան), Հ․ Ոսկանյանի և այլ օպերետային խմբերում հանդես են եկել հայ պարողներ ու պարուհիներ։ Բալետի պարող Կորգանովը ելույթներ է ունեցել Բաքվում՝ Մայիլյանների թատրոնում, 1920-ական թվականներից՝ Բաքվի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ Բաքվում է ստեղծագործել նաև բալետմայստեր Ս․ Կևորկովը։ 1910-ական թթ․ միջազգ․ համբավի է հասել պարուհի Արմեն Օհանյանը։ 1917-ին Ս․ Ս․ Լիսիցյանը Թիֆլիսում հիմնադրել է արտասանության, ռիթմի և պլաստիկայի ստուդիա (1924-ին վերակազմավորվել է ռիթմի և պլաստիկայի ինստ-ի)։ Խորհրդ․ առաջին տարիներին տարբեր քաղաքների օպերայի և բալետի