Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/186

Այս էջը սրբագրված չէ

րունակվում են ամենամյա մեկական աշխատանքի, կին արվեստագետների մասնակցությամբ կանանց տոնի առթիվ և երիտասարդական ցուցահանդեսները։ Առանձին ցուցահանդեսներ են նվիրվել սփյուռքահայ նկարիչների և քանդակագործների ստեղծագործություններին։ Հ․ն․տ․ հրատարակում է կատալոգներ և բուկլետներ։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ (ՀՊՊԹ), հիմնադրվել է 1919-ի սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով։ Գործի անմիջական նախաձեռնողներն էին վարչապետ Ա․ Խատիսյանը, հանրային կրթության և արվեստի նախարար Ն․ Աղբալյանը, Վրաստանում ՀՀ ներկայացուցիչ Դ․ Ս․ Զավրիևը և Կովկասի Ազգագրական թանգարանի ավագ վերահսկիչ Ս․ Տեր-Ավետիսյանը։

Թանգարանի վարիչ է հաստատվել Ե․ Լալայանը։ Իր գործունեության տարբեր ժամանակներում թանգարանը կրել է տարբեր անուններ (ազգագրական-մարդաբանական, պետական կենտրոնական, կուլտուր-պատմական)։ Թանգարանի հիմք է հանդիսացել Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերության թանգարանի հավաքածուն։ 1922_31-ին թանգարան են բերվել Նոր Նախիջևանի հայկական թանգարանի (Երվանդ Շահազիզի հավաքածուն, 1922), Մոսկվայի Լազարյան ճեմարանի (1922), Անիի հնադարանի (1926), Էջմիածնի պետական թանգարանի (1929_31) հավաքածուները և հնությունների պահպանության կոմիտեի կազմակերպած հնագիտական պեղումների նյութերը (1931)։ Թանգարանի հավաքածուն համալրվել է նաև հաստատություններում, հիմնարկներում հավաքված նյութերով, կատարվել են գնումներ մասնավոր անձանցից։ Բաժիններն էին հնագիտական, ազգագրական, պատմագրական, գեղարվեստական։ 1922-ին հիմնվեց նաև հեղափոխության բաժինը, որը հետագայում դարձավ առանձին թանգարան։ Թանգարանի հիմնադրման և առաջին հավաքածուները համախմբելու գործում մեծ է հայ գիտության և մշակույթի ականավոր գործիչներ Ե․ Լալայանի, Ե․ Շահազիզի, Գ․ Հովսեփյանի, Վ․ Ախիկյանի, Ս․ Լիսիցյանի, Ռ․ Դրամփյանի և ուրիշների ավանդը։ 1935-ին թանգարանից անջատվելով ինքնուրույն դարձան գրական բաժինը (այժմ՝ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան) և գեղարվեստի բաժինը (այժմ՝ Ազգային պատկերասրահ)։

1940-ից թանգարանը ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան), 1943-ից ՀԽՍՀ ԳԱԱ, 1964-ից ՀՀ մշակույթի նախարարության համակարգում է։ Թանգարանի գիտակազմակերպչական աշխատանքները տնօրինում է գիտական խորհուրդը, որը տարբեր տարիներ ղեկավարել են ականավոր մտավորականներ Մ․ Սարյանը, Հ․ Օրբելին, Կ․ Ղաֆադարյանը, Մ․ Հասրաթյանը և ուրիշներ։ Թանգարանի հավաքածուները դարձել են այսօր հանրապետությունում գործող մի շարք թանգարանների (Երևան քաղաքի պատմության, Հայաստանի ազգագրության ևն) հիմքը։ Թանգարանի հնագիտ․ արշավախմբերը պեղումներ են կատարում տարբեր հնավայրերում։ Հրատարակվում են թանգարանի գիտ․ աշխատությունների ժող-ներ, գիտ․ մենագրություններ։ Ներկայումս (1998) ՀՊՊԹ-ում պահվում է շուրջ 400 հզ․ իր (ավելի քան 5 հզ-ը՝ մշտական ցուցահանդեսում)։

Գրկ․ Ղաֆադարյան Կ․Գ․, Հայաստանի պետական պատմական թանգարանը, ՊԲՀ, 1962, դ 2։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՀԱՄՈՒՅԹ պետական, կազմակերպվել է 1987-ին, Երևանում (մինչև 1991-ը՝ «Բարեկամություն», հիմնադիր և գեղ․ ղեկավար՝ Ն․Մեհրաբյան)։ Պարացանկում են աշխարհի ժողովուրդների պարեր (հայկ․, ուկր․, բել․, մոլդ․, ուզբ․, լիտվ․, վրաց․, հուն․, իսպ․ ևն), ինչպես և՝ հայ, արևմտաեվրոպ․ և ռուս կոմպոզիտորների երկերի բեմականացումներ (Կոմիտասի «Ծիրանի ծառ», «Կռունկ», Ա․ Բաբաջանյանի «Նոկտյուռն», Խ․ Ավետիսյանի «Ծաղկած բալենի», Տ․ Մանսուրյանի «Մեղեդի», Յո․ Ս․ Բախի «Ադաջիո», Ռոսսինիի «Տարանտելլա» ևն)։ Համույթում ազգ․ պարեր են բեմադրել Վ․ Կուրբետը (Մոլդովա), Օ․Վինոգրադովը (Ռուսաստան), Ս․ Դգներաձեն (Վրաստան), Ա․ Ժեմելկոն (Լեհաստան) և ուր․։ Հ․պ․հ․ հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանում։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ պարի պետական համույթ, կազմակերպվել է 1958-ին, Երեվանում։ Գեղ․ ղեկավարներ՝ Է․ Մանուկյան (մինչև 1966-ը), Ա․ Ղարիբյան (1966_ 1968), Վ․ Խանամիրյան (1968_92), Ա․ Կիզիրյան (1992_93), Ս․ Չանչուրյան (1993-ից), գլխ․ բալետմայստեր՝ Գ․ Կարապետյան (1993-ից), երաժշտ․ մասի ղեկ․, կոմպոզիտոր Խ․Ավետիսյան (1958_ 72)։ Պարերի բեմադրմանը մասնակցել են նաև Ի․