Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/199

Այս էջը սրբագրված չէ

դարձել են Բարդուղիմեոս Բոլոնիացին (XIV դ․), Գ․ Պոստելլոսը, Թ․ Ամբրոսիոսը (XVI դ․)։ Սակայն հայ-ի ամբողջ (տպագիր) ուսումնասիրությունները հանդես են գալիս միայն XVII դ․՝ Ֆ․Ռիվոլայի (1624) և Կ․Գալանոսի (1645) քերականությունները, ավելի ուշ՝ Յո․ Շրյոդերի «Գանձ արամեան լեզուի» (1711) աշխատությունը։ Հայազգի քերականներից այս շրջանում հայտնի են Ոսկան Երևանցին, Հովհաննես Հոլովը, Սիմեոն Ջուղայեցին, Բաղդասար Դպիրը և հատկապես Մխիթար Սեբաստացին, որի երկում լատինաբանությունը զիջում է իր դիրքերը և փորձ է արվում ինքնուրույն քերականության ստեղծման ուղղությամբ։ Այս շրջանում հայ-ի ուսումնասիրությունը զգալիորեն խորանում է, նկատվում է լեզվի ողջ համակարգն ընդգրկելու ձգտում, հատուկ տեղ է տրվում շարահյուսությանը։


Հայ-ի ինքնատիպ քերականությունների շրջանի (XVIII դ․ III քառորդ _ մինչև մեր օրերը) սկիզբը դրվում է Մ․Չամչյանի «Քերականութիւն Հայկազեան լեզուի» (1779) գործով, որտեղ հեղինակը հաղթահարել է մինչ այդ տարածված օտարաբանությունները և բացահայտել դաս․ հայ-ին հատուկ լեզվ․ իրողությունները։ Այս շրջանում գրվում են գրաբարի քերականություններ ինչպես հայ․, այնպես էլ օտար լեզուներով՝ անգլ․ (Հ․Ավգերյան), ֆրանս․ (Շ․Ջրպետյան), ռուս․ (Մ․Բժշկյան), լատ․ (Հ․Պետերման)։ Ինքնատիպ քերականությունների շրջանը նշանավորվում է հայ քերական․ մտքի աչքի ընկնող դեմքերի՝ Գ․Ավետիքյանի, Մ․ Սալլանթյանի, Վ․Չալըխյանի, Ա․Այտընյանի, Ա․Բագրատունու աշխատություններով, որոնք նկարագրվող նյութի մանրամասնությամբ և տես․ հարցադրումների խորությամբ դուրս են գալիս դպրոց․ նորմատիվ քերականության շրջանակներից և մոտենում լեզվի գիտ․ նկարագրությանը։

Այս շրջանում հայ լեզվաբան․ միտքն սկսում է ուշադրությունը կենտրոնացնել աշխարհաբարի կազմավորման պատմության և քերական․ առանձնահատկությունների բացահայտման վրա։ Նոր գրակ․ հայ-ին դեռ նախորդ շրջանում նվիրված էին Յո․ Շրյոդերի և Մխիթար Սեբաստացու երկերը։

XIX դ․ լույս տեսած աշխարհաբարի ամենանշանավոր քերականություններն են Ա․Այտընյանի «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզուի» (1866) և Ս․ Պալասանյանի «Ընդհանուր տեսություն արևելյան նոր գրավոր լեզվի հայոց» (1870) աշխատությունները, որոնցից առաջինը, ըստ էության, արևմտահայ-ի, երկրորդը՝ արևելահայ-ի առաջին գիտ․ նկարագրություններն են։ Աշխարհաբարի հետագա ուսումնասիրության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Մ․Աբեղյանի աշխատությունները՝ «Աշխարհաբարի քերականություն» (1906), «Աշխարհաբարի հոլովները» (1908), «Աշխարհաբարի շարահյուսություն» (1912)։ Միջին հայ-ի փաստերի ուսումնասիրությանն են նվիրված Ղ․ Հովնանյանի «Հետազօտութիւնք նախնեաց ռամկօրէնի վրայ» (1897) և Յո․Կարստի «Կիլիկյան հայերենի պատմական քերականություն» (1901) գործերը։

Քերականագիտությանը գրեթե զուգընթաց զարգացել է և հայ բառարանագրությունը։ VI_VII դդ-ից վկայված են տարբեր տիպի բառացանկեր, առանձին երկերի բառերի բացատրություններ և բառարան․ բնույթի այլ աշխատություններ։ X դ․ հետո դրանք արդեն հիմնականում այբբեն․ դասավորություն ունեին և տարբեր էին ըստ բնույթի՝ բացատր․, թարգման․, մասնագիտ․, հոմանիշների, բանաստեղծ․ բառերի ևն։ XVII դ․ երևան են գալիս տպագիր երկլեզվյան բառարանները՝ Ֆ․ Ռիվոլայի (1621), Աստվածատուր Ներսեսովիչի (1695), ավելի ուշ՝ Յա․ Վիլլոտի (1714) լատ-հայ․, Գ․Խալդարյանի, Կ․ Սարաֆյանի (1783) հայ-ռուս․ և ռուս-հայ․ բառարանները։ Նշանավոր են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ․ 1_2, 1749_69) և Գ․ Ավետիքյանի, Խ․ Սյուրմելյանի, Մ․Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (հ․ 1_2, 1836_37) բացատրական բառարանները։

XIX դ․ կեսից սկսվում է հայ-ի պատմահամեմատ․ ուսումնասիրությունը, որպես առանձին գիտակարգեր ձևավորվում են հայ բարբառագիտությունը և հայոց լեզվի պատմությունը։ Հայ-ի հնդեվրոպ․ բնույթի հաստատումից և հատկապես Հ․Հյուբշմանի կողմից հնդեվրոպ․ լեզուների շրջանում նրա ինքնուրույն դիրքի որոշումից հետո հայ․ դրվում է գիտ․ լայն շրջանառության մեջ և ցայժմ գտնվում է տարբեր երկրների բազմաթիվ լեզվաբանների ուշադրության կենտրոնում։ Նրանց հատկապես հետաքրքրում են հայ-ի ծագման, նրա բնույթի, մերձավոր ցեղակցության, տարածքային կապերի, պատմ․ զարգացման ընթացքի, լեզվ․ շփումների, հայերի նախահայրենիքի, լեզվ․ տարբեր երևույթների ժամանակագրության, հնդեվրոպ․ լեզվաբանության համար հայ-ի ընձեռած նյութի արժեքի և բազմաթիվ այլ հարցեր, որոնց լուծման մեջ նշանակալից ավանդ ունեն լեզվաբան-հայագետներ Հ․Հյուբշմանը, Կ․Բրուգմանը, Հ․Օստհոֆը, Ս․Բուգգեն, Ա․Մեյեն, Հ․Պեդերսենը, Է․Լիդենը, մեր ժամանակներում՝ Վ․Պիզանին, Ջ․Բոնֆանտեն, Է․Բենվենիստը, Հ․Ֆոգտը, Գ․ Սոլտան, Վ․Պորցիգը, Գ․Վինտերը, Կ․Շմիտը, Ռ․Գոդելը, Է․Հեմպը, Ջ․Գրեպին և ուր․, հայազգի հետազոտողներից՝ Հ․Տաշյանը, Հ․Աճառյանը, Գ․ Ղափանցյանը, Է․ Աղայանը, Գ․Ջահուկյանը, Է․Թումանյանը և այլք։ Հայ-ի ուսումնասիրությամբ զբաղվել են նաև ռուս լեզվաբաններ Ֆ․Ֆորտունատովը, Ի․Բոդուեն դը Կուրտենոն, Ա․Տոմսոնը, Ն․Մառը, խորհրդային շրջանում՝ Վ․Աբաևը, Է․Մակաևը, Վ․Իվանովը և ուր․։

XX դ․ 20-ական թթ․ Հ․ լայն ծավալ ու ընդգրկում է ստանում Խորհրդային Հայաստանում։ Այս շրջանում լեզվաբանների ուշադրության կենտրոնում է հայ-ի կառուցվածքը, զարգացման և գործառնության բոլոր օրինաչափությունների բացահայտումը։ Հատկապես բազմակողմանի ու խոր ուսումնասիրվում է ժամանակակից հայ․։ Ընդհանուր բնույթի աշխատություններից նշելի են Մ․Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը» (1931), «Ժամանակակից հայոց լեզու» ակադեմ․ քերականությունը (հ․ 1_3, 1974_79), Գ․Ջահուկյանի «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները» (1974) ևն։ Բազմաթիվ մենագրություններ ու հոդվածներ են նվիրվել լեզվի կառուցվածքի տարբեր մակարդակներին, խոսքի մասերին, քերական․ այլևայլ կարգերի (Գ․Սևակ, Է․Աղայան, Գ․Ջահուկյան, Վ․Առաքելյան, Ա․Աբրահամյան, Ս․Աբրահամյան, Հ․Պետրոսյան, Ա․Սուքիասյան, Ա․Մարգարյան, Հ․Բարսեղյան, Մ․Ասատրյան, Վ․Քոսյան և ուր․)։


Հայտնի է Հ․Աճառյանի «Հայոց լեզվի պատմություն» (հ․ 1_2, 1940_51) աշխատությունը, որից հետո գրվել են հայ-ի զարգացման տարբեր փուլերին՝ գրաբարին, միջին հայ-ին, վաղ աշխարհաբարին, նոր շրջանին նվիրված աշխատություններ (Գ․Սևակ, Ս․Ղազարյան, Վ․Առաքելյան, Ռ․Իշխանյան, Հ․Մու