Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/2

Այս էջը հաստատված է

կրոնամոգական խորհուրդ։ Հ․ սովորաբար հարմարեցվել է աշխարհագր․ միջավայրին և տնտ․ գործունեությանը։ Հասարակության զարգացման ընթացքում տարբերակվել են տղամարդու և կնոջ, աղջիկների և կանանց Հ-ները, առաջացել առօրյա, տոնական, հարսանեկան, սգո և այլ կարգի Հ-ներ։ Աշխատանքի բաժանման հետևանքով առաջացել են մասնագիտ․ Հ-ների զանազան ձևեր ու տեսակներ։ Դեռևս հնում Հ․ արտացոլել է էթնիկ (տոհմային, ցեղային), հետագայում՝ նաև ազգ․ առանձնահատկությունները։ Հ-ի ձևը, նյութը, հարդարանքը, որպես կանոն, դրսևորում են տարբեր դասերի պատկանելությունը։

Բավարարելով հասարակության կենս․ պահանջները՝ Հ․ միաժամանակ արտահայտում է նրա գեղագիտ․ պատկերացումները, պատրաստվում տվյալ ժամանակաշրջանի հիմն․ գեղարվեստ․ ոճին համապատասխան և վերջինիս մասնավոր դրսևորումներով։ Հ-ի կառուցվածքը որոշելիս՝ կիրառվում են համաչափության կամ անհամաչափության, նրբերանգների կամ ցայտերանգների սկզբունքները, հաշվի առնվում մարդու տարիքը, արտաքինի առանձին մանրամասներ (մազերի, աչքերի գույնը ևն)։

Հայկ․ լեռնաշխարհում հնագույն Հ-ի վերաբերյալ պատկերացում են տալիս դեռևս միջին քարի դարի ժայռապատկերներում հանդիպող ուրվագծային, բրոնզի և երկաթի դարերի գոտիների ու այլ առարկաների վրայի պատկերները, ուրարտ․ և ասոր․ որմնանկարները, արձանները, գոտիների, սաղավարտների, կապարճների, կնիքների, մեդալիոնների ու այլ առարկաների վրայի պատկերները, միջնադարյան մանրանկարի նոր ժամանակների գեղ․ կտավներն ու լուսանկարները ևն։ Տես նաև Տարազ։

ՀԱԴԱՄԱԿԵՐՏ, քաղաք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Աղբակ գավառում։ Տես Ադամակերտ։

ՀԱԴԻՍԻ, խաղողի ուշահաս տեխնիկական սորտ։ Ստացել են Ս․ Պողոսյանը և Ս․ Խաչատրյանը ՀՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ում։ Շրջանացված է ՀՀ-ում։

Տերևները միջին մեծության են, կլորավուն, հնգաբլթակ, խոր կտրտված, հարթ, լերկ, ծաղիկը՝ երկսեռ, ողկույզը՝ խոշոր, կոնաձև, խիտ։ Պտուղը՝ միջին մեծության, կլորավուն, սև, չափավոր մոմային փառով։ Պտղամիսը հյութալի է, հաճելի համով։

Բողբոջումից մինչև պտղի հասունացումը տևում է 160-165 օր։ Ցրտադիմացկուն է (-24°C)։ Բերքատվությունը՝ 200-250 ց/հա։ Լավորակ հումք է բարձրորակ կարմիր աղանդերային գինու արտադրության համար։

ՀԱԴՐՈՒԹ, քաղաք, ԼՂՀ Հադրութի շրջանի կենտրոնը (1928-ից), Ստեփանակերտից շուրջ 50 կմ հարավ-արևելք։ 6 հզ․ բն․ (1999), հայեր։ Քաղաքի բնակիչներն զբաղվում են նաև խաղողի, հացահատիկի և անասնապահ․ մթերքների արտադրությամբ։

Հ-ի հիմնադրման ժամանակը հայտնի չէ։ Քաղաքի և նրա շրջակայքի տասնյակ հուշարձանները վերաբերում են հեթանոս․, վաղ․ քրիստ․ և միջնադարյան ժամանակաշրջաններին։ Հ․ նշանակում է միջագետք կամ բառացի՝ երկու գետերի միջև (բնակավայրի երկու կողմերով հոսում են երկու գետակներ, որոնք միախառնվում են Հ-ի ստորին մասում՝ Խորը աղբյուրի մոտ)։ XIX դ․, Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, մի քանի տասնամյակում քառապատկվել է Հ-ի բնակչության թիվը։ Աշխուժացել են արհեստները, որոնց թիվը XX դ․ սկզբին շուրջ 25 էր։ Հայտնի էին որմնադիրները, դարբինները, հյուսները, ոսկերիչները, գորգագործները, մետաքսագործները։ Հ․, Շուշիից հետո, երկրամասում երկրորդ արհեստագործական կենտրոնն էր։ 1913-ին ուներ 2795 բն․, գործում էր մետաքսակարժական երկու ֆաբրիկա, օղեթորման և գինու պատրաստման 46 արտադրամաս, ոսկերչ․ և գորգագործ․ 6 արհեստանոց, կղմինդրի 2 գործարան։ Հ-ի մետաքսը ներկայացվել է համաշխ․ ցուցահանդեսների․ 1882-ին Մոսկվայի տոնավաճառում այն արժանացել է բրոնզե, իսկ 1883-ին ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում՝ ոսկե մեդալի։ 1918-ին հադրութցիներն ուժեղ դիմադրություն են ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրք․ զորքերին։ Խորհրդայնացումից հետո, բռնի հայտնվելով Ադրբ․ ԽՍՀ կազմում, Հ․ զրկվել է իր զարգացման հնարավորություններից, փակվել են գրեթե բոլոր արդ․ ձեռնարկությունները, կտրտվել կամ արմատահան են արվել հարյուրավոր հա շահութաբեր թթենու այգիներ։ 1988-ի Ղարաբաղյան շարժման շնորհիվ Հ-ի բնակչությունն ազգային վերածնունդ է ապրել։ Քաղաքի բնակիչները համայն արցախահայության հետ պայքարեցին իրենց ազատության համար։

Հին Հ․ օղակված է եղել պաշտպան․ մի շարք բերդ-ամրոցներով։ Հս-արլ-ում պահպանվել են «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հվ-ում՝ «Ծծախաչ» անունով բերդի, հս-ում՝ «Վնեսաբերդի», հվ-արլ-ում՝ «Ցորաբերդի» պարիսպների և աշտարակների առանձին մասեր։ Հ․, գավառով հանդերձ, բազմիցս ենթարկվել է պարսիկների, արաբների, սելջուկյան թուրքերի, թաթար-մոնղոլների, օսմ․ թուրքերի ավերածություններին, սակայն, միշտ վերակառուցվել է։ Այդ են վկայում Հ-ի և շրջակա գյուղերի Սպիտակախաչ վանքի, Շախկախի, Շինատեղի, Անապատի, Ս․Հարություն, Ս․Աստվածածին, Գրիգոր Լուսավորիչ, Ամենափրկիչ, Ս․Գրիգոր վանքերի ու եկեղեցիների (IX-XVII դդ․) վիմագրերը, ինչպես նաև բազմաթիվ այլ հուշարձաններ։ XIX դ․ կազմակերպվել է Հ-ի կանոնավոր հատակագծով կառուցապատումը․ անխաթար պահպանվել են քաղաքի հին հատվածը (շրջկենտրոնի ստորին մասից մինչև վերին գերեզմանատունը), փողոցի երկու կողմում հայկ․ ժող․ ճարտ․ արժեքավոր կառույցներ՝ պատշգամբավոր բնակելի տներ (1-3-հարկանի), խանութներ, արհեստանոցներ։

Հ-ում տպագրվում է «Դիզակ» շրջ․ թերթը։

ՀԱԴՐՈՒԹԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբ․ դասակարգման պատկանում է «ս» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագր․ դասակարգման արլ․ խմբակցության Ղարաբաղ-Շամախիի կամ ծայր հս-արլ․ միջբարբառախմբի Ղարաբաղի բարբառի ենթաբարբառն է։ Խոսվում է ԼՂՀ Հադրութի շրջանում։ Ձայնավոր հնչյուններն են ա, օ, ու, ի, է,