Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/200

Այս էջը սրբագրված չէ

րադյան, Ս․Անթոսյան, Մ․Մուրադյան և ուր․), մշակվում է հայ-ի պատմության շրջանաբաժանումը (Գ․Ջահուկյան), լույս է տեսել հայոց լեզվի պատմության ակադեմ․ քառահատորյակի առաջին հատորը (Գ․Ջահուկյան, «Նախագրային ժամանակաշրջան», 1987)։

Բարբառագիտության մեջ շարունակվում է դեռևս XIX դ․ վերջից սկսված հայ բարբառների մենագր․ նկարագրությունը (50-ից ավելի բարբառային միավոր), մշակվում են բարբառների դասակարգման սկզբունքներ՝ հնչյուն․ (Հ․Աճառյան, Ա․Ղարիբյան), ձևաբան-տիպաբան․ (Է․Աղայան, Գ․Ջահուկյան), բազմահատկանիշ-վիճակագրակ․ (Գ․Ջահուկյան), սկսվում են հայ-ի բարբառագիտ․ ատլասի կազմման աշխատանքները (սկզբնապես՝ Հ․Մուրադյանի ղեկավարությամբ), ուշադրության են արժանանում պատմ․ բարբառագիտության, բարբառների համեմատ․ քննության հարցերը։

Շարունակվում են բառարանագրության հարուստ ավանդույթները։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին ստեղծված՝ Ն․Բյուզանդացու, Մ․Քաջունու, Ս․Էփրիկյանի, Ղ․Ալիշանի, Հ․Դաղբաշյանի, Ս․ Գաբամաջյանի, Ս․Ամատունու և ուր․ բազմաբնույթ բառարաններից հետո ձեռք են բերվում այնպիսի նվաճումներ, ինչպիսիք են Հ․Աճառյանի «Արմատական բառարանը» (հ․ 1_7, 1926_35), «Հայոց անձնանունների բառարանը» (հ․ 1_5, 1942_62), Ս․Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանը» (հ․ 1_4, 1945_46), Ա․Սուքիասյանի «Հոմանիշների բառարանը» (1967), Ա․Ղարիբյանի «Ռուս-հայերեն բառարանը» (1969), Է․Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը» (հ․ 1_2, 1976), ակադեմ․ հրատարակություններ՝ «Ռուս-հայերեն բառարանը» (հ․ 1_4, 1954_58), «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը» (հ․ 1_4, 1969_80), «Հայ-ռուսերեն բառարանը» (1984), «Անգլերեն-հայերեն բառարանը» (1984)։ Ստեղծվել են բազմաթիվ տերմինաբան․, մասնագիտ․, թարգման․ (երկլեզվյան և բազմալեզվյան), դարձվածաբան․, ուղղագրակ․, համանունների, հականիշների և այլ բնույթի բառարաններ, կանոնավորապես լույս են տեսնում հայ հին և միջնադարյան մատենագիրների երկերի համաբարբառները։

Վերջին տասնամյակներում ավանդական գիտակարգերի հետ միաժամանակ հայ․ ուսումնասիրվում է լեզվաբան․ նոր ուղղությունների՝ կառուցվածքային լեզվաբանության, փորձառ․ հնչյունաբանության, հանրալեզվաբանության, հոգելեզվաբանության, լեզվաբան․ տիպաբանության տեսանկյունից, կատարվում են մեքեն․ թարգմանության փորձեր և մշակվում են լեզվի ձևականացված քննության մեթոդները՝ ԷՀՄ-ի կիրառությամբ։


Հ-յանը նվիրված միջազգ․ գիտաժողովներ են տեղի ունեցել Քլիվլենդում (ԱՄՆ, 1979) և Երևանում (1982,1987)։

Գրկ․ Ջահուկյան Գ․Բ․, Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Ե․, 1954։ Նույնի, Գրաբարի քերականության պատմություն (XVII_XIX դդ․), Ե․, 1974։ Աղայան Է․Բ․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1_2, Ե․, 1958_62։ Գասպարյան Գ․Կ․, Հայ բառարանագրության պատմություն, Ե․, 1968։ Հայերենագիտությունը 60 տարում, Ե․, 1981։ Հովսեփյան Լ․Ս․, Սովետահայ լեզվաբանությունը 60 տարում, Ե․, 1982։ Պետրոսյան Հ․Զ․, Հայերենագիտական բառարան, Ե․, 1987։


ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՀՀ լեզվի պետական տեսչությանը կից, կազմավորվել է 1995-ի հոկտեմբերին (հաջորդել է 1994-ին լուծարված Նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեին)։ Հ․բ․խ․ լեզվաշինական աշխ-ը ղեկավարելու, ժամանակակից գրակ․ հայ-ի հարստացմանն ու զարգացմանը նպաստելու նպատակ է հետապնդում։ Հ․բ․խ․ մշակում և սահմանում է տերմինաբանության, տերմինաշինության, տառադարձության, ուղղագրության, ուղղախոսության և կետադրության կանոնարկման սկզբունքները։ Քննարկում և լուծում է հայ-ի բանավոր և գրավոր խոսքի վիճելի հարցերը, ընտրություն կատարում զուգահեռ տերմինների միջև։ Հ․բ․խ-ի որոշումները հաստատվում են լեզվի պետ․ տեսչության պետի հրամանով և պարտադիր են ՀՀ-ում հայ գրակ․ լեզվի պաշտոնական և հրապարակային գործունեության բոլոր բնագավառներում։


Հ․բ․խ-ի նախագահն է ակադ․ Գ․ Ջահուկյանը (1995-ից)։


ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ, նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ․Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների մի մեծ խմբի)։ Մշտապես նշվել է սփյուռքահայ համայնքներում։ Խորհրդ․ Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետ․ մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։ Երևանում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ Թուրքիայի կառավարող շրջանների հրեշավոր ոճրագործության դեմ բողոքի և պատմ․ արդարությունը վերականգնելու պահանջի կարգախոսներով։ Ցույցն ավարտվել է Կոմիտասի գերեզմանի մոտ հանրահավաքով։ Նույն օրը կայացել է ցեղասպանության հիշատակին նվիրված ժողով, որին մասնակցել են հասարակայնության, պետ․ մարմինների և հոգևորականության ներկայացուցիչներ։ Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Երևանում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու մասին։ Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի (տես Մեծ եղեռնի հուշարձան) կառուցումից հետո, ամեն տարի ապրիլի 24-ին համաժողովրդական երթ է կատարվում դեպի համալիր։ 1988-ի նոյեմբ․ 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի հայերի ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Հ․ց․զ․հ․օ․ և համարվել ոչ աշխատանքային օր (տես Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին)։


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1920,