Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/201

Այս էջը սրբագրված չէ

Թուրքիայի զավթողական պատերազմը Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեմ։ 1919-ին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց ՀՀ-ի և Հունաստանի նկատմամբ, ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտ․ ձգտումները խոչընդոտողներին (և՛ ՀՀ, և՛ Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը), և առաջնահերթ խնդիր համարեց պայքարը հույների ու հայերի դեմ։

1920-ի հուլիս-օգոստ․ ՀՀ-ի դեմ թուրքերը կենտրոնացրել էին 50 հզ-անոց բանակ, 306 հրանոթ։ ՀՀ սահմանի վրա ուներ 30_36 հզ․ զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Սեպտ․ 22-ին թուրք․ զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին ՀՀ տարածք՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Կազմալուծված ու դասալքությունից թուլացած հայկ․ բանակը նահանջեց։ Ստեղծված ծանր պայմաններում ՀՀ կառավարությունը դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմ․ ու նյութ․ օգնություն ցույց տալու խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող Անտանտի տերությունները մերժեցին որևէ օգնություն։

Սեպտ․ 29-ին թշնամին գրավեց Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտ․ 30-ին՝ Կարսը, նոյեմբ․ 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբ․ 12-ին՝ Աղինը։ Նոյեմբ․ 15-ին ՀՀ կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբ․ 9-ին թուրքերի առաջարկած հաշտության ծանր պայմանները։ 1920-ի դեկտ․ 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Նույն օրը ՀՀ և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով Հայաստանը հայտարարվեց անկախ սոցիալիստ․ հանրապետություն (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։

Թուրք․ արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արլ․ հատվածին․ ավերվեց ավելի քան 140 բնակավայր, կոտորվեց 198 հզ․ մարդ, պատճառվեց 20 մլն ռ․ (ոսկով) վնաս։


ՀՀ պարտության պատճառներն էին նրա տնտ․ ծանր կացությունը, բանակի կազմալուծումը, հանրապետության միջազգ․ մեկուսացվածությունը, ներքին պառակտվածությունը, լավ զինված թուրք․ բանակի առկայությունը, Թուրքիային ցուցաբերած դիվանագիտ․, նյութ․ և քաղ․ լայն օգնությունը։

Գրկ․ Խատիսյան Ա․, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Աթենք, 1930։ Սարգսյան Ե․Ղ․, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914_1918 թթ․, Ե․, 1964։ Սարգսյան Ե․, Սահակյան Ռ․, Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, Ե․, 1963։ Կարապետյան Ս․, 1920 թվականի հայ-թուրքական պատերազմը և Սովետական Ռուսաստանը, Ե․, 1965։ Զոհրաբյան Է․, Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920_1922 թթ․, Ե․, 1979։


ՀԱՅԿ, ըստ հին հայոց ծննդաբանական դիցավեպի՝ հայ ժողովրդի անվանադիր նախնին և ռազմի աստվածը։ Հ-ի դիցավեպը Մար Աբաս Կատինայի պատմությունից բանաքաղությամբ ավանդել են Մովսես Խորենացին և Անանուն պատմիչը (Սեբեոս)։ Առանձին պատառիկներ պահպանվել են Անանիա Շիրակացու, Ջվանշերի, Վանական Վարդապետի և այլոց երկերում, ինչպես նաև ժող․ զրույցներում։ Ըստ դիցավեպի՝ քաջ աղեղնավոր և դյուցազն Հ․ եղել է Արարադ (Արարատ) երկրի տիրակալը, այդ երկրի արյունակից իշխանների գերագույն հայրը, նրանց անկախության ու ազատության հովանին։

Բաբելոնից Արարադի երկիրը Հ-ի գաղթելու ավանդությունը, որը չի միահյուսվում բուն դիցավեպի էությանը, հորինվել է Հայաստանում քրիստոնեության հաստատումից հետո՝ Աստվածաշնչի բաբելոնյան աշտարակաշինության և մարդկային ցեղերի աշխարհասփռման առասպելին հարմարեցնելու ազդեցությամբ։ Ջվանշեր պատմիչի մոտ պահպանված ավանդազրույցի համաձայն՝ Կովկաս․ լ-շղթայի, Պոնտոս (Սև) և Կասպից ծովերի միջև տարածվող երկիրը Հ-ին ժառանգել է հայրը՝ Թորգոմը։ Հ․, որը նախապես հարկատու էր աշշուրա-բաբելոնյան բռնապետ աստված Բելին (Նեբրովթ), համախմբելով իր եղբայրների, որդիների ու թոռների ուժերը, ապստամբել ու թոթափել է օտար բռնակալի գերիշխանությունը։ Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է առաքել Արարադի երկիրը և Հ-ից պահանջել հնազանդվել և վերստին ճանաչել իր գերագահ իրավունքը։ Ազատասեր Հ․ կրտսեր ու ենթակա աստծո գահն իր համար անպատվաբեր համարելով՝ խստությամբ հետ է ուղարկել Բելի պատգամավորներին։ Հ-ին պատժելու և նրա երկիրը նվաճելու նպատակով՝ Բելը մեծ զորաբանակով ներխուժել է նրա բնակության սահմանները։ Արարատյան տերության հվ․ սահմանագավառներից մեկի՝ Կադմոսի տան վրայով Բելը «գայ հասանէ հիւսիսի յերկիրն Արարադայ»՝ «ի տունն, որ էր նոցա հայրենի»։ Կադմոս թոռան միջոցով տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հ․ հավաքել է զորքերը և Հարք գավառից արագ երթով հասել «աղի ջրեր ու մանր ձկներ ունեցող ծովակի» (Վանա լիճ) ափը։ Վճռական ճակատամարտում իր լայնալիճ աղեղով և երեքթևյան նետով Բելին սպանելուց հետո Հ․ վերադարձել է իր բնակատեղը (Հարք)՝ հետը տանելով Բելի զմռսված դիակը՝ «ի տեսիլ կանանց և որդւոց իւրոյ»։ Ի պատիվ հաղթանակի՝ Հ․ ճակատամարտի տեղում կառուցել է Հայք դաստակերտը (տես Հայկաբերդ), որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ նետահարվել է Բելը, Հ․ անվանել է Գերեզմանք։ Այնուհետև երկիրը և նրա բնակիչները Հ-ի անունով կոչվել են Հայք։


Հ-ի և Բելի դիցավեպն ակներևորեն վերաբերում է Ուրարտու-Արարատյան և Աշշուրա-Բաբելոնյան տերությունների ժամանակներին (մ․թ․ա․ IX_VII դդ․)։ Հ․ անձնավորել է Հայկ․ լեռնաշխարհի ցեղերի համախմբման և հայ ժողովրդի ինքնահաստատման գաղափարը։ Այս