Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/209

Այս էջը սրբագրված չէ

րում է Միչիգանի համալսարանի հայոց լեզվի Ամառային հիմնարկը Երևանում ևն։ Նույն հիմնադրամը յուրաքանչյուր տարի հրատարակում է մի քանի տասնյակ հայագիտական աշխատություններ։


ՀԲԸՄ ավանդաբար հատկացումներ է անում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին, Երուսաղեմի և Կ․Պոլսի պատրիարքարաններին, Վենետիկի Մխիթարյան միաբանությանը ևն։ Լիբանանում քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1976_77 և 1979 թթ․ կազմակերպել է լիբանանահայոց օգնության հանգանակություններ, որոնց ընթացքում գոյացել է ավելի քան 1 մլն դոլար։


ՀԲԸՄ միակ սփյուռքահայ կազմակերպությունն է, որին ՀԽՍՀ իշխանությունների 1923-ի որոշմամբ թույլատրվել է գործել երկրում։ 1924-ին ՀԲԸՄ Երուսաղեմի, Հալեպի և Բեյրութի իր որբանոցների 250 չափահաս սաների տեղափոխել է Հայաստան ու հոգացել նրանց տեղափոխման և առաջին տարվա ծախսերը։ 1925-ին ՀԲԸՄ միջոցներով Էվջիլարում (նախկին Հոկտեմբերյանի շրջան) կառուցվել է Նոր Եվդոկիա գյուղը, Երևանում 1929-ին՝ Դարուհի Հակոբյան մայրանոցը և Մարի Նուբար ակնաբուժարանը, իսկ 1930-ին՝ Ավետ Սարգիս պաստյորյան կայանը (կատաղաբուժարանը), որը մասնաճյուղեր ուներ Ղարաքիլիսայում (Վանաձոր) և Լենինականում (Գյումրի)։ 1931-ին Երևանի Աբովյան փող․ վրա կառուցվել է «Բարեգործականի տուն» բնակելի շենք՝ համալսարանի պրոֆեսորների և այլ մտավորականների համար։ 1930_36 թթ․ ՀԲԸՄ Մելգոնյան հիմնադրամի միջոցներով Երևանում հրատարակվել են շուրջ երեսուն գիտ․ աշխատություններ։ Հայաստանում ՀԲԸՄ ամենանշանավոր իրագործումներից է Երևանի հարավում Նուբարաշեն ավանի կառուցումը։ ՀԲԸՄ մասնակցել է 1920_30-ական թթ․ ներգաղթի կազմակերպման և ֆինանսավորման գործին, կազմակերպել է հանգանակություններ հօգուտ Շիրակի (1926) և Զանգեզուրի (1930_31) երկրաշարժերից տուժածների, հիմնել նուբարյան մրցանակներ ԵՊՀ ուսանողների համար ևն։ 1937-ի դեկտ․ Հայաստանի իշխանությունները արգելել են ՀԲԸՄ և Մելգոնյան ֆոնդի գործունեությունը երկրում։ Նույն իշխանությունների առաջարկությամբ հայրենադարձության կազմակերպման համար 1946_47-ին ՀԲԸՄ սփյուռքում հանգանակել է մոտ 2 մլն դոլար։

1988-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո ՀԲԸՄ կազմակերպել է սննդի, հագուստի, դեղորայքի ևն տեղափոխումը աղետյալ շրջաններ։ 1990-ին բացվել է նրա գրասենյակը Երևանում։ Շուրջ 50 տարի անց վերսկսելով իր գործունեությունը Հայաստանում, ՀԲԸՄ նախապատվությունը տալիս է ոչ թե զուտ մարդասիր․ օգնությանը, այլ երկրի զարգացմանը նպաստող ծրագրերին։ 1992-ին ավարտվել է 10 հզ․ տ տարողության սառցամթերանոցի կառուցումը Գյումրիում։ Նույն թվականին Երևանում հիմնվել է (ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության և Հովարդ Կարագյոզյան հաստատության սկզբնական օժանդակությամբ) Պլաստիկ-վերականգնողական վիրաբուժության կենտրոնը, ուր բուժում է ստացել մոտ 6 հզ․ մարդ, իսկ 1996-ին՝ Գերձայնային հետազոտությունների բժշկական կենտրոնը, ֆինանսավորել բժշկ․ գիտաժողովներ։ 1991-ին հիմնվել է Հայաստանի ամերիկյան համալսարանը, որի տարբեր բաժիններում ուսանում է 450 ուսանող, իսկ շրջանավարտների թիվը մոտ 700 է։ 1999-ին՝ ԱՄՆ-ի կառավարության և ամերիկահայ նվիրատուների օժանդակությամբ, ՀԲԸՄ կառուցել է նույն համալսարանի բիզնես-կենտրոնի շենքը։ ՀԲԸՄ ֆինանսավորել է Արվեստի ակադեմիայի շենքի վերանորոգումը Գյումրիում, ուր գործում են Երևանի կոնսերվատորիայի, գեղարվեստի և թատերական ինստ-ների մասնաճյուղերը, հատկացումներ է անում Մատենադարանին, ԳԱԱ-ին, ԵՊՀ-ին, բժշկական և ճարտարագիտական համալսարաններին, Հայոց ցեղասպանության ինստ-թանգարանին, 1999-ին դրամական պարգևներ է շնորհել տարվա 29 լավագույն մարզիկների։ ՀԲԸՄ ֆինանսավորում է նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երևանի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը, թատերական բեմադրություններ ևն։ ՀԲԸՄ Երևանում կառուցվող Մայր տաճարի հիմնական հովանավորն է։ Համագործակցաբար Մայր աթոռ Ս․ Էջմիածնի հետ կառուցել է Սևանի ընծայարանը, հանրակացարանն ու մատուռը, Երևանի Մալաթիա, Արաբկիր և Նորք թաղամասերում հիմնել է Հայորդաց տներ, որոնց շուրջ 5 հզ․ սաների համար կազմակերպվում են արվեստի, երաժշտության և սպորտի դասեր, իսկ Երևանում, Սևանում, Էջմիածնում և Հրազդանում՝ բարեգործական ճաշարաններ։ 1999-ին ՀԲԸՄ հովանավորել է Համահայկական առաջին խաղերի և Հայաստան_ սփյուռք խորհրդաժողովի անցկացումը Երևանում։ Հայաստանում իրագործվող ծրագրերին ՀԲԸՄ 1990_99 թթ․ տրամադրել է շուրջ 40 մլն դոլար։ 1994-ին առաջին անգամ Երևանում հրավիրվել է ՀԲԸՄ հերթական 78-րդ Ընդհանուր պատգամավորական ժողովը։


ՀԲԸՄ հրատարակում է «Հուշարար-Միություն», «AGBU News Magazine», «Ararat Quarterly» (բոլորը՝ Նյու Յորք), «UGAB Magazine» (Փարիզ), «AGBU Newsletter» (Տորոնտո), «Խոսնակ», «Briefly» (Բեյրութ), «Generacion 3» (Բուենոս Այրես), «Միություն» (Սիդնեյ) և այլ պարբերականներ։ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական խորհուրդը 1942-ից տեղակայված է Նյու Յորքում, նրա մասնաճյուղերն այժմ գործում են 22 երկրների