Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/212

Այս էջը սրբագրված չէ

տիտուտ 1930_1980, Ե․, 1981։ Մելքոնյան Մ․Ս․, «Պատվո նշան» շքանշանակիր Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, Ե․, 1989։


ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ, ազգային քաղաքականություն իրականացնող մարմին ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատին առընթեր։ Ստեղծվել է 1917-ին, ի թիվս այլ կոմիսարիատների ու բաժինների (լեհ․, լիտվ․, հրեական, էստ․, լատիշ․, ուկր․ ևն)։ Ժող․ կոմիսարն էր Վ․Ավանեսովը, տեղակալը՝ Վ․Տերյանը։

Խնդիրն էր Ռուսաստանի հայ բնակչության շրջանում, նաև Հայաստանում քարոզել խորհրդ․ իշխանության և նրա ազգ․ քաղաքականության իրականացման սկզբունքները։ Կոմիսարիատի անդամները գործուն մասնակցել են Դեկրետ «Թուրքահայաստանի մասին» օրենքի մշակմանը։ Կոմիսարիատը և նրա տեղական բաժանմունքները (Աստրախան, Սարատով, Դոնի Ռոստով, Խարկով, Կիև, Արմավիր ևն) որոշակի աշխատանք են կատարել Արմ․ Հայաստանից գաղթածներին օգնություն կազմակերպելու համար․ այդ նպատակով ստեղծվել է գաղթականների հարցերով զբաղվող հատուկ բաժին։ Կոմիսարիատի ջանքերով արևմտահայ գաղթականներն ստացել են հող, բնակարան, լուծվել են նրանց աշխատանքի տեղավորելու և նյութ․ օգնություն կազմակերպելու հարցերը։ Բացվել են հիվանդանոցներ, որբանոցներ։ 1918-ին, երբ թուրք․ զորքերը ներխուժեցին Անդրկովկաս, Հ․գ․կ․ և նրա տեղական բաժանմունքները կազմավորեցին հայկ․ զորամասեր՝ Հայաստան ուղարկելու համար։ Կոմիսարիատն ուներ տպագիր օրգան․ «Կարմիր օրեր», «Կարմիր դրոշակ» (Թիֆլիս), «Կարմիր բանվոր» (Աստրախան), «Կոմունիստ» (Մոսկվա)։


Հայաստանում խորհրդ․ իշխանություն հաստատվելուց հետո, ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատի 1921-ի մարտի 5-ի որոշմամբ Հ․գ․կ․ դադարել է գործել։

Գրկ․ Ալիխանյան Ս․Տ․, Հայկական գործերի կոմիսարիատի գործունեությունը (1917_1921), Ե․, 1958։


ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՂԻՆ ՄԵՂՈՒ, մեղուների բնաշխարհիկ հնագույն ցեղախումբ։ Մեղուներն ունեն զարգացած հոտառություն, արագ աճում և բազմանում են։ Խաղաղասեր են և մաքրասեր։ Կուտակում են մեծ քանակությամբ ակնամոմ, դիմացկուն են վնասատուների նկատմամբ։ Աշխատավոր մեղվի զանգվածը՝ 107, մայր մեղվինը 200_220 մգ է։ Կնճիթի երկար․ 6_6,9 մմ։ Մեկ փեթակի միջին բերքը 18_25 կգ է։ Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, նաև դաշտավայրային և տաք շրջաններում։ Մաքրացեղ պահպանվել են հատկապես Մեղրիում։ Հ․դ․մ-ների պահպանման և տոհմային աշխատանքով զբաղվում են Երևանի «Նեկտար» մեղվաբուծ․ ԳՀ պետ․ ձեռնարկության Մեղրու հենակետում։


ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԻԶԻԱՆԵՐ, հայկական ազգային զորամիավորումներ խորհըրդային բանակի կազմում։ Մասնակցել են 1941_45-ի ԽՍՀՄ հայրենական պատերազմին։

76-րդ հայկ․ լեռնահրաձգ․ դիվիզիան․ կազմավորվել է 1922-ի սեպտ․ 5-ին, Հայաստանում՝ Հայկ․ հավաքական բրիգադի հիման վրա։ Մարտ․ և քաղ․ ուսուցումը տարվել է հայ․։ Դիվիզիայի հրամանատարներ են եղել Ա․Մելիք-Շահնազարովը (1922_31), Հ․Աթոյանը (1931_37), Ս․Ասոյանը, Ն․Հովհաննիսյանը (1937_38), Դ․Մակաշովը (1938_40), գեն-մայոր Կ․Գորյունովը (1940_41), գնդ-ներ Գ․Վորոնինը (1941_42), Վ․Պենկովսկին (հետագայում՝ բանակի գեներալ), Մ․Ուսենկոն (1942), գեն-մայոր Ն․Թավարթքիլաձեն (1942_43), գնդ-ներ Ի․Սուխովը (1943), Ն․Կալաձեն (1943_ 1944), գեն-մայոր Ս․Չերնիկովը (1944), գնդ․ Ի․Պրյախինը (1944_45)։ Հրատարակել է «Կարմիր զինվոր» (1921_38) թերթը, «Կարմիր մարտիկ» (1923_25) հանդեսը՝ հայ․ և «Վորոշիլովեց» (1938_45) թերթը՝ ռուս․։ Մինչև 1932-ը զորամիավորումն անվանվել է Հայկ․ հրաձգային դիվիզիա, 1935-ին կոչվել է Կ․Ե․ Վորոշիլովի անունով, 1936-ին պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով, ստացել 76-րդ համարը։ Դիվիզիայի շարքերում իրենց նախնական պատրաստությունն են ստացել հայազգի 2 մարշալ, 40-ից ավելի գեներալներ, 200-ից ավելի գնդապետներ, միջին և կրտսեր հրամկազմի մի քանի հզ․ սպաներ։ 1938-ի մարտին դիվիզիան, խորհրդ․ բանակի մյուս ազգ․ զորամիավորումների նման, վերակազմավորվել և դարձել է համազորային միավորում՝ պահպանելով իր մարտ․ դրոշը, համարը, տեղադրման վայրը, նյութ․ միջոցները, համալրվել այլազգի ռազմիկներով։

ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ միավորումը վերստացել է իր նախկին ազգ․ տեսքը։ Նրա անձնակազմի կեսից ավելին կազմել են հայերը։ 1941-ի օգոստ․ Անդրկովկասյան ռազմաճակատի 47-րդ բանակի առաջապահ զորախմբի կազմում դիվիզիան անցել է խորհրդա-իրան․ սահմանը և շարժվել Ջուլֆա-Մարանդ-Թավրիզ ուղղությամբ։ Սեպտ․ դիվիզիան Իրանից փոխադրվել է Ուկրաինա և Հվ-արմ․ ռազմաճակատի 38-րդ բանակի կազմում մասնակցել մարտերի Պոլտավայի մարզում։ Դեկտ․ դիվիզիան վերակազմավորվել է հրաձգ․ միավորման, 1942-ի փետր․ մտել 21-րդ բանակի կազմի մեջ և մասնակցել ձմեռային-գարնանային ռազմ․ գործողություններին, մայիսի 11-ից՝ Խարկովի համար մղված մարտերին։ 1942-ի հուլիսից 1943-ի փետր․ դիվիզիան կռվել է Ստալինգրադի ճակատում, արժանացել գվարդիական կոչման (51-րդ գվարդիական, 23․11․1942), պարգևատրվել Լենինի շքանշանով (19․6․1943)։ 1943-ի ամռանը 6-րդ գվարդիական բանակի կազմում մասնակցել է Կուրսկի ճակատամարտին, 1944_45-ին 1-ին մերձբալթ․ ռազմաճակատի կազմում՝ Բելոռուսիայի, Լատվիայի և Լիտվայի խմբավորման շրջափակման և ջախջախման մարտերում աչքի ընկնելու համար դիվիզիան արժանացել է «Վիտեբսկյան» անվանման (10․7․1944)։ Հաղթանակի օրը դիվիզիայի մարտիկները կռվել են Բալթիկ ծովի ափին՝ Կուռլանդական թերակղզում շրջափակված հակառակորդի խմբավորման դեմ։ Դիվիզիան անցել է ավելի քան 7000 կմ մարտ․ ուղի։ Նրա անձնակազմից 26 մարդ արժանացել է Խորհրդ․ Միության հերոսի կոչման։

390-րդ հայկ․ հրաձգ․ դիվիզիան․ կազմավորվել է 1941-ի օգոստ․, Վրաստանում։ 1942-ի փետր․ Կերչում տեղի ունեցած մարտ․ գործողությունների ընթացքում համալրվել է հայ ռազմիկներով և վերակազմավորվել հայկ․ միավորման։ Հրամանատարներ են եղել գնդ․ Ս․Զաքյանը, Ի․Լյուդնիկովը (հետագայում գեն-գնդ․), Հ․Բաբայանը (հետագայում գեն-մայոր)։ Հրատարակել է «Հայկական սնայպեր» հայ․ թերթը։