Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/226

Այս էջը սրբագրված է

յաբնակ վայրերում։ 16-րդ հոդվածի առավելությունն այն էր, որ Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր, իսկ Արմ․ Հայաստանի զգալի մասի միացումը Ռուսաստանին հայերին ազգ․ համախմբության, տնտ․ և մշակութ․ զարգացման հնարավորություն էր տալիս։ Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգ․ լարված պայմաններում, Ռուսաստանին հակադրվեց անգլո-ավստր․ ուժեղ դաշինքը։ Մեծ Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան նախաձեռնեցին հրավիրել միջազգ․ նոր համաժողով, որի նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթանակի պտուղներից։ Բեռլինի կոնգրեսի (1878) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի (տես Մկրտիչ Ա Վանեցի) գլխավորությամբ Եվրոպա ուղարկվեց հայ ազգ․ պատվիրակությունը՝ եվրոպ․ պետությունների կառավարությունների աջակցությունը հայցելու կոնգրեսում հօգուտ հայերի որոշումներ ընդունելիս։

Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգ․ պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։ Բեռլինի կոնգրեսում, Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հետևանքով, արևմտա-եվրոպ․ դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին զրկել հայկ․ գործերը տնօրինելու մենաշնորհից։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի համապատասխանաբար 16-րդ և 61-րդ հոդվածներով սկզբնավորվեց Հ․հ-ի դիվանագիտ․ պատմությունը, ինչպես նաև հաս-քաղ․ կյանքում եվրոպ․ դիվանագիտ․ օգնությամբ թուրք․ լուծը թոթափելու, հայերի անկախությունն ու ինքնավարությունը ձեռք բերելու մտայնությունն ու գործելակերպը, որը շարունակվեց մինչև առաջին համաշխարհային պատերազմն ու նրանից հետո։

Հ․հ-ի ստեղծման և հայ ազատագր․ պայքարի վերելքի շրջանում (XIX դ․ վերջին քառորդ, տես Սասունի ապստամբություններ 1894, 1904) ավելի խստացան սուլթանական կառավարության ճնշումներն ու հալածանքները, սկսվեցին հայերի զանգվածային ջարդեր (տես Հայկական կոտորածներ 1894-96), որոնց զոհ գնաց ավելի քան 300 հզ․ հայ։ Եվրոպ․ տերությունները, որոնց համար Հ․հ․ սոսկ միջոց էր միջամտելու Օսմ․ կայսրության ներքին գործերին, փորձեցին ճնշում գործադրել նրա վրա՝ նոր զիջումներ և շահույթներ կորզելու համար։ Սակայն հայկ․ ջարդերը մեծ արձագանք գտան Եվրոպայում, եվրոպ․ մարդասեր հասարակայնությունը պահանջում էր բավարարել հայերի պահանջները բարենորոգումներ անցկացնել Արմ․ Հայաստանում։ 1895-ի մայիսի 11-ին Անգլիայի, ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Կ․Պոլսի դեսպանները մշակեցին և թուրք․ կառավարությանը ներկայացրին հայկ․ նահանգներում (Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Սվասի, Խարբերդի) բարենորոգումներ անցկացնելու ծրագիր։ Սուլթանական կառավարությունը երկար ձգձգումներից հետո ընդունեց մայիսյան բարենորոգումների ծրագիրը (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895), բայց այս անգամ ևս, օգտվելով մեծ տերությունների միջև եղած հակասություններից, չիրագործեց։ Դեռ ավելին, կատաղի հարձակում սկսեց հայերի դեմ՝ կազմակերպելով նոր զանգվածային ջարդեր Արմ․ Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում։

1908-ի երիտթուրք․ հեղաշրջումով Հ․հ․ թևակոխեց իր զարգացման նոր փուլը։ Հայ հաս-քաղ․ որոշ գործիչներ Հ․հ-ի լուծումը կապեցին թուրք պետականության բարենորոգման հետ։ Սակայն հայերի վիճակը չբարելավվեց, իսկ 1909-ի ապրիլին երիտթուրքերն իրագործեցին Ադանայի կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ․ հայ։

1912-14-ին, երբ բալկանյան ժողովուրդների ազգ-ազատագր․ պայքարի հետևանքով նոր հարված հասցվեց թուրք բռնատիրությանը, Հ․հ․ վերստին դարձավ մեծ տերությունների և Թուրքիայի միջև բանակցությունների առարկա (տես Հայկական բարենորոգումներ 1912-14)։ Արմ․ Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցի շուրջ սկսվեց բարդ պայքար, որը շարունակվեց մինչև առաջին համաշխ․ պատերազմի (1914-18) սկիզբը։

Պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմում՝ Թուրքիայի կառավարող շրջանները հույս ունեին իրականացնել Կովկասից Ռուսաստանին հեռացնելու, Մերձ․ Արլ-ի, Կովկասի, Ռուսաստանի, Միջին Ասիայի մահմեդականներին միավորելով «մեծ Թուրան» ստեղծելու վաղեմի գաղափարը։ Այդ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտ էր հանդիսանում ոչ միայն Ռուսաստանը, այլև հայ ժողովուրդը։ Երիտթուրք․ կառավարությունը գտնում էր, որ ամենից առաջ պետք է ոչնչացնել Արմ․ Հայաստանի հայ բնակչությանը, որի ռուս․ կողմնորոշումը հանրահայտ էր։

Երիտթուրքերը, Արմ․ Հայաստանի և Օսմ․ կայսրության մյուս մասերում ապրող հայերին ոչնչացնելու և այդ ձևով Հ․հ․ լուծելու նպատակով և օգտվելով պատերազմի ընձեռած հնարավորությունից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու անվան տակ կազմակերպեցին և իրականացրին ավելի քան 1,5 մլն հայերի տեղահանությունն ու կոտորածը (տես Մեծ եղեռն)։ Արմ․ Հայաստանը և Կիլիկիան զրկվեցին բնիկ՝ հայ բնակչությունից։

Կովկասյան ճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուս․ զորքերը հայկ․ կամավոր․ ջոկատների հետ մինչև 1916-ը գրավեցին Արմ․ Հայաստանի զգալի մասը։ Գրավված տարածքներում 1916-ի հունիսին Ռուսաստանը ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրաված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»։ Եթե պատերազմի նախօրեին և սկզբ․ շրջանում ցարիզմը ներկայանում էր իբրև Օսմ․ կայսրությունում ապրող քրիստոն