Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/232

Այս էջը սրբագրված է


է, որի վրա է Սուկավետ հրաբխ․ գագաթը։ Արլ․ մասը բարձրադիր հրաբխ․ լ-զանգվածների (Համադաղ, Սինակ, Պերլի) խումբ է, որոնք իրարից բաժանվում են Խաչի, Առուճի, Վարդամարգի թամքոցներով։ Հրաբխ․ գոգավորության մեջ է Գայլատու լիճը։ Հ․պ-ում տիրապետում է չոր տափաստանային, լեռնատափաստանային, բարձրադիր մասերում՝ լեռնամարգագետնային բուսածածկույթը։ Տեղ-տեղ հանդիպում են կաղնու ու գիհու նոսրուտներ։


«ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆԵՄԱ», երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1925_26-ին, Կահիրեում։ Արտոնատեր-հրատ․ Ա․Սարուխան, խմբագիրներ՝ Վ․Ձագարյան, Ե․Օտյան։ Լուսաբանել է սփյուռքի հայ հաս․ կյանքը, կարևոր տեղ հատկացրել ազգամիջյան և միջկուս․ հարաբերություններին։ Դատապարտել է օտարամոլությունը, հայ որբերի նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը։ Կոչ է արել օգնել Հայաստանին, ներկայացրել հանրապետության տնտ․ և մշակութ․ կյանքը։



ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀՍԸ), գիտահասարակական կամավոր կազմակերպություն ՀՀ-ում։ Ստեղծվել է 1990-ին՝ ԽՍՀՄ սոցիոլոգիական ասոցիացիայի հայկական բաժանմունքի (1984_90) հիման վրա։ Ղեկավար մարմինը ընդհանուր ժողովն է (հրավիրվում է տարին մեկ անգամ), որն ընտրում է նախագահ (Գ․Պողոսյան, 1990-ից) և նախագահություն (4 տարով)։ ՀՍԸ անդամ են նաև արտասահմանյան հայ գիտնականները։ ՀՍԸ 1992-ին անդամակցվել է Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիային որպես լիիրավ ազգային անդամ։ Մասնակցել է 13-րդ համաշխարհային սոցիոլոգիական կոնգրեսին՝ 1994-ին Գերմանիայում։ Նպատակն է Հայաստանում զարգացնել սոցիոլոգիան որպես գիտություն, աջակցել հայ մասնագետների պատրաստմանը արտասահմանում։ ՀՍԸ կոորդինացնում է սոցիոլոգիական ստորաբաժանումների և ծառայությունների գործունեությունը, կազմակերպում սեմինարներ, գիտ․ կոնֆերանսներ և այլն։ Ունի բաժանմունքներ Գյումրիում և Արցախում։ 1996-ին ՀՍԸ գրանցվել է ՄԱԿ-ի կողմից Ժնևում գումարված ԱՊՀ երկրներում փախստականների և միգրացիայի հարցերին նվիրված միջազգային համաժողովում որպես ոչ պետական կազմակերպություն։



ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ, Արևելյան Տավրոս, ծալքաբեկորավոր լեռնաշըղթաների համակարգ Հայկական լեռնաշխարհի հարավային մասում։ Աղեղնաձև տարածվում է համարյա հորիզոնական ուղղությամբ, Ջեյհան և Բոհտան (Ջերմ) գետերի միջև։ Երկար․ մոտ 480 կմ է, լայն․ 30_50 կմ, առավելագույն բարձր․ 3090 մ (Նուրհակ լ․)։ Նշանավոր են նաև Իշխանասար, Սիմսար, Մարութասար լ-գագաթները։ Կազմված է պալեոզոյի և մեզոզոյի ծալքավորված ապարաշերտերից՝ բարդացած կամարաձև բարձրացումներով, խզվածքներով ու ներարկված հզոր ներժայթքային զանգվածներով։ Բաժանվում է արմ․ բարձրադիր (Նուրհակի, Ընկուզեկի, Մալաթիայի լ-շղթաներ), միջին բարձրության (Արղնիի ու այլ լ-շղթաներ) և այլ (Սիմսար, Սասնա, Խութի լ-շղթաներ) լեռնագր․ մասերի։ Արլ-ում Ընձաքիարս, Ռշտունյաց, Շատախի լեռնաճյուղերը հասնում են մինչև Վանա լիճ։ Արլ․ մասում են Մադենի, Ձորապահակ լեռնանցքները։ Հս․ լանջի խորքային բեկվածքի ուղղությամբ ձգվում է Խարբերդի, Բալուի, Ճապաղջրի, Մուշի, Վանա լճի իջվածքների գոտին։ Կան պղնձի, բազմամետաղային, քրոմիտի, ծծմբի, շինանյութերի (գրանիտ, կրաքար, մարմար ևն) պաշարներ, ստորգետնյա քարանձավներ։ Զարգացած են կարստային երևույթները։ Ըստ բարձրության իրար են հաջորդում կիսաանապատային, չոր լեռնատափաստանային (հս․ լանջերին՝ գիհու, հվ․ լանջերին՝ նոճու, մրտենու, դափնու, պիստակենու պուրակներով) և ենթալպյան մարգագետնային լանդշաֆտները, գագաթային մասերում կան քարացրոններ։ Հ․Տ․ կտրտված է Արածանի (Եփրատ), Տիգրիս գետերի ու դրանց բազմաթիվ վտակների խոր հովիտներով։ Կենտր․ մասում է Ծովք լիճը։


ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, հայերեն բնագրերի (ինքնուրույն և թարգմանական) տպագրության վերարտադրությունն ու բազմացումը։ Հ․տ․ են նաև այլալեզու հրատ-ների մեջ հայ․ տպված հատվածները։ Հ․տ․ ունեցել է զարգացման 4 շրջան՝ հնատիպ գրքի (1512_ 1800), նոր (1801_1920), խորհրդ․ և սփյուռքահայ (1920_90) և արդի (1990-ից)։ 1486-ին Բ․ Բրայնդենբախը Մայնցում (Գերմանիա) մի գիրք է հրատարակել, որի մեջ առաջին անգամ տպվել է հայ․ փայտափորագիր այբուբեն։ Հ․տ-յան առաջին տպագրիչը Հակոբ Մեղապարտն է։ Նրա լույս ընծայած գրքերից պահպանվել են 5-ը, անդրանիկը «Ուրբաթագիրքն» է (1512, Վենետիկ)՝ հայ․ առաջին տպագիր գիրքը։ Հոգևոր և աշխարհիկ բնույթի են Հակոբ Մեղապարտի դարձյալ Վենետիկում տպագրած մյուս գրքերը՝ «Պատարագատետրը», «Աղթարքը», «Պարզատումարը» և «Տաղարանը»։ Հակոբ Մեղապարտի գրահրատարակչ․ ավանդները շարունակել են Աբգար Թոխաթեցին, Սուլթանշահը, Հովհաննես Տերզնցին։ Առաջինը 1565-ին Վենետիկում տպագրել է օրացույց և Սաղմոսարան, ապա տպարանը տեղափոխել է Կ․Պոլիս ու սկզբնավորել այստեղի Հ․տ․։ Սուլթանշահը 1579-ին, Հռոմում պատրաստել է տվել տպատառեր, որոնք դարձել են հայ․ ամենից ավելի տարածված տպագիր տառատեսակի՝ բոլորգրի նախօրինակը։ Հովհաննես Տերզնցին Հռոմում, 1584-ին, Սուլթանշահի տառերով «Տօմար Գրիգորեան» օրացույցը տպագրելուց հետո, անցել է Վենետիկ, ձուլել տվել նոր տպատառեր և հրատարակել մի Սաղմոսարան (1587)։

XVI դ․ հայ տպագրիչների լույս ընծայած գրքերից պահպանվել են 19-ը։ Հ․տ-յան