Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/237

Այս էջը սրբագրված է

ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմում ուղղանկյուն, խորանավոր ավանդատներ են։ Միակ մուտքը հվ-ից է։ Գմբեթն ունի գլանաձև թմբուկ և ներսից զարդարված է որմնանկարներով։ Ճակատները (բացառությամբ արմ-ի) մշակված են եռանկյունաձև հատվածքի զույգ հայկ․ խորշերով։


ՀԱՅԿԱՆՈՒՇՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, իգական կրթական հաստատություն։ Հիմնվել է Այնթապում (Կիլիկիա), 1878-ին։ Սկզբում եղել է ծաղկոց, ապա՝ 6-ամյա նախակրթարան (մոտ 500 աշակերտուհի)։ Ուսուցումը տարվել է Կ․Պոլսի ուս․ խորհրդ․ ծրագրով։ Դասավանդվել են հայ․, հայոց պատմություն, անգլ․, թվաբանություն, աշխարհագրություն, բնագիտություն, կրոն, թուրք․, գծագրություն, գեղագրություն ևն։ Հ․վ․ պահվել է ազգ․ պանդոկի (Միլլեթ խան) եկամուտներով և աշակերտուհիների կրթավարձով։ Ուսուցիչներ է պատրաստել Կիլիկիայի գավառների համար։ Շրջանավարտները հիմնել են «Հռիփսիմյանց պարզասիրաց ընկերությունը» (1882), կազմակերպել կանանց հատուկ կիրակնօրյա լսարան։ 1885-ից վարժարանը գտնվել է «Վարդանյան ուսումնասիրաց թանգարան» ընկերության վերահսկողության ներքո։ 1904-ից մասնաճյուղեր է ունեցել Այնթապի տարբեր թաղամասերում։ Փակվել է 1915-ին, վերաբացվել 1919-ին և գործել մինչև 1922-ը։


«ՀԱՅԿԱՇԵՆ», գրական, քաղաքական, պատկերազարդ ամսաթերթ։ Վերակազմյալ հնչակյան կուս-յան Կովկասի կենտր․ վարչության հրատ․։ Լույս է տեսել 1917-18-ին, Թիֆլիսում։ Անդրադարձել է հայկ․ կուս-ների և հաս․ կազմակերպությունների գործունեությանը, ձգտել փոխըմբռնման եզրեր գտնել նրանց միջև։ Ներկայացրել է ժամանակի քաղ․ իրադարձությունները, հրապարակել հայկ․ ջարդերին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, վավերագրեր։ Գրակ․ բաժնում տպագրել է հոդվածներ և ուսումնասիրություններ, արձակ ու չափածո գործեր։ Թղթակցել են Գ․ Լևոնյանը, Վ․ Թոթովենցը, Կարա Դերվիշը, Լ․ Թյությունճյանը, Ս․ Մազմանյանը և ուր․։


ՀԱՅԿԱՎՌՈՍՏԱ [Կավռոստայի (Кавказское отделение Роста)՝ Ռոստայի (Ռուսաստանի հեռագրական գործակալություն) կովկասյան բաժանմունքի հայկ․ մասնաճյուղ], Հայ Կավռոստայի գեղարվեստական բաժին, քաղաքական, քարոզչական արվեստի առաջին կազմակերպություններից մեկը Հայաստանում։ Հիմնադրվել է 1921-ին, Երևանում, որպես Հայաստանի հեռագր․ գործակալության (ՀՀԳ) բաժին (ղեկ․ Կ․Հալաբյան)։ Կարճ ժամանակամիջոցում օրվա քաղ․, տնտ․ ու կենցաղ․ թեմաներով ստեղծվել են պլակատներ, կոչեր, ծաղրանկարներ և թռուցիկներ։ Դրանք եղել են պարզ, բոլորին մատչելի միջոցներով կատարված, կարճ ու դիպուկ խոսքերով ուղեկցվող գրաֆիկ․ ստեղծագործություններ։ Այդ բնագավառում աշխատել են Հ․Կոջոյանը, Ս․Առաքելյանը, Հ․Գրիգորյանը, Պ․Սողոմոնյանը, Վ․Մելիք-Հակոբյանը, հետագայում՝ Վ․Ախիկյանը, Գ․Բրուտյանը և ուր․։ Հ-ի գեղ․ բաժնի գործունեությունը տևել է մի քանի տարի։ Զանգված․ քարոզչական արվ-ի ավանդները լայն կիրառում են գտել հետագայում ԽՍՀՄ հայրենական պատերազմի տարիներին, երբ նկարիչների ու գրողների համագործակցությամբ ստեղծվել ու տարածվել են «ՀՀԳ-ի պատուհանները»։

Գրկ․ Սարգսյան Մ․, Սովետական Հայաստանի գրաֆիկան, Ե․, 1961, էջ 20-21։


ՀԱՅԿՈՈՊ, Հայաստանի սպառողական ընկերությունների միություն, սպառողական ընկերությունների կամավոր միավորում։ Կազմավորվում է այդ ընկերությունների դրամ․ կամ այլ նյութ․ ներդրումների հիման վրա։ Կազմակերպում է գյուղ․ բնակչությանը սպառող․ ընկերություններում ընդգրկելու, նրանց կարիքները ապրանքներով և ծառայություններով բավարարելու աշխատանքները, ապահովում սպառող․ ընկերություններում կոոպ․ ժողովրդավար․ սկզբունքների պահպանումը, ներկայացնում և պաշտպանում ընկերությունների շահերը ևն։ Հ-ի կառավարման բարձրագույն մարմինը սպառող․ ընկերությունների ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է, որն ընտրում է գործադիր մարմին՝ Հ-ի վարչություն և վերահսկիչ մարմին՝ վերստուգիչ հանձնաժողով։

Արլ․ Հայաստանում սպառող․ կոոպ․ ընկերությունները ձևավորվել են XIX դ․ վերջին - XX դ․ սկզբին։ Սպառող․ առաջին ընկերությունը («Էկոնոմիա») հիմնվել է 1898-ին՝ Երևանի թեմական դպրոցի մի խումբ ուսուցիչների, արհեստավորների, առևտր․ տների գործակատարների, մանր վաճառականների ջանքերով։ Հետագայում կազմակերպվել են նաև Մեղրիում (1901), Վաղարշապատում (1903), Ալեքսանդրապոլի գավառի Թոմարտաշ (Վարդաքար, 1905), Երևանի գավառի Ղամարլու (Արտաշատ, 1907), Ղազախի գավառի Ջարխեջ (Կույբիշև, 1908) և Շարուր-Դարալագյազի գավառի Խանլուխլար (1909) գ-երում։ Առաջին համաշխ․ պատերազմի տարիներին ընկերություններ են հիմնվել Երևանում, Էջմիածնի, Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի, Նոր Բայազետի, Ալեքսանդրապոլի և Սուրմալուի գավառներում։ 1917-ի վերջին դրանց թիվը հասել է 270-ի։ 1919-ի հոկտ․ Երևանի «Էկոնոմիա» ընկերության ղեկավար գործիչներ՝ գյուղագիր Ա․Շահնազարյանի և բժիշկ Ա․Տեր-Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Երևանի նահանգի սպառող․ ընկերությունների միությունը», որը նպաստել է կոոպ․ շարժմանն ու նոր կոոպերատիվների ստեղծմանը։ Սակայն 1918-19-ի քաղ․ և ռազմ․ անցուդարձերի հետևանքով փակվել է 225 սպառող․ ընկերություն։ 1919-ի հունիսի 23-ին, «Երևանի նահանգի սպառող․ ընկերությունների միության» լիազորների II համագումարում միությունը վերանվանվել է Հ․։

1920-ական թթ․ սկզբից ստացել է ապրանքների ներմուծման ու փոխադրման մենաշնորհ իրավունք և Մոսկվա