Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/238

Այս էջը սրբագրված է

յում, Խարկովում, Բաքվում, Բաթումում, Էնզելիում, Թավրիզում հիմնած գրասենյակների միջոցով ներմուծել սպառման ապրանքներ ու գյուղատնտ․ մեքենաներ։ 1923-ին Հայաստանի կոոպերատորների I համագումարը որոշել է զարգացնել մանրածախ առևտուրը, կոոպերատիվները կազմակերպել ինտեգրալ սկզբունքով՝ սպառողականի հետ իրականացնել նաև արտադրագյուղատնտ․ կոոպերացիայի ֆունկցիաներ։ Հ․ կազմակերպել է նաև գյուղի կինոֆիկացումն ու ռադիոֆիկացումը, կինոմեխանիկների և ռադիոտեխնիկների առաջին դասընթացը, 1926-ին հիմնադրել Երևանի կոոպ․ տեխնիկումը։ 1919-1920-ին և 1923-26-ին հրատարակել է «Հայաստանի կոոպերացիա», 1927-28-ին՝ «Կոոպերացիա» ամսագրերը։ Հ․ միավորում է տարածք․ առևտր․ 4 մեծածախ ձեռնարկություններ, տարածք․ և քաղաքային 42 սպառող․ կոոպերատիվ, հանրային սննդի 28 միավորում, տարածք․ մթերման 6 գրասենյակ, հացաթխման, սննդի արտադրության, տրանսպորտ․, շին․ և այլ ձեռնարկություններ (շուրջ 150)։ Հ-ի մանրածախ ապրանքաշրջանառությունն իրականացնում են շուրջ 1700 մանրածախ առևտրի, հանրային սննդի 250 ձեռնարկություն․ սպասարկում է բնակչության ավելի քան 40 %-ին (1999)։

Գրկ․ Կարագյան Կ․Պ․, Սպառողական կոոպերացիայի ծագումը և զարգացումը Հայաստանում, Ե․, 1957։


ՀԱՅԿՈՒՆԻ Արմենակ (Ճիզմեճյան Համբարձում Հարությունի) (15․9․1835, Կ․Պոլիս - 24․10․1866, Կ․Պոլիս), գրող, հասարակական-մշակութային գործիչ։ Ավարտել է Կ․Պոլսի Սայրըս Համլինի բողոքական-աստվածաբան․ քոլեջը (1853)։ 1857-58-ին հրատարակել է «Մուսայք Մասյաց» թատեր-գրակ․ շաբաթաթերթը, որտեղ տպագրվել են նրա թատերագիտ․ հոդվածներն ու «Արա Գեղեցիկ», «Օղիմպիադա», «Երնջակ» պատմ․ ողբերգությունները՝ իբրև հաստատում նոր՝ ռոմանտիկ դրամատուրգիայի առկայության։ Հիմնել է «Հայկազյան ընկերությունը» (1858), խմբագրել «Ծաղիկ» (1861-62), «Մեղու» (1864-ին) պարբ-ները։ Հ-ի «Էլիզիա» (1861) ռոմանտիկ․ վեպը նվիրված է Ղրիմի պատերազմին։ 1863-ին Հ․ հանդես է եկել 4 գրքույկով («Գարնան ծաղիկներ․․․», «Գաղտնիք բնության․․․», «Գերեզմանք երիտասարդաց․․․», «Աշնան տերևներ․․․»), որոնցում քննել է առողջապահ․ հարցեր։ Գրել է շուրջ 30 բանաստեղծություն, թարգմանել անգլ․ հեղինակների պիեսներ։ 1861-ին Զմյուռնիայում ծանոթացել է Մ․ Նալբանդյանի հետ, պրոպագանդել նրա «Երկրագործության» հիմնադրույթները։

Գրկ․ Գրական դեմքեր, Ե․, 1976։ Ստեփանյան Գ․Խ․, Արմենակ Հայկունի, Ե․, 1955։


ՀԱՅԿՈՒՆԻ Գուրգեն Սարգսի (31․8․1889, Ալաշկերտ, Արմ․ Հայաստան - 12․4․1966, Երևան), քաղաքական գործիչ, հրապարակախոս, գրող։ Ս․ Հայկունու որդին։ ՌՍԴԲԿ անդամ 1905-ից։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1898-1906), Մոսկվայի առևտր․ ինստ-ում (1912-14)։ 1918-ի հունվ․, Հ-ու նախաձեռնությամբ և ՌԿ(բ)Կ ԿԿ համաձայնությամբ հիմնվել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի հիմնական խնդիրն էր քաղ․ աշխատանք տանել արևմտահայ փախստականների շրջանում՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարության կողմից 1917-ի դեկտ-ին ընդունված «Թուրքահայաստանի մասին» դեկրետը կենսագործելու ուղղությամբ։ Բայց քանի որ դեկրետը չիրագործվեց, Հ-ի ստեղծած կոմկուսը չկարողացավ իր գործունեության ոլորտը փոխադրել Արմ․ Հայաստան և դադարեց գործելուց։ Հ․ եղել է այդ կազմակերպության «Կարմիր օրեր», ավելի ուշ՝ «Կարմիր դրոշակ» թերթերի խմբագիրներից։ Մասնակցել է Կոմունիստական ինտերնացիոնալի հիմնադիր կոնգրեսին (1919)։ Մոսկվայում մասնակցել է Հայկական գործերի կոմիսարիատի աշխատանքներին։ 1920-34-ին՝ աշխատել է Մոսկվայի տարբեր հրատարակչություններում։ 1937-ին անհիմն բռնադատվել է, աքսորվել, հետագայում արդարացվել։ Հեղինակ է հրապարակախոս-հուշագր․ երկերի, կատարել է թարգմանություններ։


ՀԱՅԿՈՒՆԻ (Ղազարյան) Սարգիս [1832, գ․ Զեֆանոս (Տրապիզոնի վիլայեթում) - 1908, Վաղարշապատ], բանահավաք, ազգագրագետ։ 1893-ից ապրել է Վաղարշապատում։ Հ․ ուսումնասիրել է Հայաստանի հայ և այլազգի բնակչության կենցաղն ու սովորույթները։ Գրառումները 1895-96-ին լույս են տեսել «Արարատ» հանդեսում և առանձին գրքերով («Բագրեվանդ, Ջրաբաշխ գավառ», 1894, «Հուսեփցի ազգատոհմ և տարօրինակ ավազակ Աբրիեոմ Տրապիզոնի հայ գյուղերու մեջ 1795-1840 թթ․», 1905)։ Հ․ հայտնաբերել և գրառել է «Սասնա ծռերի» Արարատյան, Մոկաց, Շատախի, Խլաթի պատումները, ինչպես նաև «Մոքոս» (1896) վիպերգը։ Համակարգել և «Էմինյան ազգագրական ժողովածուի» Բ, Դ, Ե, Զ հատորներում (1901-06) հրապարակել է իր գրառած (շուրջ 50 բարբառով) բանահյուս․ գործերը։ Գրառել է նաև առակներ, որոնց մի մասը տպագրել է առանձին գրքով («Կենդանական վեպ», հ․ 1, 1907)։ Զբաղվել է ժող․ իրավագիտության հարցերով [«Ժամանակակից հայերի սովորության իրավունքը» (անտիպ) արժանացել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի մրց-ին]։ Հ-ու «Ազգագրական բառարանը» և այլ ուսումնասիրություններ անտիպ են։

Գրկ․ Սվազլյան Վ․, Սարգիս Հայկունի (կյանքն ու գործունեությունը), Ե․, 1973։


ՀԱՅ-ՀՈՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ 450, փոխօգնության դաշինք հայերի և հոների