Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/244

Այս էջը սրբագրված է

ոչ միօրինակության հետևանքով առաջ են եկել բազմաթիվ շփոթություններ, որի պատճառով տոմարագետների մեծ մասը շարունակել է առաջնորդվել հայկ․ նախկին շարժական տոմարով։

Միջնադարյան ձեռագրերում տոմար․ հաշվումները դյուրացնող աղյուսակներից և բոլորակներից բացի պահպանվել է նաև, այսպես կոչված, «մատնատոմար», որի օգնությամբ կարելի է առանց տոմարագիտության տես․ հարցերի մեջ խորանալու՝ անսխալ հաշվումներ կատարել մատների վրա։

Հ․տ․ գոյատևել է մինչև XX դ․։ Հայաստանում 1920-ին ընդունվել է գրիգորյան տոմարը։ Հայոց եկեղեցին պաշտոնապես այն ընդունել է 1923-ին, սակայն եկեղեց․ և սփյուռքահայ որոշ հրատարակություններում գրիգորյան տոմարով գրվող թվականին զուգահեռ տրվում է նաև Հայոց մեծ թվականը։

Գրկ․ Ալիշան Ղ․, Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ․, 1895։ Անանիա Շիրակացի, Տիեզերագիտություն և տոմար, աշխատությամբ Ա․Աբրահամյանի, Ե․, 1940։ Թումանյան Բ․Ե․, Հայ աստղագիտության պատմություն, հ․ 1-2, Ե․, 1964-68։ Նույնի, Տոմարի պատմություն, Ե․, 1972։ Հակոբ Ղրիմեցի, Տոմարագիտական աշխատություններ, աշխատասիրությամբ Ջ․ Ա․ Էյնաթյանի, Ե․, 1987։ Եսայի Ղրիմեցի, Տումար արեգական եւ լուսնի, աշխատասիրությամբ Ջ․Ա․ Էյնաթյանի, Ե․, 1990։ Dulaurier E․, Recherches sur la chronologie Armenienne, R․, 1859․


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ԹԱՆԳԱՐԱՆ Երեվանում, ՀՀ ԳԱԱ գիտամշակութային հաստատություն․ կազմակերպվել է 1995-ի մարտին։ Խնդիրն է՝ հավաքել, մշակել, հրատարակել, պահպանել և ցուցադրել Թուրքիայի կառավարող շրջանների կողմից նախապատրաստված և 1915-23-ին իրականացված հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, գրակ․ ևն։

Թանգարանը բացվել է 1995-ի ապրիլին։ Այն կառուցվել է Մեծ եղեռնի հուշարձանի հարթակի հվ-արմ․ անկյունում՝ ստորգետնյա լուծմամբ (ճարտ-ներ՝ Ս․Քալաշյան, Լ․Մկրտչյան), որով ամբողջացել է Մեծ եղեռնի հուշահամալիրը։ Կառույցի տանիքի մակերևույթը հավասարեցված է Մեծ եղեռնի հուշարձանի հարթակին։ Օղակաձև շենքը երկհարկանի է։ Ճարտ․ հորինվածքի կենտրոնը ներքին բակն է, որի շուրջը խմբավորված են թանգարանի հիմն․ տարրերը՝ նախասրահն ու ցուցասրահները։ Ցուցասրահները, որ տեղավորված են երկրորդ հարկում, երեքն են՝ ներածական սրահ, ցեղասպանության սրահ, խորանասրահ։ Ներքին բակի կենտրոնում տապանի տեսքով քարե մեծադիր (8 մ x 3 մ ) խաչքարն է (քանդ․ Ֆ․Առաքելյան)։

Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են փաստաթղթեր, վավերագր․ արժեք ունեցող լուսանկարներ, բազմատեսակ նյութեր, որոնք արտացոլում են միջազգ․ հասարակայնության վերաբերմունքը հայոց ցեղասպանության նկատմամբ։

Հիմնադիր տնօրեն՝ Լ․Բարսեղյան։


ՀԱՅՈՑ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ (ՀՓԱ), հասարակական, ինքնավար, գիտական կազմակերպություն ՀՀ-ում։ Ստեղծվել է 1993-ին՝ Սևանի իմաստասիրության կաճառի (հիմն․ 1987) հիմքի վրա։ Նպատակն է ի մի բերել հայ փիլիսոփայական մտքի հավաքական ներուժը, նպաստել փիլիսոփայական մտքի հետագա զարգացմանը, գիտության առաջընթացին։ ՀՓԱ կազմակերպում է գիտաժողովներ, հրատարակումներ և այլն։ ՀՓԱ անդամներ կարող են ընտըրվել ՀՀ և օտարերկրյա գիտնականներ, որոնք հարստացնում են փիլիսոփայական գիտությունը մեծարժեք աշխատություններով, ընդունում են ՀՓԱ կանոնադրությունը և նպաստում ՀՓԱ գործունեությանը։ ՀՓԱ ունի 43 անդամ (այդ թվում՝ 21 պատվավոր), ՀՀ-ից՝ 20, այլ երկրներից (ԱՄՆ, Անգլիա, Բուլղարիա, Գերմանիա, Լեհաստան, Կանադա, Հունաստան, Ճապոնիա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆինլանդիա) 23 պատվավոր և արտասահմանյան անդամ (1999)։ ՀՓԱ շնորհում է նաև պատվավոր դոկտորի աստիճան (honoris causa)։ Բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որն ընտրում է նախագահություն, պրեզիդենտ (Գ․Ա․Բրուտյան, 1987-ից), փոխպրեզիդենտ (Է․Աթայան, 1994-ից)։ Գիտաժողովներ է գումարել Հայաստանում և արտասահմանյան երկրներում (Անգլիա, Բելգիա, Ռուսաստան, Ֆինլանդիա ևն), հրատարակել է գրքեր, այդ թվում՝ «Երիտասարդ գիտնականի ամբիոն» մատենաշարը։


ՀԱՅՈՑ ՓՈՔՐ ԹՎԱԿԱՆ, Սարկավագադիր թվական, Հայոց մեծ թվականի սկզբից 532 տարի անց (1084) սկսվող թվական։ Հիմնադրել է Հովհաննես Սարկավագը։ Հ․փ․թ-ի առաջին տարվա հիմն․ եկեղեց․ տոները՝ Ծնունդն ու Զատիկը, համընկել են, համապատասխանաբար, 1085-ի հունվ․ 6-ի և ապրիլի 20-ի հետ։ Այս թվականի հետ կապված՝ տոմարում տարին սկսվում է օգոստ․ 11-ից և հաշվվում 365,25 օր (4 տարին մեկ՝ 366 օր)։ Սարկավագադիր թվականի անշարժ լինելու շնորհիվ Քրիստոսի ծննդյան թվականի (մ․թ․) և Հ․փ․թ-ի զուգակցությունը պարզ տեսք է ստանում․ եթե Հ․փ․թ-ով տվյալ իրադարձությունը տեղի է ունեցել Նավասարդի 1-ից առաջ (հունվ․ 1-ից մինչև օգոստ․ 11-ը), երկու թվականների տարբերությունը 1084 տարի է, մնացած դեպքերում՝ 1083 տարի։ Հ․փ․թ․ պաշտոնապես չի ընդունվել․ այն գործածվել է սահմանափակ՝ Հայոց մեծ թվականին զուգահեռ։ Տես նաև Հայոց տոմար։

Գրկ․ Տես Հայոց մեծ թվական հոդվածի գրակ-ը։


ՀԱՅՊԵՏՀՈՂՇԻՆՆԱԽԱԳԻԾ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախագծային ինստիտուտ։ Կազմակերպվել է 1967-ին, Նաիրիի շրջանում։