Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/245

Այս էջը սրբագրված է

1976-ից գտնվում է Երևանում։ 1999-ից՝ «Հողաշինարար» ՓԲԸ։ Զբաղվում է հանրապետության հողաշինարարության, հակաէրոզիոն միջոցառումների մշակման, խախտված հողերի վերականգնման, հողերի մելիորացիայի հարցերով, հողագիտ․, երկրաբուսաբ․, ջրաերկրբ․ հետազոտություններով։ Հ-ի նախագծերով հիմնվել են Երևանի Շահումյանի շրջ․ կոլ․ և խորհտնտեսությունների խաղողի և պտղատու այգիները, Աշտարակի շրջ․ Կարպի-Օհանավան (1000 հա), Կոտայքի շրջ․ Մայակովսկու անվ․ (250 հա) խորհտնտեսությունների, Նաիրիի շրջ․ Նոր Գեղիի խորհտնտեսության տեխնիկումի (450 հա) պտղատու այգիները, Մարտունու շրջ․ Արգիչիի բնական կերահանդակները, Քասաղ գետի հնահովտից բերվող ջրով (1,4 մ 3/վ) համալրվել են Երևանի խմելու ջրի պաշարները։ 1986-ին տպագրվել է ինստ-ում մշակված ՀՀ հողային կադաստրի ատլասը։


ՀԱՅ-ՊՈՆՏԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ Մ․Թ․Ա․ 94, կնքվել է Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծի և Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի միջև։

Հնարավոր է նաև, որ Հ-պ․դ․ կնքվել է մ․թ․ա․ 92 կամ 91-ին, այն բանից հետո, երբ մ․թ․ա․ 92-ին Հռոմի և Պարթևաստանի ներկայացուցիչները հանդիպել են Եփրատի ափին և, ըստ ուսումնասիրողների, համաձայնության եկել, որ Եփրատը դառնա երկու տերությունների սահման։

Հ-պ․դ․, որի պայմաններից միայն մեկն է հաղորդում հռոմ․ պատմագիր Հուստինոսը (համատեղ ուժերով նվաճած երկրների տարածքն անցնելու էր Միհրդատ VI-ին, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Տիգրան Բ-ին), ըստ երևույթին պարունակել է փոխապահովության, միմյանց վրա չհարձակվելու պայման, գործողությունների ազատություն է տվել Տիգրան Բ-ին՝ հվ-ում, հս-ում և արլ-ում, Միհրդատ VI-ին՝ արմ-ում և հս-ում։ Դաշինքն ամրապնդվել է քաղ․ (դինաստիական) ամուսնությամբ․ ըստ հունա-հռոմ․ հեղինակների՝ Տիգրան Բ ամուսնացել է Միհրդատ VI-ի դուստր Կլեոպատրայի հետ (Մովսես Խորենացին Միհրդատ VI-ին համարում է Տիգրանի քրոջ ամուսինը)։ Հ-պ․դ-ի կնքումից հետո Միհրդատ VI պատերազմել է Հռոմի դեմ՝ նրան Փոքր Ասիայից, Հունաստանից և Մակեդոնիայից վտարելու նպատակով (տես Միհրդատյան պատերազմներ մ․թ․ա․ 89-63), իսկ Տիգրան Բ վերամիավորել է հայկ․ բոլոր հողերը (բացի Փոքր Հայքից), պարտության մատնել պարթևներին, գրավել Ատրպատականը, Ասորիքը, Պաղեստինը ևն, ստեղծել հսկայածավալ տերություն։ Մ․թ․ա․ 66-ին, Միհրդատ VI-ին կասկածելով իր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, Տիգրան Բ խզել է Հ-պ․դ․։

Գրկ․ Աստուրյան Հ․, Քաղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի եւ Հռովմայ, Վնտ․, 1912։ Մանանդյան Հ․, Տիգրան Բ և Հռոմը, Երկ․, հ․ 1, Ե․, 1977։ Մանասերյան Ռ․, Տիգրան Մեծ։ Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևաստանի դեմ մ․թ․ա․ 94-64 թթ․, Ե․, 1987։ Севастьянова О.И., Новый труд по древней истории Армении, ВДИ, 1946, № 2․


ՀԱՅՋՐՆԱԽԱԳԻԾ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախագծային ինստիտուտ։ Կազմակերպվել է 1940-ին, Երևանում, 1920-ից հանրապետության ջրային տնտեսության համակարգում գործող նախագծ․ խմբերի միավորման հիման վրա։ 1940-51-ին կոչվել է «Հայջրնախագիծ», 1951-67-ին՝ Հայէլեկտրանախագիծ, 1967-95-ին՝ Հայպետջրնախագիծ ինստիտուտ, 1998-ից՝ Հ․ ՓԲԸ։ Զբաղվում է ջրատնտ․ կառույցների, մելիորատիվ օբյեկտների նախագծման, ջրային պաշարների պահպանման և ռացիոնալ օգտագործման, Սևանա լճի ջրային պաշարների պահպանման և մակարդակի բարձրացման հարցերով։ Ունի ոռոգման ցանցի, ջրամբարների, ջրհան կայանների, չորացման և աղազերծման, ջրարբիացման, ճարտ-շին․, էլեկտրատեխ․, նախահաշվային, հողագիտության, տեղագրական, երկրբ․, նախագծման, ավտոմատացման և այլ բաժիններ։ Ինստ-ի նախագծերով են կառուցվել Ներքին Հրազդանի, Կոտայքի, Թալինի, Արզնի-Շամիրամի, Որոտանի և ոռոգման այլ համակարգեր, Նոյեմբերյանի, Գետափ-Աղավնաձորի, Արևշատի, Մխչյանի, Ռանչպարի ջրհան կայանները, Ապարանի, Մանթաշի, Ջողազի, Հախումի, Ախուրյանի, Ազատի ջրամբարները։


ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՇՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ, Հայաստանի ապագա քաղաքական կառուցվածքին, հայկական պետության և Ռուսաստանի կայսրության հարաբերություններին վերաբերող փաստաթղթեր (XVIII դ․ վերջ)։ Դրանցից մեկի հեղինակը Ռուսաստանի հայկ․ թեմի առաջնորդ Հ․Արղությանն էր, մյուսինը՝ Հնդկաստանի հայ հաս․ գործիչ Շ․Շահամիրյանը։

Հ․ Արղությանի նախագիծը («Կերպ դաշնադրության ի մեջ երկու ազգաց՝ Ռուսաց և Հայոց», կազմվել է 1783-ին) առաջարկում էր վերականգնել հայոց թագավորությունը՝ թագավորի (կարող էր լինել հայ կամ ռուս) ընտրության իրավունքը վերապահելով ռուսաց կայսրին։ Հայոց թագավորը պետք է դավաներ հայկ․ կրոնը և օծվեր Էջմիածնում։ Հայաստանն ունենալու էր իր պետ․ կնիքը, դրոշը, պատվո նշանները, հատելու էր սեփական դրամ։ Ռուս․ կայսրությունն ու հայկ․ թագավորությունը կապված էին լինելու հավիտենական բարեկամությամբ։